ՓԱՇԻՆՅԱՆԸ ԺՈՂՈՎՐԴԻ 26.49 ՏՈԿՈՍԻ ՎԱՐՉԱՊԵՏՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների ավարտից հետո շարունակվում են տարատեսակ վերլուծությունները, թե, ի վերջո, ինչի հետ էր կապված ընտրություններում այսպիսի պատկերն ու գործող իշխանությունների վերարտադրությունը:

Խոսենք թվերի լեզվով. ընտրությունների չեն մասնակցել գրանցված ընտրողների 50.59%-ը։ Ընտրությունների արդյունքներում Նիկոլ Փաշինյանը ստացել է գրանցված ընտրողների քվեների 26.49%-ը, «Հայաստան» եւ«Պատիվ ունեմ» դաշինքները՝ 12.91%-ը, փոշիացրել են իրենց ձայները 9.69%-ը։ Այս թվերն ինքնին խոսուն են. ստացվում է՝ ամբողջ ընտրողների միայն 26.49 տոկոսն է Նիկոլ Փաշինյանի ուժին ձայն տվել, սակայն նրանք մեծամասնություն են: Իրավիճակն առավել խորն է, երբ ուսումնասիրում ես տվյալները՝ ըստ տարածքների:

Երեւանում ընտրության է մասնակցել 675 194 մարդ, որից 345 հազարը ձայն է տվել ՔՊ-ին, իսկ 92 940-ն էլ՝ «Հայաստան» դաշինքին: Երեւանը միակ ընտրատարածքն է, որտեղ Նիկոլ Փաշինյանի ձայները չեն գերազանցել 50 տոկոսը: Նիկոլ Փաշինյանն ամենամեծ՝ 67.90 տոկոս ձայն ստացել է Տավուշի մարզում, ապա հաջորդում է Գեղարքունիքի մարզը՝ 66.26 տոկոս ձայնով, եւ Շիրակը՝ 65.11 ձայնով: 2019 թվականի տվյալների համաձայն՝ Գեղարքունիքում աղքատ է բնակչության 43.5 տոկոսը, իսկ Շիրակում՝ 48.4 տոկոսը: Այս երկու մարզերը Նիկոլ Փաշինյանին ամենից շատ ձայն տված տարածքներն են: Երեւանում աղքատ է բնակչության 14.1 տոկոսը, որտեղ անգամ 50% ձայն չի հավաքել Փաշինյանը: Ամեն դեպքում անհրաժեշտ է ֆիքսել՝ Փաշինյանը ընտրվեց 26.49 տոկոսի կողմից:

 

 

Հունիսի 28-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից արտահերթ ընտրությունների արդյունքների հաստատումից հետո, ըստ էության, կմեկնարկի Ազգային ժողովի ձեւավորման փուլը: Դրանից հետո հայտնի կդառնա, թե իշխանական թեկնածուներից ովքեր կգան խորհրդարան, ովքեր պաշտոններ կստանան, իսկ ընդդիմադիր թեկնածուների դեպքում էլ՝ ովքեր կհրաժարվեն մանդատներից: Արդեն դրանից հետո խորհրդարանի ձեւավորման աշխատանքներ կիրականացվեն հենց ներսում: Սահմանադրությամբ խորհրդարանի 3 փոխնախագահներից մեկը պետք է ընտրվի ընդդիմադիր խմբակցությունների կազմից: Այս դեպքում ընդդիմադիր փոխնախագահի աթոռը բաժին կհասնի «Հայաստան» դաշինքին, ավելի կոնկրետ՝ ԱԺ փոխնախագահ կլինի Իշխան Սաղաթելյանը: Ազգային ժողովի փոխնախագահի, ինչպես նաեւ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունը տեղի է ունենալու նորընտիր ԱԺ առաջին նիստի ժամանակ:  Մշտական հանձնաժողովները խորհրդարանական ուժերին տրվում է Դոնթի բանաձեւով: Այս պահին խորհրդարանում առկա է 11 հանձնաժողով. եթե փոփոխություն չլինի, ապա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կստանա 8 հանձնաժողով, «Հայաստան» դաշինքը՝ 2 հանձնաժողով, իսկ «Պատիվ ունեմ»-ը՝ 1 հանձնաժողով: Առաջին նիստի ժամանակ պետք է ընտրվի նաեւ ԱԺ նախագահ եւ փոխնախագահներ, որոնք լինելու են արդեն իշխանական խմբակցությունից: Այս պահին ԱԺ նախագահի հավանական թեկնածուն Ալեն Սիմոնյանն է:

 

 

«Պետք է գործել սառնասրտությամբ». ուժային կառույցներին հենց այսպիսի հրահանգ է տրվել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կողմից պողպատե մանդատ ստանալուց հետո: Ինչպես հայտնի է, հաղթական հանրահավաքի ժամանակ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը հայտարարել էր. «Հիմա այս ամբիոնից պահանջում եմ բոլոր այն գործատուներին, ովքեր թույլ են տվել խախտումներ կամ կատարել են քայլեր, որոնց համար հաստատ արդեն փոշմանել են, հենց վաղը՝ առավոտ 9-ից, սկսեն վերականգնել մարդկանց իրավունքները»: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ուժային կառույցների ներկայացուցիչներին հրահանգված է եղել սառնասրտորեն գործել՝ էական չէ, թե ում հանդեպ է իրականացվելու պողպատյա հեղափոխությունը: Սակայն նկատենք, որ դատախազությանը եւ քննչական մարմիններին հրահանգներ դեռեւս չեն տրվել, ասել են, որ դրանք քննող մարմիններ են եւ այդ աշխատանքներով պետք է զբաղվեն: Մենք տեղեկացանք, որ հիմնական հրահանգը տրվել է ոստիկանությանը, դատախազությանն ու ԱԱԾ-ին: Երեկվա դրությամբ դեռ այդ մասով կոնկրետ ակտիվություն չի նկատվել, սակայն առաջիկայում գործընթացներ կսկսվեն:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Հայկ Մհրյանը։ Նա դիմումը ներկայացրել է ընտրություններից մեկ օր անց՝ հունիսի 21-ի ուշ գիշերը, որը, մեր տեղեկություններով, երեկ հաստատվել է։ Ավելին՝ այժմ վարչական շրջանի նոր ղեկավարի փնտրտուքներ են ընթանում։ Մենք տեղեկացանք որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն անգամ  դիմել է կուսակցություն թեկնածու ներկայացնելու համար։ Այս պահին հավանական թեկնածուներ կան, սակայն վերջնական որոշում դեռ չի կայացել։ Նշենք, որ Մհրյանի հեռանալու պատճառը ընտրությունների արդյունքները չեն, այլ դրանից երկու օր առաջ՝ ուրբաթ օրը, Աջափնյակի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպն է եղել ՔՊ- ականների հետ։ Նշենք, որ, մեր տեղեկություններով, այդ օրը մի քանի ՔՊ-ականներ՝ նախկին նախարար Հակոբ Արշակյանի գլխավորությամբ, ներխուժել են թաղապետարան՝ անձամբ Մհրյանի աշխատասենյակ, եւ նրան ու  տեղակալներին մեղադրել են չաշխատելու մեջ։ Ավելին, ասել են, թե ընտրություններից հետո զբաղվելու են նրանցով, սակայն ինչպես ասում, են շաբաթն ուրբաթից շուտ եկավ, եւ ընտրություններից մեկ օր հետո վարչական շրջանի ղեկավարներն ու նրա տեղակալներն են անձամբ հեռանալու դիմում ներկայացրել։ Մենք տեղեկացանք, որ մինչ այժմ էլ Մհրյանը բազմիցս հակասություններ է ունեցել ՔՊ-ի հետ եւ հաճախ ղեկավարության կողմից հանձնարարականներ է ստացել,  որոնք իր սրտով չեն եղել։

 




Լրահոս