ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դատական համակարգում ուշագրավ իրավիճակ է ստեղծվել, եւ չենթարկվող դատավորների դեմ կոմպրոմատներ հավաքելու համար նրանց աշխատասենյակներում գաղտնալսվող սարքեր են տեղադրվել: Ուշագրավն այն է, որ իրավապահ մարմիններում կասկածներ կան, թե այս գործընթացից տեղեկացված է եղել անգամ Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը: «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքում է հայտնվել նաեւ այն դատավորների ցուցակը, որոնց աշխատասենյակներում տեղադրված են եղել այդ գաղտնալսող սարքերը: Նրանք են՝ Ռոբերտ Պապոյան, Նելլի Բաղդասարյան, Աննա Դանիբեկյան, Սերժիկ Ավետիսյան, Տիգրան Փոլադյան, Գեւորգ Նարիմանյան, Վազգեն Ռշտունի, Մխիթար Պապոյան, Դավիթ Գրիգորյան եւ Մանուկ Մարգարյան: Նշենք, որ այս դատավորների աշխատասենյակներում գաղտնալսող սարքերի տեղադրումն ամենեւին էլ պատահական չէ, քանի որ նրանցից շատերը եղել են աղմկահարույց գործեր քննողներ: Օրինակ՝ Աննա Դանիբեկյանն ու Դավիթ Գրիգորյանը եղել են Ռոբերտ Քոչարյանի գործը քննողները: Մխիթար Պապոյանին եւ Վազգեն Ռշտունուն եւս դեռեւս 2019 թվականից կապում են Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման որոշման հետ, որն էլ կարդացել էր Դավիթ Գրիգորյանը: Այսինքն՝ այս ցանկում պատահական անուններ չկան, եւ նրանց աշխատասենյակներում գաղտանլսող սարքեր տեղադրելը կոնկրետ նպատակ է հետապնդում: Ամեն դեպքում, այս ընթացքում դատավորների աշխատասենյակում ներքին դիտումներ են կատարվել, լսվել են նրանց հեռախոսային խոսակցություններն ու նամակագրությունը, եւ բացահայտումներ են եղել։ Դրանց «ժողովուրդ» օրաթերթը կանդրադառնա հաջորդ համարներում։

 

 

 

Իշխանությունները կանգնած են խնդրի առջեւ եւ պետք է առաջիկայում Արտաքին գործերի նախարարությունում նախարարի եւ փոխնախարարների նշանակումներ կատարեն: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս թեմայի հետ կապված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում բուռն քննարկումներ են: Բանն այն է, որ նախարար պետք է նշանակվի այնպիսի մարդ, որը ընդունված կլինի ռուսական կողմից: Հիմա Նիկոլ Փաշինյանը փնտրտուքների մեջ է եւ փնտրում է անգամ թիմից դուրս մարդկանց, որին կկարողանա այդ պաշտոնին նշանակել: Ինչպես նշեցինք, խնդիրը միայն նախարարի նշանակումով չի սահմանափակվում. նախարարությունում թափուր են նաեւ փոխնախարարների հաստիքները, եւ այդտեղ եւս պետք է համապատասխան նշանակումներ կատարվեն: Այժմ թիմում քննարկումներ են, եւ միգուց պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը պատգամավորական մանդատի փոխարեն զբաղեցնի նախարարի կամ փոխնախարարի պաշտոնը: Այս հարցով թիմում քննարկումները դեռեւս չեն ավարտվել,  փնտրտուքները շարունակվում են:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս օրերին խորհրդարան չանցած  կուսակցություններում թեժ հետընտրական իրավիճակ է: Բանն այն է, որ հատկապես խորհրդարան չանցած կուսակցությունների ղեկավարներն իրենց մոտ են կանչում մարզային կառույցների ղեկավարներին եւ հաշիվ պահանջում, թե ինչպես է ստացվել, որ խոստացված եւ ստացված ձայների քանակը չի համապատասխանել: Այս խնդիրը հատկապես ակնառու է «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների մոտ, քանի որ, ի վերջո, լինելով խորհրդարանական ուժեր՝ նրանք չկարողացան հաղթահարել 5 տոկոսի շեմը, այնինչ դրա հույսն ունեին: Եվ հիմա այս կուսակցություններում հետընտրական բուռն քննարկումներ են, եւ փորձում են հասկանալ, թե ինչու են այսպիսի խնդրի առջեւ կանգնել: Բանն այն է, որ ընտրություններից առաջ շտաբների պատասխանատուները հանդիպել են կուսակցությունների ղեկավարներին եւ վստահեցրել, որ խնդիրներ չեն ունենալու այնինչ ընտրությունների հաշվարկի ժամանակ պարզ դարձավ, որ կոնկրետ ԲՀԿ-ն եւ ԼՀԿ-ն ձայն քիչ են ստացել հատկապես մարզերում:

 

 

 

Հայաստանի մի քանի տարածքներում հունիսի 22-ին խմելու ջուր չլինելու խնդիրը հայտնվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տեսադաշտում: Ըստ «Վեոլիա Ջուր» ընկերության՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ կողմից մատակարարվող էլեկտրաէներգիայի լարման տատանումների պատճառով է, որ ջրամատակարարումը դադարեցվել: ՀԷՑ-ն էլ իր հերթին պնդում է, որ մի քանի ենթակայաններում առաջացած լարման շեղումները չէին կարող ջրամատակարարման համակարգում խախտումներ առաջացնել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանձնաժողովում սկսել են ուսումնասիրել, թե ինչու է խմելու ջրի ճգնաժամ ստեղծվել: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի խորհրդի անդամ Սերգեյ Աղինյանը «Ժողովուրդ»  օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ այսօր առավոտյան նախատեսում են հանդիպել երկու ընկերությունների գլխավոր ինժեներների, տեխնիկական տնօրենների հետ. «Մենք իրենց ժամանակ ենք տվել, որ իրենք բոլոր տեղերից հավաքեն ինֆորմացիան»: Սերգեյ Աղինյանից հետաքրքրվեցինք՝ եթե պարզվի, որ ՀԷՑ-ն իսկապես մեղավոր է, ապա ինչ կսպասվի ընկերությանը: Մեր հարցին ի պատասխան՝ Աղինյանն ասաց. «Եթե ՀԷՑ-ի մեղավորությունը կա, եւ եթե մեծ թվով սպառողներ են տուժել, ապա դա արդեն տուգանք է: Այնուամենայնիվ, ուսումնասիրությունից հետո պարզ կդառնա»:




Լրահոս