«ՎԵՐՋ ԵՆՔ ՏԱԼՈՒ ՍԵՎ-ՍՊԻՏԱԿԻ ԲԱԺԱՆՄԱՆԸ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը զրուցել է ՔՊ պատգամավորի թեկնածու Գագիկ Մելքոնյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, թե այս պահին դեռ որոշում չունի՝ կվերցնի պատգամավորական մանդատը, թե միգուցե այլ պաշտոն ստանա: Մելքոնյանը նկատեց, որ սա իշխանություններին տրված վերջին մանդատն է, եւ այն պահելու համար պետք է աշխատանք իրականացնել:

 

-Պարո՛ն Մելքոնյան, կգնա՞ք խորհրդարան, թե՞ հնարավոր է մանտադից հրաժարվեք ու չմտնեք խորհրդարան: Ի՞նչ  որոշում ունեք:

-Չենք որոշել դեռ:

-Նախընտրում եք խորհրդարանի՞ աշխատանքը, թե Ձեզ համար միեւնույնն է:

-Ոչ, միեւնույնը չէ: Դեռ մտածում ենք, որոշում ենք, թե ինչ անենք:

-Հնարավո՞ր է՝ նաեւ գործադիրում Ձեզ աշխատանք առաջարկեն, ու մնաք այնտեղ աշխատելու:

-Թիմային հարց է: Թիմն ինչպես կորոշի, այնպես էլ կանենք: Մեր գլխավոր նպատակն է ծառայել մեր ժողովրդին գիշեր, թե ցերեկ, մեր երկիրը հզորացնենք, մեր անվտանգությունն ապահովենք: Այս է անբողջ խնդիրը: Թե այնտեղ կլինեմ, թե այնտեղ կլինեմ, ես պետք է աշխատեմ:

-Պարո՛ն Մելքոնյան, ըստ Ձեզ, ինչո՞ւ ժողովուրդն այդքան ձայն տվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ նախկինների չվերադառնալու համար իշխանությունը այդքան ձայն  հավաքեց: Դուք կիսո՞ւմ եք այդ տեսակետը: 

-Ես Քոչարյանի տեսակետը չեմ կիսում: Ես այդ քարոզարշավի ժամանակ եղել եմ վարչապետի  հետ բոլոր տեղերում ու տեսել եմ ժողովրդի խանդավառությունը: Այսինքն՝ ժողովուրդը ծով հույս ունի, վերջին անգամ հույսը դրել է այս իշխանությունների վրա: Մանդատը տվեց ՔՊ-ից ու պահանջելու է իշխանություններից, որ պետք է աշխատեն գիշեր-ցերեկ, որպեսզի կարողանան խոստացածը կատարել:

-Ինչի՞ց պետք է սկսի իշխանությունը, որպեսզի հանրությունը չհիասթափվի  ու տեսնի, որ իսկապես ՔՊ թիմը սկսել է աշխատել: Ձեր կարծիքով՝ ո՞րն է առաջնային հարցը:

-Առաջնային հարցը մեր երկրի անվտանգությունն է, որ բանակը վերակառուցվի ու վերափոխվի, ու մենք ունենանք պրոֆեսիոնալ բանակ:

-Իսկ, ըստ Ձեզ, այս իշխանությանը կհաջողվի՞  Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերից դուրս հանել ադրբեջանական զորքերը:

-Ադբրբեջանական զորքեր չկան Սյունիքում, իսկ Գեղարքունիքի հատվածում՝ մի տեղ, իրենք սահմանը խախտել ու անցել են էս կողմի վրա: Իսկ մեր իշխանություններն ասում են, որ մինչեւ իրենք դուրս չգան այնտեղից, ոչ մի հայտարարություն չի արվելու,  եւ ոչ մի բան չի արվելու: Միջազգային կառույցները   զբաղվում են դրանով: Ռուսաստանի Դաշնությունը արդեն գտնվում է այդ հատվածում: Դա շուտափույթ լուծվելու հարց է:

