ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱՄՈՒԼՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միջազգային լրատվամիջոցները շարունակում են անդրադառնալ Հայաստանի ներքաղաքական վիճակին:  «Կոմերսանտ»-ը անդրադառնում է «Հայաստան» դաշինքի առաջնորդ, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ նախօրեին արած հայտարարությանը, որի ժամանակ վերջինս նշել էր, որ «մանդատը, որը ստացել է ներկա իշխանությունը, չի արտացոլում նրա նկատմամբ վստահության աստիճանը»: Քոչարյանը հայտնել էր, որ ընդդիմությունը մտադիր է բողոքարկել ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում, սակայն մինչեւ որոշման կայացումը իր աջակիցները կպահպանեն իրենց ստացած մանդատները:

 

«Միեւնույն ժամանակ Ռոբերտ Քոչարյանի անհաշտ հակառակորդ Նիկոլ Փաշինյանը հաղթանակից հետո խաղաղասեր դարձավ, սակայն նախընտրական քարոզարշավի ժամանակ նա բանտարկումներով էր սպառնում «հին էլիտային»: Արդեն տոնական հանրահավաքի ժամանակ նա հեռացավ այդ հռետորաբանությունից` «համախմբան ձեռք» մեկնելով իր բոլոր մրցակիցներին»,- նկատում է հոդվածագիրը:

«Դոյչե վելլեն» (Deutsche Welle) նկատում է, որ այսպիսի թեժ նախընտրական արշավ Հայաստանում թերեւս երբեք չէր եղել:  «Տպավորություն է, ասես կուսակցությունները ոչ թե ծրագրերով ու գաղափարներով էին մրցակցում, այլ պատրաստվում էին հետընտրական զարգացումներին, ոչ թե խոսում էին վարչապետի իրենց թեկնածուի մասին կամ ներկայացնում, թե ինչ Հայաստան են կառուցելու, այլ թե ինչպես են հաշվեհարդար տեսնելու մրցակիցների հետ»,-արձանագրում է DW-ն։

«Հեղափոխականները» ընդդեմ «նախկինների». ռուսական ՀըԽ-ն այդպես է վերնագրել իր հոդվածը՝ մանրամասնելով՝ քվեարկությունը փաստացի դուել է եղել երկու անզիջում հակառակորդների՝ Քոչարյանի եւ Փաշինյանի միջեւ։

«Հեղափոխությունը չփլուզվեց». այս խոսքերով է սկսում «Պրոֆիլ» հանդեսում տպագրված իր հոդվածը ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։ «Ռուսաստանյան մամուլում Փաշինյանի մասին շատ են գրում ու հաճույքով։ Այնուհանդերձ նրա քաղաքական դիմանկարի փորձերը, որպես կանոն, պարզունակ են՝ սորոսական, արեւմտամետ, լիբերալ։  «Այդպիսով, դիվանագիտական փորձ չունենալով՝ պոպուլիստ Փաշինյանը որոշեց հաջողությունը զարգացնել նաեւ միջազգային ասպարեզում։ Իմպուլսիվ բազեի դերում, սակայն, նա պարտվեց՝ գերագնահատելով թե՛ իրեն եւ թե՛ իր ղեկավարած երկրի ռեսուրսները», – «Պրոֆիլ»-ում տպագրված հոդվածում գրում է Մարկեդոնովը։

Իսկ «Քարնեգի» հիմնադրամի մոսկովյան կենտրոնի փորձագետ Կիրիլ Կրիվոշեեւի համոզմամբ՝ հայաստանյան ընտրությունների անսպասելի արդյունքները հասկանալու համար դրանք պետք է դիտարկել՝ ըստ տարածաշրջանների։ «Փաշինյանի կուսակցությունն ամենաբարձր աջակցության ցուցանիշներից մեկն արձանագրեց Շիրակի մարզում՝ շուրջ 65 տոկոս։ Շիրակը այն զինվորականների հայրենիքն է, որոնք գերեվարվեցին 2020 թվականի դեկտեմբերին Հադրութի մերձակայքում։ Ըստ ամենայնի, նրանց հարազատներն ու համերկրացիներն իրենց քվեարկությամբ ցանկանում էին ասել, որ ոչ թե Քոչարյանի անվան հետ կապվող ռեւանշ են ցանկանում, այլ հանգստություն եւ ապագայում նման միջադեպերի բացակայություն», – նկատում է «Քարնեգի» հիմնադրամի փորձագետը։

«Վալդայ» ակումբի փորձագետ Ստանիսլավ Պրիտչինը գտնում է, որ Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները համոզիչ են, ցույց են տալիս, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը վայելում է բնակչության վստահությունը, եւ նման իրավիճակում քաղաքական գործընթացների ապակայունացման հավանականությունը փոքր է։

Ռուսական պետական ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում Պրիտչինն ասել է, որ Փաշինյանը քաղաքական գործունեությունը սկսել է՝ փողոցն օգտագործելով որպես գործիք, եւ ի տարբերություն իր հակառակորդների՝ ավելի հմտորեն է փոխգործակցում այդ մեխանիզմի հետ։

Ն. Հ.

