ԿՈՉ Է ԱՐԵԼ ՃԱՆԱՉԵԼ ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընկերավարական երիտասարդների միջազգային միությունը բանաձեւ է ընդունել, որով միջազգային հանրությանը կոչ է արել ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը: Այս մասին հայտնել են ՀՅԴ մամուլի ծառայությունից: «Սույն թվականի հունիսի 18-ին եւ 19-ին տեղի ունեցավ Ընկերավարական երիտասարդների միջազգային միության առցանց ձեւաչափով բարձրագույն ժողովը (IUSY World Congress), որը գումարվում է 2 տարին մեկ անգամ: Ժողովին մասնակցում էին շուրջ 60 երկրների կազմակերպությունների պատվիրարկություններ:

 

Բարձրագույն ժողովի ընթացքում ղեկավար մարմինը ներկայացնում է իր աշխատանքային զեկույցը, ճշտվում են կազմակերպության ապագա անելիքները, ընտրվում է նաեւ նոր ղեկավար մարմին: ՀՅԴ երիտասարդականի կողմից մասնակցում էին Արշակ Մեսրոպյանը, Մելինե Մաթոսյանը եւ Սարինե Աբրահամյանը: Ժողովի ընթացքում կարեւոր տեղ է գրավում տարբեր բանաձեւերի ներկայացումն ու որդեգրումը: Նշվում է, որ ՀՅԴ երիտասարդականի ջանքերով ընդունվել է Արցախը միջազգայնորեն ճանաչելու կոչ պարունակող բանաձեւ, որը ստացել է 82 կողմ, 18 ձեռնպահ ձայն: Բանաձեւին որեւէ կազմակերպություն դեմ չի քվեարկել:

Ժողովի ավարտին տեղի է ունեցել նոր նախագահության ընտրություն, որի արդյունքում ՀՅԴ երիտասարդականի թեկնածու Սարինե Աբրահամյանը ընտրվել է միջազգային կազմակերպության փոխնախագահ: Ընկերվարական երիտասարդների միջազգային միությանը անդամակցում են մոտ 145 ընկերվար-ժողովրդավար եւ աշխատավորական կազմակերպություններ՝ ավելի քան 100 երկրից: ՀՅԴ երիտասարդականը միջազգային միության լիիրավ անդամ է:

Արցախի անկախությունը ճանաչելու կոչ պարունակող բանաձեւի տեքստը.

«Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը լայնամասշտաբ ու անառարկելի պատերազմ սանձազերծեց Արցախի եւ Հայաստանի դեմ: Ադրբեջանը պատերազմ սկսեց՝ անկախ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչից՝ հաստատելու համաշխարհային զինադադար համաճարակի ընթացքում: Այս հարձակումները ուղղակիորեն խախտում են 1994 թվականին Հայաստանի, Արցախի, Ադրբեջանի կողմից ստորագրված հրադադարի ռեժիմը: Թուրքիայի աջակցությամբ պատերազմը շարունակեց թեժանալ քաղաքացիական բնակավայրերի անխնա ռմբակոծություններով՝ հարձակվելով դպրոցների, հիվանդանոցների եւ եկեղեցիների վրա: Թուրքիան հրապարակավ հայտարարել է իր աջակցության մասին եւ շարունակում է ռազմական օգնություն ցուցաբերել Ադրբեջանին: Տարածաշրջանանը անկայունացնելու տագնապային իրավիճակ ստեղծելով՝ Թուրքիան նաեւ կազմակերպել է Սիրիայից վարձկանների մասնակցությունը եւ իր հատուկ ջոկատայիններին՝ միանալու Արցախի դեմ պատերազմին:

Կան հազարավոր զոհեր, այդ թվում` բազմաթիվ խաղաղ բնակիչներ: Արցախի բնակչության գրեթե կեսը տեղահանվել է եւ ճանապարհ ընկել դեպի Հայաստան ապաստան գտնելու համար: Հայ գերեվարվածներին դաժանորեն տանջահարել են եւ սպանել: Նոյեմբերի 9-ին ստորագրվեց եռակողմ համաձայնագիր Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ՝ ամբողջովին անտեսելով Արցախի ժողովրդի իրավունքները եւ նաեւ ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ որպես օրինական մարմինը, որն իրավասու է կարգավորելու հակամարտությունը: Այս անարդար համաձայնագիրը ոչ միայն անտեսում է Արցախի ժողովրդի իրավունքները, այլ նաեւ ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ որպես օրինական հարթակ, որն իրավասու մարմինն է լուծելու հակամարտությունը: ԸԵՄՄ-ը խստորեն դատապարտում է Ադրբեջանի եւ Թուրքիայի ագրեսիան եւ անառարկելի հարձակումները Արցախում եւ Հայաստանում, ինչպես նաեւ կատարված ռազմական հանցագործությունները խաղաղ բնակիչների, զինվորների եւ ռազմագերիների դեմ: ԸԵՄՄ-ը խստորեն դատապարտում է Թուրքիայի ներգրավվածությունը Արցախի հակամարտությանը: ԸԵՄՄ-ը խստորեն դատապարտում է Թուրքիայի կողմից պատերազմին մասնակից դարձրած Սիրիայի վարձկաններին: ԸԵՄՄ-ը կոչ է անում միջազգայնորեն ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը: Որպես միջազգայնորեն ճանաչված առաջադիմական կազմակերպություն, որը արժեւորում է մարդու իրավունքներն ու դեմ է մարդկության դեմ բոլոր տեսակի հանցագործություններին, մենք կարեւորում ենք, որ ԸԵՄՄ-ն, հավատարիմ մնալով իր որդեգրած արժեքներին, հստակ քայլեր ձեռնարկի: Այդ իսկ պատճառով մենք կոչ ենք անում ԸԵՄՄ-ին, որ Նամակ հղի ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ որպես միակ օրինական մարմնի, որը կարող է վերահաստատել Արցախի հակամարտության խաղաղ բանակցությունները:

