Ծանր ֆինանսական դրությունում գտնվող «Բարսելոնան» մտադիր է 15 տարով 525 միլիոն եվրոյի վարկ վերցնել ամերիկյան Goldman Sachs բանկից. հաղորդում է կատալոնական ակումբի կայքը։ «Բարսելոնայի» փոխնախագահ Էդուարդ Ռոմեուն հայտնել է, որ ակումբի ընդհանուր պարտքն ու վարկային պարտավորությունները կհասնեն 1,044 միլիոն եվրոյի՝ նշելով, որ նման ծանր վարկային բեռի պատճառը միայն կորոնավիրուսի համավարակը չէ, քանի որ ֆինանսական վիճակը նմանատիպ է եղել համավարակից առաջ էլ։ Այս տարվա մայիսին «Բարսելոնան» Goldman Sachs-ից արդեն վերցրել էր 500 միլիոն եվրոյի վարկ՝ վերաֆինանսավորելով նախկին պարտավորությունները։
ԿԽԶԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ
«Միլանն» ու «Յուվենտուսը» ցանկանում են ձեռք բերել «Ռոմայի» 35-ամյա հարձակվող Էդին Ջեկոյին: Բոսնիացի ֆուտբոլիստի պայմանագիրը հռոմեական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2022թ. հունիսի 30-ը, սակայն պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն պատրաստ է բաց թողնել նրան։ «Ռոման» կխզի պայմանագիրը եւ ազատ գործակալի կարգավիճակ կտա Ջեկոյին, որը ստանում է 7,5 միլիոն եվրո։ Transfermarkt-ը նրա տրանսֆերը գնահատում է 4 միլիոն եվրո։ Իտալիայի անցած առաջնությունում Ջեկոն մասնակցել է 38 հանդիպման, խփել 13 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։ Ջեկոն «Ռոմայում» է խաղում 2015 թվականից։ Կարիերայի ընթացքում հանդես է եկել նաեւ չեխական «Տեպլիցեում», գերմանական «Վոլֆսբուրգում» եւ անգլիական «Մանչեսթեր Սիթիում»։
ՏՐԱՆՍՖԵՐԱՅԻՆ ՆՊԱՏԱԿԸ
Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի գլխավոր տրանսֆերային նպատակը Լոնդոնի «Տոտենհեմի» եւ Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնն է: 27-ամյա ֆուտբոլիստը եւս ցանկություն է հայտնել այս ամռանը փոխել ակումբը։ Այժմ ընթանում են բանակցություններ «Մանչեսթեր Սիթիի» եւ «Տոտենհեմի» միջեւ։ Մանչեսթերյան ակումբը պատրաստ է գործարքում ներառել 24-ամյա բրազիլացի հարձակվող Գաբրիել Ժեզուսի տեղափոխությունը «Տոտենհեմ»։ «Մանչեսթեր Սիթին» Հարի Քեյնի հետ կկնքի 5 տարվա պայմանագիր։ Անգլիայի անցած առաջնությունում Հարի Քեյնը մասնակցել է 35 հանդիպման, խփել 23 գոլ՝ դառնալով մրցաշարի լավագույն ռմբարկու, կատարել 14 գոլային փոխանցում։