 

 

ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԴԱՏՈՒՄ ԵՆ

2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո զորամասը լքած ժամկետային զինծառայողներին դատում են: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Դավիթ Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, հանդիսանալով Արցախի Հանրապետության N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, կոչումով շարքային, ժամանակավորապես գտնվելով ՀՀ ՊՆ N զորամասում, ՀՀ-ում հայտարարված ռազմական դրության ժամանակ՝ 2021թ մարտի 19-ին՝ ժամը 19։30 սահմաններում, երեք օրից ավելի, բայց մեկ ամսից ոչ ավելի՝ 13 օր 21 ժամ տեւողությամբ, ինքնակամ թողել է ծառայության վայրը, իսկ 2021 թվականի ապրիլի 2-ին՝ ժամը 16։30-ի սահմաններում, ինքնակամ ներկայացել է զորամաս։

Մովսես Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, հանդիսանալով Արցախի Հանրապետության N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, կոչումով կրտսեր սերժանտ, ժամանակավորապես գտնվելով ՀՀ ՊՆ N զորամասում, ՀՀ-ում հայտարարված ռազմական դրության ժամանակ՝ 20.02.2021թ. ժամը 22։00 սահմաններում, երեք օրից ավելի, բայց մեկ ամսից ոչ ավելի՝ 4 օր 2 ժամ տեւողությամբ, ինքնակամ թողել է ծառայության վայրը, իսկ 24.02.21թ. ժամը 24։00-ի սահմաններում ինքնակամ ներկայացել է զորամաս։ ArmLur.am-ի հետ զրույցում փաստաբան Արմեն Վարդանյանը ներկայացրեց, որ բավականին լուրջ խնդիր է, եւ պետք է ամեն ջանք գործադրել, որ զինվորներին ազատությունից չզրկեն, ուստի չի բացառվում, որ փաստաբանները դիմեն համաներման խնդրանքով:

 

 

ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ Է ԵԿԵԼ

Սուրենավան համայնքում տեղի ունեցած վթարից տուժած 14-ամյա տղան գիտակցության է եկել, սկսել է շնչել ինքնուրույն: Առողջական վիճակում կա դրական տեղաշարժ: Շարունակում է մնալ «Սուրբ Աստվածամայր» բկ-ի վերակենդանացման բաժանմունքում բժիշկների հսկողության տակ: Վիճակը գնահատվում է ծանր, բայց կայուն: Այս մասին հայտնել է «Սուրբ Աստվածամայր» բկ-ի մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանը։ Երեխայի մոտ կա զուգակցված վնասվածքներ, դիմային ոսկորների կոտրվածքներ, գլխուղեղի սալջարդ, ողերի կոտրվածքներ, կոնքի ոսկրերի կոտրվածներ, որովայնի սալջարդ:

Հիշեցնենք, որ հունիսի 16-ին Արարատի մարզի Սուրենավան գյուղում իրար էին բախվել երկու ավտոմեքենաներ, ինչի հետեւանքով մեքենաներից մեկում գտնված 14-ամյա պատանին տեղափոխվել էր Արարատի ԲԿ, որտեղից էլ տեղափոխվել էր Երեւան՝ «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոց: Ավտոմեքենաներից մեկը պատկանում էր իմքայլական պատգամավոր Սուրեն Պապիկյանին:

 

 

ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոր կադրային նշանակումներ է արել: Սերգեյ Ատոմյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալ, մեկ այլ որոշմամբ՝  Գեւորգ Սիմոնյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալ:

 

 

ԿԱՅՑԵԼԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ

ԵՄ անդամ երկրների ԱԳ նախարարները կայցելեն Հայաստան: Ռումինիայի արտաքին գործերի նախարար Բոգդան Աուրեսկուն, Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը, Ավստրիայի Եվրոպական եւ միջազգային հարցերով դաշնային նախարար Ալեքսանդր Շալլենբերգը, ինչպես նաեւ ԱԳԵԾ՝ Ռուսաստանի, Արեւելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, Տարածաշրջանային համագործակցության եւ ԵԱՀԿ հարցերով կառավարող տնօրեն Միխայել Զիբերթը, եւ Հվ. Կովկասի եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հունիսի 25-ին կժամանեն Հայաստան: Նշյալ այցը լիազորված է արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի կողմից եւ նպատակ ունի վերահաստատելու տարածաշրջանում կայունության հաստատումը խթանելու ԵՄ պատրաստակամությունը:

 

 

ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ԵՎ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանի «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի դիմապակուն կրակած անձը հայտնաբերվել է եւ ձերբակալվել։ Այս մասին ArmLur.am-ը տեղեկացել է քննչական կոմիտեից: Հիշեցնենք, որ «Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքի անդամ Արման Բաբաջանյանի «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի դիմապակուն, նախնական տվյալներով հունիսի 20-ին, կրակոց է արձակվել դեռեւս չպարզված հրազենից: ՀՀ ոստիկանությունից հայտնել են, որ Նորք-Մարաշ 6-րդ փողոցի 1-ին նրբանցք դեպքի վայր են ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնից եւ Մարաշի բաժանմունքի օպերատիվ խմբեր:

 

 

ՀՈՒՍԱԼԻ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադարձել է ղարաբաղյան հարցին: Նա նշել է, որ վճռական ներդրմամբ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղում կանգնեցրել է հակամարտությունը: «Տարածաշրջանում ռուս խաղաղապահները հուսալի ձեւով երաշխավորում են խաղաղությունն ու անվտանգությունը, անում են շատ բան հումանիտար իրավիճակը բարելավելու, տարածքներն ականազերծելու եւ սոցիալական ենթակառուցվածքները վերականգնելու համար»,- նշել է Վլադիմիր Պուտինը: ՌԴ նախագահի խոսքով՝ Ռուսաստանը երբեք չի մոռանում պատասխանատվության մասին՝ ուղղված հարեւան երկրների անվտանգությանն ու բարգավաճմանը: «Նրանց հետ մեզ միավորում են պատմական, մշակութային եւ մարդկային անքակտելի կապերը»,-հավելել է նա:

 




Լրահոս