Նամակ հղի ՄԱԿ-ին՝ հորդորելով Ադրբեջանին ազատ արձակել հայ ռազմագերիներին ու պատանդներին՝ հրադադարի պայմանագրի համաձայն: Նամակ հղի UNESCO-ին՝ հորդորելով անհրաժեշտ քայլեր ձեռնարկել՝ պահպանելու հայկական մշակութային ժառանգությունը, որոնք գտնվում են Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում»:

 

 

 

65 ՄԼՆ ԴՐԱՄ

ՀՀ-ում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման եւ այլ համալիր միջոցառումների շրջանակներում ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացված ծախսերի մասով կից տրամադրվում է տեղեկատվություն` 2021 թվականի հունվարից մինչեւ հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար: Համավարակով պայմանավորված՝ ծախսերը կրում են շարունակական բնույթ:

Վերապրոֆիլավորված բժշկական կենտրոնների պահպանման ծախսեր -4.572.317.358

Բազմապրոֆիլ բժշկական կենտրոններին կատարված վճարումներ (պայմանագրային գներով)- 1.286.016.534

Պարգեւատրում Covid-19-ի շրջանակներում-65.875.444

Պաշտպանիչ միջոցներով հագեցվածություն- 32.160.869

Դեղորայքի եւ ԲՆԱ հագեցվածություն- 2.107.394.817

Բժշկական սարքավորումներով հագեցվածություն- 74.058.594

Բժշկական կենտրոնների վերանորոգում- 69.343.206

Այլ պետական մարմինների կարիքների համար կատարված վճարումներ- 176.873.856

Հանրագումար- 8.384.040.678

 

 

ԲԱՔՈՒՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ Է ԱՆՑԿԱՑՆՈՒՄ

Ադրբեջանական կողմը պատրաստ է ընդունել Միավորված ազգերի կրթական, գիտական եւ մշակութային կազմակերպության՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելությանը եւ կոչ է արել կազմակերպությանն արագացնել այդ գործընթացը: Minval.az-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարել են Ադրբեջանի ԱԳՆ-ում: Հաղորդվում է, որ վերջերս, մասնավորապես, քննարկումներ են տեղի ունեցել ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելության` Աղդամի (Ակնա) եւ Ֆիզուլիի (Վարանդա) շրջաններ, ինչպես նաեւ Շուշի այցի վերաբերյալ: «Ադրբեջանական կողմի եւ ՄԱԿ-ի փախստականների հարցով գերագույն հանձնակատարի գրասենյակի միջեւ անցկացված քննարկումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Ադրբեջանի` հակամարտությունից տուժած տարածքում առաքելության իրականացման մասին: Ադրբեջանն ամբողջովին պատրաստ է ընդունել նաեւ ՄԱԿ-ի փախստականների հարցով գերագույն հանձնակատարի գրասենյակի առաքելությանը: Ներկա պահին պատասխանի ենք սպասում երկու կազմակերպությունից»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն էին ձեռք բերել, ստորագրվել էր հայտարարություն, որով Ադրբեջանին են անցել Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաեւ Մարտակերտի շրջանի Թալիշ եւ Մատաղիս գյուղերը։

 

 

ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԸ

Հունիսի 23-25-ն Արարատյան դաշտում, Արագածոտնի եւ Վայոց ձորի նախալեռներում, ինչպես նաեւ Երեւանում կանխատեսվում է հունիս ամսին օդերեւութաբանության պատմության մեջ ամենաբարձր ջերմաստիճանը՝ +40, իսկ առանձին ցածրադիր հատվածներում՝ մինչեւ +41 աստիճան։

Այս մասին ArmLur.am-ը տեղեկանում է Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի կենտրոնից։ Նշենք, որ հունիսյան ջերմաստիճանի ռեկորդը Արարատյան դաշտի եւ Երեւանի համար պատկանում է 1998թ. հունիսի 22-23-ը՝ +39.3 +39.4 աստիճան։

 




Լրահոս