-Ռուսաստան ասելով՝ նկատի ունեք՝ այդ հատվածում խաղաղապահ զորքերի տեղակայում կլինի՞: Ինչպե՞ս եք լուծումը պատկերացնում:

-Մինսկի խմբի համանախագահներն էլ են արդեն խոսք տվել, որ ինչ-որ խնդիր պետք է լուծվի: Դեռ կերեւա, հիմա ոչ մի բան չենք կարող ասել:

-Իսկ ե՞րբ այդ հարցին վերջնական պատասխան կտա իշխանությունը:

-Չգիտեմ: Հլը թող իշխանությունը ձեւավորվի պրծնի, նոր այդ հարցերը կարող են տալ:

-Արդյոք իշխանությունը պե՞տք է համագործակցի հայաստանյան բոլոր քաղաքական ուժերի հետ, այդ թվում՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքների ղեկավարների հետ: Դուք կարծում եք, որ պետք է գնալ բանակցությունների եւ ոչ թե միմյանց հայհոյել եւ դավաճան անվանե՞լ: Ո՞րն է Ձեր տեսակետը:

– Մեր տեսակետը մեկն է՝ բոլոր ուժերի հետ, սկսած «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքների, եւ բոլորի  հետ պետք է աշխատել, որպեսզի մենք ունենանք միասնական երկիր: Մենք գնալու ենք դրան, որ  բոլորի հետ խոսելու ենք, պայմանավորվելու ենք: Եթե  իրենք չեն համաձայնում, մեղքը իրենք վիզը, բայց մենք պետք է գնանք նրան, որ մեր երկիրը դառնա միասնական:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

ՎԵՐԱՔՆՆԻՉԸ ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅԱՑՐԵՑ

Ինչպես հայտնի է, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի եւ Նիկոլ Փաշինյանի: Տիրան Խաչատրյանը պահանջում է ճանաչել Արշակ Կարապետյանին իրավունքի ուժով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնին նշանակելու իրավահարաբերության բացակայությունը: Դատական հայցը մակագրվել է դատավոր Հրաչ Այվազյանին, սակայն Հրաչ Այվազյանը մերժել էր այս հայցը վարույթ ընդունել: Տիրան Խաչատրյանը դիմել էր ՀՀ վարչական վերաքննիչ դատարան, ինչի արդյունքում դատավոր Կարինե Բաղդասարյանը որոշում է կայացրել: Տիրան Խաչատրյանի փաստաբան Մարտուն Ստեփանյանը ArmLur.am-ին ներկայացրեց մանրամասներ, թե ինչ է սպասվում: Հիշեցնենք, որ Տիրան Խաչատրյանը մեկ այլ դատական հայցով էլ դատարանից պահանջում է իրեն ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին ՀՀ նախագահի 24.02.2021թ. թիվ ՆՀ-25-Ա հրամանագիրն անվավեր ճանաչել:

Իր նախկին պաշտոնին առնչվող եւս մեկ հայց էլ Տիրան Խաչատրյանը ներկայացրել է ընդդեմ Վաղարշակ Հարությունյանի: Նշենք, որ Արշակ Կարապետյանը Նիկոլ Փաշինյանի խորհրդականն էր, վերջերս Նիկոլ Փաշինյանի առաջարկով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նրան նշանակել է ԳՇ պետի առաջին տեղակալ:

 

 

 

ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐ՝ ԴԱՏԱԽԱԶՆԵՐԻՆ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ կայազորների զինվորական դատախազության դատախազներին կտրվեն հավելումներ, որոնց վճարման դեպքերը, չափերը եւ կարգը սահմանելու է ՀՀ կառավարությունը։ Այս նպատակով Արդարադատության նախարարությունը մտադիր է «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն իրականացնել։ Իսկ մինչ այդ, տեղեկացնենք, որ դատախազին վճարվում է հավելավճար դատախազի, դատախազության քննիչի, քննիչի պաշտոնում աշխատած, Հատուկ քննչական ծառայությունում եւ Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնելու յուրաքանչյուր տարվա համար 2 տոկոսի չափով:

Այսինքն՝ քննչական կոմիտեի սահմանային ստորաբաժանումներում ծառայություն իրականացնող զինվորական քննչական գլխավոր վարչության ծառայողները, պայմանավորված իրենց ծաայության առանձնահատկություններով, ստանում են հավելումներ, իսկ կայազորների զինվորական դատախազների համար օրենսդրությամբ նման իրավունք վերապահված չէ:

 

 

 

ՈՐՏԵՂ ՊԱՐՏՎԵՑ, ՈՐՏԵՂ՝ ՀԱՂԹԵՑ

 

Արտահերթ ընտրությունների արդյունքները վերլուծությունների տեղիք է տալիս: Ձայները բաշխվել են հետեւյալ կերպ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 53,92 %, «Հայաստան» դաշինք՝ 21,04 %, «Պատիվ ունեմ» դաշինք՝ 5,23 %։ Գաղտնիք չէ, որ ընտրություններում հաղթում են  ընտրողների մեծամասնության ձայնը ստանալու դեպքում: Եվ ուսումնասիրելով ընտրությունների արդյունքների պատկերը, կարող ենք վերլուծել, թե ինչու է այդպես ստացվել:

 

Ընտրությունից հետո անգամ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներն են հայտարարում, որ ժողովուրդը հաղթեց էլիտային: Դեռեւս  այն ժամանակ, երբ 17 ուժերը պայքարում էին ընդդեմ Փաշինյանի, վերջինս հայտարարեց, թե սա էլիտաների պայքարն է իր դեմ։  Եվ գաղտնիք չէ, որ հասարակության շրջանում էլիտաների նկատմամբ բացասական վերաբերմունք է առկա, նրանք այնքան էլ ընդունված չեն: Եվ նախընտրական քարոզարշավի ժամանակ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու իր թիմը շարունակում էին իրենց ներկայացնել որպես էլիտաներ, իսկ Նիկոլ Փաշինյանն իրեն ավելի հասարակ էր պահում, մեկ առ մեկ շփվում գյուղացիների հետ, այսինքն՝ ավելի ժողովրդական էր:

Եվ նաեւ դա է պատճառը, որ Նիկոլ Փաշինյանն ավելի շատ ձայներ ստացավ Երեւան քաղաքում, որտեղ ավելի քիչ է աղքատության մակարդակը եւ ավելի բարձր է բարձրագույն կրթություն ունեցողների թիվը: Իսկ այժմ խոսենք թվերի լեզվով. Երեւանում ընտրության է մասնակցել 675 194 մարդ, որից 345 հազարը ձայն է տվել ՔՊ-ին, իսկ 92 940-ն էլ՝ «Հայաստան» դաշինքին: Երեւանը միակ ընտրատարաքն է, որտեղ ՆԻկոլ Փաշինյանի ձայները չեն գերազանցել 50 տոկոսը: Նիկոլ Փաշինյանն ամենամեծ՝ 67.90 տոկոս ձայն ստացել է Տավուշի մարզում, ապա հաջորդում է Գեղարքունիքի մարզը՝ 66.26 տոկոս ձայնով, եւ Շիրակը՝ 65.11 ձայնով:

2019 թվականի տվյալների համաձայն՝ Գեղարքունիքում աղքատ է բնակչության 43.5 տոկոսը, իսկ Շիրակում՝ 48.4 տոկոսը: Այս երկու մարզերը Նիկոլ Փաշինյանին ամենից շատ ձայն տված տարածքներն են: Իսկ Երեւանում աղքատ է բնակչության 14.1 տոկոսը: Գաղտնիք չէ նաեւ, որ կրթվածության մակարդակով եւս առաջին տեղում Երեւանն է: Այսինքն՝ ընտրության արդյունքների վրա էական ազդեցությոն ունեցող հանգամանքներից է բնակչության կենսամակարդակն ու կրթության մակարդակը:

 




Լրահոս