ՆԱՐԵԿ ՍԻՐՈՒՆՅԱՆԸ՝ ԲԱՔՎՈՒՄ ԱՆՑԿԱՑՐԱԾ ՕՐԵՐԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

8 ամիս մնալով ադրբեջանական գերության մեջ՝ հունիսի 12-ին 15 գերիների թվում Հայաստան վերադարձավ նաեւ ժամկետային զինծառայող, Կոտայքի մարզի Քաղսի համայնքի բնակիչ Նարեկ Սիրունյանը:

 

Պատերազմի ավարտից հետո Նարեկը, լինելով ծանր վիրավոր, 4 զինակից ընկերների հետ շուրջ  43 օր մնացել է  շրջափակման մեջ, մինչեւ որ նրանց գտել են ադրբեջանական բանակի զինծառայողները եւ գերեվարել:

«Ժողովուրդ» օրաթերթը պատերազմի, գերեվարման, Բաքվի բանտում անցկացրած օրերի մասին զրուցել է Նարեկ Սիրունյանի հետ:

«Սեպտեմբերի 27-ին, երբ սկսվեց պատերազմը,  մենք Ջաբրայիլում էինք, բարձրացանք դիրքեր, մասնակցեցինք պատերազմին մինչեւ հոկտեմբերի 9-ին Հադրութի ընկնելը: Երբ արդեն Հադրութն ամբողջությամբ անցավ թշնամու վերահսկողության տակ, ես եւ իմ 4 զինակից ընկերները մնացինք շրջափակման մեջ: Ես հինգ տեղից ունեի հրազենային վիրավորում եւ գտնվում էի շատ ծանր վիճակում, ինձ ընկերներս էին իրենց հետ տեղափոխում, մինչեւ տներից մեկի տանիքում, որտեղ թաքնվում  էինք, մեզ գտան ադրբեջանցի զինվորականները եւ գերի վերցրեցին: Վիրավոր եմ եղել երկու ոտքերիցս եւ ձեռքերիցս, շատ դժվար էր նման վիճակում թաքնվելը, բայց այն ձգտումը, կամքը, որ իմ մեջ կար, ինձ ողջ պահեց, եւ ամենակարեւորը՝ հավատն Աստծու հանդեպ ինձ վերադարձրեց իմ հայրենիք, եւ այդքան ծանր վիճակում գտնվելով՝ դիմացա»,-պատմում է Նարեկը:

Մեր զրուցակցի խոսքով՝ գերեվարվելուց անմիջապես հետո նրանց տեղափոխել են Բաքու:

«Մնացել ենք առաձին խցերում, իրար հետ չենք շփվել, այնտեղ կարգն այդպիսին է, մնացել ենք փակ խցում, միայնակ, լուռ, նստած: Այդ 8 ամիսների ընթացքում իմ կյանքում շատ բան է փոխվել, շատ-շատ գրքեր եմ կարդացել, հատկապես՝ Նոր կտակարանը: Ինձ համար մի քիչ ավելի հեշտ էր, քանի որ լեզուն որոշ չափով հասկանում էի եւ կարողանում էի իմ ուզածը տեղ հասցնել, անգամ այնտեղ ինձ բոլորը անվանս փոխարեն «յուրիստ»  էին անվանում մասնագիտությանս պատճառով, ասում էին՝ դու խելացի ես, որոշ չափով հասկանում ես, թե ինչ է կատարվում իրականում: Ես կարող եմ միայն իմ անունից ասել, որ վատ չեն վարվել, օրս հիմնականում անցկացրել եմ ընթերցանությամբ, սնունդը եղել է լավ, սանհանգույց, ամեն ինչ եղել է մաքուր, լավ պայմաններով: Ես մյուս գերիների անունից չեմ կարող խոսել, բայց ինձ հետ դաժանություններ, կտտանքների ենթարկել, նման դեպքեր չեն եղել, քանի որ ես շատ ծանր վիճակում եմ եղել: Միշտ ասում էին՝ դու ինչ հայ ես, որ 5 տեղից վիրավոր լինելով, այդքան անօգնական վիճակում մնալով, ապա գերեվարվելով՝ ողջ ես մնացել: Ես միայն կարող եմ ասել, որ այդ 8 ամիսների ընթացքում ապրել եմ աղոթներով, եւ իմ աղոթքները տեղ հասան»,- հավելում է նա:

Նարեկ Սիրունյանը հիմա, երբ բոլոր դժվարությունները թողել է հետեւում եւ սկսել է նոր կյանք, պատրաստվում է ընդունվել Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: Նրա միակ երազանքն այն է, որ բոլոր գերեվարված մեր տղաները վերադառնան հայրենիք:

 

 

«ՆԵՐԿԱՆ ՏԽՈՒՐ Է ԵՎ ԱՆՀԵՌԱՆԿԱՐ». ՍՈՒՐԵՆ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հայ ազգային կոնգրես» կուսակցության պատգամավորի թեկնածու, «Չէին սպասում» հաղորդման հեղինակ, վարող Սուրեն Շահվերդյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում խոսել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընդհանուր արդյունքների մասին:

 

Շահվերդյանը մեզ հետ զրույցում նշել է, որ ժողովուրդն ինքն է կատարել իր ընտրությունը, եւ եթե կրկին անգամ վստահել է իր ձայնը ներկա իշխանությանը, ուրեմն այս պահին այդպես էր պետք:

«Ես կարծում եմ, որ այնուամենայնիվ եղել է ժողովրդի ընտրությունը, եթե այս պահին այդպես է որոշել, ուրեմն այդպես էր պետք: Միայն ափսոսում եմ այն, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կրկին ասպարեզ եկավ, այս ամեն ինչի մեջ ամենատխուր փաստն ինձ համար դա է, եւ այն առողջ ուժերը, որոնք որ կան եւ, կարծում եմ, մոտ ապագայում բոլոր ուժերը, որոնք որ խոհեմ են եւ մտածում են պետության եւ պետականության մասին, կմիախմբվեն, եւ նոր ուժ կծնվի, այլապես այն, ինչ որ մենք ունենք այսօր, շատ տխուր է եւ անհեռանկար: Ապագա չկա նաեւ այն ուժերի հետ, որոնք որ հայտնվեցին  խորհրդարանում»,- ընդգծել է նա:

Սուրեն Շահվերդյանի խոսքով՝ նրա համար մեծ պատիվ եւ երջանկություն էր նախաընտրական ժամանակահատվածում շփվել Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ. «Շատ բան սովորեցի նրա իմաստուն խոհերից, մտքերից, որոնք շատ կօգնեն  ինձ եւ բոլորին, պարզապես պետք է նրան լսել շատ հաճախ եւ անել եզրակացություններ: Եւս մեկ անգամ ուզում եմ շեշտել, որ ինձ համար իսկապես մեծ պատիվ եւ երջանկություն էր, եւ որը կլինի շարունակական: Լեւոն Տեր-Պետրոսյանից  թե՛ ես, թե՛ բոլորս սովորելու շատ բան ունենք: Աստված պահապան լինի Հայաստանիս եւ հայերիս»:

Հիշեցնենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների հաշվարկն ավարտվել է, եւ հայտնի են արդյունքները: Խորհրդարան են անցնում Նիկոլ Փաշինյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Արթուր Վանեցյանի գլխավորած քաղաքական ուժերը:

Սակայն 2018 թվականի դեկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրությունների հետ համեմատ՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժը 197 000 քվե պակաս է ստացել:

Նյութերը՝ ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ

 

 

ՁԵՌՔ ԿԲԵՐԻ

Թուրինի «Յուվենտուսը» մտադիր է ձեռք բերել Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Մանուել Լոկատելիին եւ պատրաստ է 23-ամյա ֆուտբոլիստի համար իտալական «Սասուոլոյին» առաջարկել 30 միլիոն եվրո, ռումինացի պաշտպան Ռադու Դրեգուշինին եւ իտալացի հարձակվող Մարկո դա Գրակային: «Սասուոլոն» տրանսֆերից ակնկալում է 40 միլիոն եվրո։ «Յուվենտուսն» արդեն համաձայնության է հասել ֆուտբոլիստի հետ 5 տարվա պայմանագրի շուրջ։ Լոկատելին կստանա տարեկան 3 միլիոն եվրո։ Իտալիայի անցած առաջնությունում Լոկատելի մասնակցել է 34 հանդիպման, խփել 4 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։ Նա «Միլանի» սան է։

 

 

ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Բրազիլիայում շարունակվում են ֆուտբոլի Ամերիկայի գավաթի խաղարկությունը։ Արգենտինայի հավաքականը խմբային փուլի երրորդ խաղում մրցեց Պարագվայի թիմի հետ եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։ 10-րդ րոպեին աչքի ընկավ իսպանական «Սեւիլիայի» կիսապաշտպան Ալեխանդրո Գոմեսը։ Արգենտինան 7 միավորով A խմբի առաջատարն է։ Երկրորդ տեղում է Չիլին (5 միավոր), որը երրորդ խաղում մրցեց Ուրուգվայի թիմի հետ, գրանցվեց ոչ-ոքի՝ 1։1։ Առաջինը հաջողության հասան Չիլիի ֆուտբոլիստները։ 26-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ բրազիլական «Աթլետիկո Մինեյրոյի» հարձակվող Էդուարդո Վարգասը։ 66-րդ րոպեին սեփական դարպասը գրավեց չիլիացիների առաջատար, «Ինտերի» կիսապաշտպան Արտուրո Վիդալը։

 

 

ՈՒՂԵԳՐԵՐ ԵՆ ՆՎԱՃԵԼ

Եվրո-2020-ի խմբային փուլի ավարտից երկու օր առաջ 11 հավաքական արդեն ապահովել է տեղը փլեյ-օֆֆում։ 1/8 եզրափակիչի ուղեգրեր նվաճել են Իտալիայի, Ուելսի, Շվեյցարիայի, Բելգիայի, Դանիայի, Նիդերլանդների, Ավստրիայի, Չեխիայի, Անգլիայի, Շվեդիայի եւ Ֆրանսիայի հավաքականները. հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը։ Երրորդ տուրի հանդիպումները դեռ պետք է անցկացվեն D, E եւ F խմբերում։  1/8 եզրափակիչի առաջին հանդիպումները հունիսի 26-ին կանցկացնեն Ուելսն ու Դանիան եւ Իտալիան ու Ավստրիան։ Մյուս զույգերը դեռ հայտնի չեն։

 

 

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ

«ՇԱՐՈՍՈԼԱՐ» ՍՊԸ-ն մտադիր է դիմել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ ընկերության ՀՀ Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր համայնքում կառուցված «Շարոսոլար» արեւային էլեկտրակայանից առաքվող էլեկտրական էներգիայի սակագին սահմանելու հայտով: Առաջարկվող սակագինը՝ 26.204 դրամ/կՎտԺ (առանց ԱԱՀ): Հեռ.՝ +394 94 66 66 33: Հասցե՝ ք. Երեւան, Գրիգոր Լուսավորիչ 6/1:

 




Լրահոս