ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍԿՍԵՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը երեկ հրավիրված հանրահավաքի ընթացքում տեղեկացրել է, որ այսօրվանից քաղաքական խորհրդակցություններ է սկսելու խորհրդարանական ընտրություններին մասնակցած այն ուժերի հետ, որոնք երկխոսելու, քննարկելու հակվածություն ունեն:

 

ՀՀ կառավարության շենքում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպել են արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչները՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը, Քրիստոնեա-Ժողովրդավարական կուսակցության նախագահ Լեւոն Շիրինյանը:

Հայտնի է, որ քաղաքական գործիչները քննարկել են հետընտրական զարգացումները:

Արամ Սարգսյանը նախ շնորհավորել է «համոզիչ հաղթանակի» համար՝ մաղթելով բեղմնավոր աշխատանք: Սարգսյանը նաեւ նշել է՝ ընտրություններն իսկապես ամեն ինչ դրեցին իրենց տեղը։

«Այսօր ընտրություններում կան երեք խորհրդարանական ուժեր: Ես մյուս երկուսին էլ եմ շնորհավորել Ազգային ժողով անցնելու առումով եւ գտնում եմ, որ ընդհանուր գործընթացների համար լավագույն տարբերակը կլինի, որ քննարկումները տեղափոխվեն Ազգային ժողովի հարթակ, եւ այնտեղ առաջին հերթին Ազգային ժողով անցած խորհրդարանական ուժերի միջեւ փորձ արվի գտնել մարդավարի լեզվով խոսելու, այն հին հռետորաբանությունից դուրս գալու, երկիրն այս իրավիճակից հանելու հիմնական բանաձեւ», – ասել է «Հանրապետություն» կուսակցության ղեկավարը:

Խոսելով իր կուսակցության հետագա գործունեությունից՝ Արամ Սարգսյանն ասել է՝ կարծում է, որ մշտապես լինելու են պետության կողքին, պետականության կողքին:

«Մեզ համար դա գերկարեւոր է, գերկարեւոր է Հայաստանի Հանրապետության անկախությունը, այդ անկախության գիծն անընդհատ պահելու գործընթացը, որը մենք պահում ենք արեւմտյան մոտեցումներ ներկայացնելով, արտաքին քաղաքական դաշտը բալանսավորելով: Սա համարում ենք շատ կարեւոր ու գտնում ենք, որ դրանով թե՛ պետությանը, թե՛ արտաքին քաղաքականությամբ զբաղվող քաղաքական գործիչներին բավականին օգնած կլինենք: Ու հակված ենք այդ ուղղությամբ մեր աշխատանքները շարունակել: Նաեւ տնտեսական դաշտում են առաջարկները. ինչ կլինեն, սիրով կներկայացնենք կառավարությանը, փորձենք հետամուտ լինել, որ դրանք տեղ հասնեն ու իրականություն դառնան, իսկ եթե մերժվում են, ապա հիմնավոր մերժվեն, եւ այդ մերժումները կարողանանք բացատրել նաեւ մեր գործընկերներին, որ բիզնեսը չնեղանա»,- ասել է Սարգսյանը:

Լեւոն Շիրինյանի խոսքով՝ վարչապետի պաշտոնակատարի հետ հանդիպմանը ինքը ներկայացրել է պետության զարգացման մասին իր եւ իր կուսակցության հեռանկարները: Քաղաքական գործչի խոսքով՝ ինքը պատրաստ է ուժերի  ներածին չափով աջակցել կառավարությանը:

Իսկ Նորայր Նորիկյանի խոսքով՝ ժամանակն է անցնել պատասխանատու աշխատանքի, որի միջոցով պետք է բարելավվի հանրային կյանքը:

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանի առաջնորդած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հունիսի 20-ին անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով ստացել է քվեների մեծամասնությունը՝ 53.92 տոկոս, եւ  կարող է միայնակ ձեւավորել կառավարություն։ Խորհրդարան անցած մյուս երկու ուժերը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքն է՝ 21.04 տոկոսով, եւ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի գլխավորած «Պատիվ ունեմ» դաշինքը։ ՔՊ-ն խորհրդարանում կունենա 72 մանդատ, Հայաստան դաշինքը՝ 27, իսկ «Պատիվ ունեմ»-ը՝ 7 մանդատ:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ ՉԵՆ ԽՆԱՅԵԼՈՒ

Բարձրագույն դատական խորհուրդը գործի կանցնի. դատավորներին լավ օրեր չեն սպասվում: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը զրուցել է ԲԴԽ անդամների հետ եւ հայտարարել, որ այսուհետ որեւէ դատավորի չեն խնայելու, եւ չենթարկվող դատավորները պատժվելու են: Ասել է թե՝ առաջիկայում դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների եւ քրեական գործերի հարուցման նոր ընթացք է սկսվում: Նիկոլ Փաշինյանի պողպատե մանդատը սկսեց գործել, եւ առաջին թիրախում դատական համակարգն է: Ի դեպ, մեզ հասած լուրերի համաձայն՝ ընտրություններից հետո արդեն երկու դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել: Իսկ թե կոնկրետ ովքեր են նրանք, մանրամասները կներկայացնենք առաջիկայում: Հիշեցնենք, որ հունիսի 20-ի ընտրությունների օրը ArmLur.am-ը տեղեկություններ էր ստացել այն մասին, որ ԲԴԽ գիտնականներին կանչել են աշխատանքի, ու վերջիններս խորհրդի վարչական շենքում են: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ գիտնականներին ասվել է՝ սպասեն, իրենք կասեն՝ ինչ է պետք անել: ArmLur.am-ը կապ էր հաստատել ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանի հետ՝ պարզելու համար, թե ինչու են ապաքաղաքական կառույցի ներկայացուցչներին ոչ աշխատանքային օրով հրավիրել շենք: «ԲԴԽ շենքում չեն, դուք հանգիստ եղեք, մենք որեւէ օրենք չենք խախտում: Մենք ընդամենը իրենց ասել ենք՝ հասանելի եղեք, գուցե ինչ-որ մի բան լինի, պետք լինի նիստ հրավիրել: Այսքան բան»,- հայտարարել էր Ջհանգիրյանը:

 

 

ԱՆՀԱՐՄԱՐ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Էջմիածին քաղաքի բնակիչների մեծ մասը հայտնվել է անհարմար դրության մեջ. քաղաքում ջուր չկա։ Էջմիածնեցիները այս խնդրով ահազանգել են ArmLur.am-ին՝ նշելով, որ մի քանի ժամ ջուր չունեն, իսկ երբ փորձում են կապ հաստատել «Վեոլիա ջուր» ընկերության օպերատորների հետ, որպեսզի տեղեկանան ջուր չունենալու պատճառների մասին, արձագանք չեն ստանում։ Իր հերթին ArmLur.am-ը եւս փորձեց կապ հաստատել ընկերության հետ. վերջապես մեր համառ ու երկարատեւ ջանքերից հետո հաջողվեց խոսել ընկերության օպերատորի հետ։ Պարզվեց, որ «Հայաստան էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից հոսանքազրկումներից հետո Էջմիածին խմելու ջուր մատակարարող պոմպակայանները փչացել են. «Պոմպակայանները չեն աշխատում, ջուր չի հավաքվում, հնարավոր չի լինում ջուր տրամադրել։ Հիմնական պոմպակայաններն անջատված են, հնարավոր է առանց ճնշման ցածր հարկերում ապրող բնակիչներն ունենան ջուր»։

Իսկ մինչ այդ տեղեկացնենք, որ այս ընկերության գործելաոճից շատ քաղաքացիներ են դժգոհում: Բաժանորդները զանգահարում են, կա՛մ անպատասխան են մնում այդ հեռախոսազանգերը, կա՛մ էլ բողոքը գրանցում են, բայց արձագանքում են օրեր անց, երբ այդ հարցն արդեն լուծված է լինում։

 

 

ՀԱՐՎԱԾՆԵՐ Է ՀԱՍՑՐԵԼ ՄՈՐԸ

2021թ. հունիսի 17-ին «Սեւան» բկ-ից ՀՀ ոստիկանության բաժին ահազանգ է ստացվել, որ «գանգուղեղային վնասվածք հարցականով, գանգուղեղային արյան շրջանառության սուր խանգարում հարցականով, կոմատոս վիճակ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Սեւան քաղաքի Նալբանդյան փողոցի շենքերից մեկի բնակչուհի: Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Սեւանի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրեսնգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սեւանի քննչական բաժին։ Պարզվել է, որ 2021թ. հունիսի 14-ին վերոհիշյալ հասցեում բնակվող տղամարդը՝  ծնված 1967թ., դիտավորությամբ հարվածներ է հասցրել մորը՝ իր գործողության հետեւանքով անզգուշությամբ առաջացնելով վերջինիս մահը: Օրեր անց՝ հունիսի 22-ին, քաղաքացուց ՀՀ ոստիկանության Սեւանի բաժնի ահազանգել է ստացվել, որ ամուսինը՝ ծնված 1967թ., որը հանդիսանում է մահացած կնոջ որդին, Սեւան քաղաքի Նալբանդյան փողոցի իրենց բնակարանում կախվելու միջոցով ինքնասպան է եղել։

 

 

ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ ԵՆ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ

Ընտրական օրենսդրության համաձայն` սկանավորվել եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում հրապարակվել են 2021 թվականի հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակները: ՀՀ ընտրական օրենսգրքի կանոնակարգումների համաձայն` այլ անձի փոխարեն քվեարկելու մասին դիմում ներկայացնելու իրավունք ունեն  ընտրություններին մասնակցող կուսակցության, դաշինքի լիազոր ներկայացուցիչը; վստահված անձը; համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամը; քվեարկությանը չմասնակցած այն ընտրողը, որի տվյալների դիմաց ընտրողների ցուցակում առկա է ստորագրություն` քվեարկությանը մասնակցելու վերաբերյալ:

 

 

ԵՐԱՇԽԱՎՈՐԱԳԻՐ ԿՏԱ

«Պատրաստ եմ պրոֆեսոր Արմեն Չարչյանին տալ երաշխավորագիր կալանքից ազաատման համար»,- հայտնել է ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը: «Գործի քննությանը վստահ եմ չի ազդելու իր՝ ազատության մեջ լինելը։ Եթե կան այլ պատգամավորներ, խնդրում եմ, միացե՛ք։ Մինչ պատգամավորական լիազորություններիս դադարեցումը ունեմ իրավունք նաեւ այսկերպ սատարելու.. Հրապարակային եմ գրում, քանի որ գիտեմ գործողությունից հետո ինձ քոչարյանական են անվանելու, ինչպես Բադասյանին երաշխավորագիր տվածս ժամանակ Շիրակի մարզում ակտիվ քննարկում էին, թե ԲՀԿ-ական եմ, բայց դա ինձ չի անհանգստացնում»,- սոցցանցի իր էջում գրել է պատգամավորը:

 




Լրահոս