Միջազգային մամուլն անդրադարձել է Հայաստանի ընտրություններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միջազգային լրատվամիջոցները շարունակում են անդրադառնալ Հայաստանի ներքաղաքական վիճակին: «Կոմերսանտ»-ը գրում է, որ «Հայաստան» դաշինքի առաջնորդ, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ նախօրեին արած հայտարարությանը, որի ժամանակ վերջինս նշել էր, որ «մանդատը, որը ստացել է ներկա իշխանությունը, չի արտացոլում նրա նկատմամբ վստահության աստիճանը»: Քոչարյանը հայտնել էր, որ ընդդիմությունը մտադիր է բողոքարկել ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում, սակայն մինչև որոշման կայացումը, իր աջակիցները կպահպանեն իրենց ստացած մանդատները:

«Միեւնույն ժամանակ Ռոբերտ Քոչարյանի անհաշտ հակառակորդ Նիկոլ Փաշինյանը հաղթանակից հետո խաղաղասեր դարձավ: Սակայն նախընտրական քարոզարշավի ժամանակ նա բանտարկումներով էր սպառնում «հին էլիտային»: Արդեն տոնական հանրահավաքի ժամանակ նա հեռացավ այդ հռետորաբանությունից` «համախմբան ձեռք» մեկնելով իր բոլոր մրցակիցներին»,- նկատում է հոդվածագիրը:

«Դոյչե վելլեն» (Deutsche Welle) նկատում է, որ այսպիսի թեժ նախընտրական արշավ Հայաստանում, թերեւս, երբեք չէր եղել:  «Տպավորություն է, ասես կուսակցությունները ոչ թե ծրագրերով ու գաղափարներով էին մրցակցում, այլ` պատրաստվում էին հետընտրական զարգացումներին, ոչ թե խոսում էին վարչապետի իրենց թեկնածուի մասին կամ ներկայացնում, թե ինչ Հայաստան են կառուցելու, այլ թե ինչպես են հաշվեհարդար տեսնելու մրցակիցների հետ»,-արձանագրում է DW-ն։

«Հեղափոխականները» ընդդեմ «նախկինների», ռուսական РБК-ն այդպես է վերնագրել իր հոդվածը, մանրամասնելով՝ քվեարկությունը փաստացի դուել է եղել երկու անզիջում հակառակորդների՝ Քոչարյանի եւ Փաշինյանի միջեւ։

«Հեղափոխությունը չփլուզվեց», – այս խոսքերով է սկսում «Պրոֆիլ» հանդեսում տպագրված իր հոդվածը ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։ «Ռուսաստանյան մամուլում Փաշինյանի մասին շատ են գրում ու հաճույքով։ Այնուհանդերձ, նրա քաղաքական դիմանկարի փորձերը որպես կանոն պարզունակ են՝ սորոսական, արեւմտամետ, լիբերալ։  «Այդպիսով, դիվանագիտական փորձ չունենալով՝ պոպուլիստ Փաշինյանը որոշեց հաջողությունը զարգացնել նաև միջազգային ասպարեզում։ Իմպուլսիվ բազեի դերում, սակայն, նա պարտվեց՝ գերագնահատելով թե՛ իրեն և թե՛ իր ղեկավարած երկրի ռեսուրսները», – «Պրոֆիլ»-ում տպագրված հոդվածում գրում է Մարկեդոնովը։

Իսկ «Քարնեգի» հիմնադրամի մոսկովյան կենտրոնի փորձագետ Կիրիլ Կրիվոշեևի համոզմամբ՝ հայաստանյան ընտրությունների անսպասելի արդյունքները հասկանալու համար դրանք պետք է դիտարկել ըստ տարածաշրջանների։ «Փաշինյանի կուսակցությունն ամենաբարձր աջակցության ցուցանիշներից մեկն արձանագրեց Շիրակի մարզում՝ շուրջ 65 տոկոս։ Շիրակը այն զինվորականների հայրենիքն է, որոնք գերեվարվեցին 2020 թվականի դեկտեմբերին Հադրութի մերձակայքում։ Ըստ ամենայնի, նրանց հարազատներն ու համերկրացիներն իրենց քվեարկությամբ ցանկանում էին ասել, որ ոչ թե Քոչարյանի անվան հետ կապվող ռեւանշ են ցանկանում, այլ հանգստություն եւ ապագայում նման միջադեպերի բացակայություն», – նկատում է «Քարնեգի» հիմնադրամի փորձագետը։

«Վալդայ» ակումբի փորձագետ Ստանիսլավ Պրիտչինը գտնում է, որ Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները համոզիչ են, ցույց են տալիս, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը վայելում է բնակչության վստահությունը, եւ նման իրավիճակում քաղաքական գործընթացների ապակայունացման հավանականությունը փոքր է։

Ռուսական պետական ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում Պրիտչինն ասել է, որ Փաշինյանը քաղաքական գործունեությունը սկսել է փողոցն օգտագործելով որպես գործիք, և ի տարբերություն իր հակառակորդների՝ ավելի հմտորեն է փոխգործակցում այդ մեխանիզմի հետ։

Ն.Հ.




Լրահոս