Այս տարվա փետրվար ամսին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ բացահայտել է դեպք. ՀՀ չափահաս քաղաքացին, Facebook.com սոցիալական ցանցում հանդես գալով Ազիզ Մուրադով տվյալներով, նույն ցանցի միջոցով կապ է հաստատել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմում անհետ կորած համարվող զինծառայողների մերձավոր ազգականների իգական սեռի ներկայացուցիչների հետ, որոնց թվում եղել է նաեւ 16 տարին չլրացած մեկ երեխա, եւ ներկայանալով որպես ադրբեջանցի՝ վերջիններիս սուտ տեղեկություններ է հայտնել նրանց գտնվելու վայրի ու պահման պայմանների մասին, որից հետո անհետ կորածների մասին որոշակի տեղեկություններ հայտնելու դիմաց պահանջել է հիշյալ սոցիալական ցանցի իր էջին ուղարկել մերկ վիճակում կատարված լուսանկարներ եւ տեսագրություններ՝ հակառակ դեպքում սպառնալով սպանել կամ բռնություն գործադրել նրանց գերեվարված հարազատների նկատմամբ:
Մեզ հայտնի է դարձել, թե ով է վերոնշյալ անձը եւ քանի քաղաքցիների է նման դեպքով սպառնացել: Վերջինս Ալիկ Հայրապետյանն է: Նա կապ է հաստատել 100-ից ավելի անձանց հետո, որոնք հարազատներ են ունեցել անհետ կորած, եւ փորձել է նրանց համոզելով՝ ստանալ մերկ լուսանկարներ, սակայն վերոնշյալ 100 անձանցից միայն Ալիկ Հայրապետյանի թիրախում են հայտնվել շուրջ 15 կանայք, որոնք հանուն իրենց անհետ կորած հարազատների՝ տրամադրել են իրենց մերկ լուսանկարները:
Մասնավերապես՝ ներկայացնենք մեկ դեպք.
2021 թվականի հունվար եւ փետրվար ամիսներին Ալիկ Հայրապետյանը նամակ է ուղարկել Հրանուշ Սերյոժայի Սաքանյանի կողմից օգտագործվող՝ Facebook.com համացանցային կայքի օգտատիրոջը, որի եղբայրը՝ Արարատ Սաքանյանը, եւ հայր Սերյոժա Սաքանյանը համարվել են անհետ կորած, ներկայացրել է, թե, իբր, նրա հարազատները գտնվում են ադրբեջանական քրեակատարողական հիմնարկում, ապա կեղծ խոստումներ է տվել կազմակերպել հեռախոսազրույց գերեւարված զինծառայողի հետ, ուղարկել նրա լուսանկարները եւ օգտվելով Հրանուշ Սաքանյանի վիճակի խոցելիությունից՝ պահանջել, ապա հարկադրել է վերջինիս կատարել սեքսուալ բնույթի այլ գործողություններ եւ մատուցել ծառայություններ, այն է՝ նամակագրությամբ ուղարկել սեռական օրգանները ցուցադրող, մերկ վիճակում կատարված լուսանկարներ ու տեսագրություններ՝ հակառակ պարագայում սպառնալով կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրել նրա գերեվարված հարազատների նկատմամբ, որի ընթացքում Հրանուշ Սերյոժայի Սաքանյանը հարկադրված է եղել «Մեսենջեր» հեռահաղորդակցման հավելվածի միջոցով ուղարկել իր կիսամերկ լուսանկարը, այդկերպ Ալիկ Հայրապետյանը նրան դրել եւ պահել է շահագործման մեջ:
Վերջինս կալանավորված է, եւ այս քրեկան գործով Ազգային անվտանգության ծառայությունը նախաքննության ավարտ է հայտարարել եւ քրեական գործը ուղարկել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան. գործը քննելու է դատավոր Նապոլեոն Օհանյանը:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Ի՞ՆՉ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԵՂԵԼ
Ազգային ժողովի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների շրջանակում Գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խմբի կողմից ամփոփվել են ինչպես նախընտրական շրջանի, այնպես էլ քվեարկության, քվեների հաշվարկի ընթացքում առերեւույթ ընտրական հանցավոր իրավախախտումների, ինչպես նաեւ բնույթով ընտրություններով պայմանավորված այլ բնույթի հանցավոր արարքների վերաբերյալ ստացված հաղորդումներով իրականացված աշխատանքների արդյունքները:
Այսպիսով, մինչեւ այժմ ստացվել եւ ուսումնասիրվել է իրավախախտումների վերաբերյալ 727 հաղորդում եւ ահազանգ, որոնցից 338-ը՝ մինչեւ քվեարկության օրը, 389-ը՝ քվեարկության օրը եւ դրանից հետո ընկած ժամանակահատվածում: Նշված հաղորդում-ահազանգերից 217-ը վերաբերում է ընտրակաշառք տալուն, ստանալուն կամ ընտրակաշառքի միջնորդությանը, 170-ը՝ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն, 96-ը` մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն, 72-ը՝ քարոզչությանը մասնակցելուն հարկադրելուն կամ խոչընդոտելուն, 54-ը` քվեարկության գաղտնիությունը խախտելուն, 42-ը՝ ընտրական քարոզչության եւ նման բնույթի այլ պաստառների հետ կապված գույքային վնասներ հասցնելուն, 10-ը` տեղամասային կենտրոնում կամ դրա մուտքին հարող տարածքում բռնություն գործադրելուն, եւ այլն:
Դատախազության հաղորդագրության համաձայն՝ ընդհանուր 727 հաղորդումներից 287-ը ուղարկվել են հետաքննության կամ նախաքննության մարմիններ նյութեր նախապատրաստելու նպատակով: Դրանց արդյունքում նշված ժամանակահատվածում 32 դեպքի առթիվ հարուցվել են քրեական գործեր, մեծամասնությունը (18) առերեւույթ ընտրակաշառք տալու, ստանալու, ինչպես նաեւ ընտրակաշառքի միջնորդության հատկանիշներով, ընդ որում՝ դրանց գերակշիռ մասը՝ կատարված ծանրացուցիչ հանգամանքներում: Նշված քրեական գործերով քրեական հետապնդում է իրականացվել 43 անձանց նկատմամբ, որոնցից 16-ին առաջադրվել են մեղադրանքներ, այդ թվում նաեւ՝ ընտրություններին մասնակցած տարբեր ուժերի պատգամավորության ցուցակներում ընդգրկված 5 անձի:
ՀԱՅ ԳԵՐԻՆԵՐԻ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Բաքվում՝ Յասամալի շրջանի դատարանում, շարունակվում է Լյուդվիգ Մկրտիչի Մկրտչյանի եւ Ալյոշա Արամայիսի Խոսրովյանի դեմ քրեական գործը. հայտնում է haqqin.az-ը` նշելով, որ հայ ռազմագերիները մեղադրվում են արցախյան առաջին պատերազմի ժամանակ ադրբեջանցի գերիներին խոշտանգելու համար: Բաքվի ռազմական դատարանի դատավոր Էլբեյ Ալլահվերդիեւի նախագահությամբ դատավարությանը տուժողները ցուցմունք են տալիս: Լյուդվիգ Մկրտչյանին եւ Ալյոշա Խոսրովյանին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 113 (խոշտանգում), 115.2 (պատերազմի օրենքների խախտում), 279.1 (օրենքով չնախատեսված զինված կազմավորումների կամ խմբավորումների ստեղծում), 318.2 (պետական սահմանի ապօրինի հատում) հոդվածներով: Դատարանի որոշմամբ` նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
ԴԱՏԱՎՈՐՆ ԱԶԱՏՄԱՆ ԴԻՄՈՒՄ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանն աշխատանքից ազատման դիմում է պատրաստվում ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ: Նշենք, որ Ալեքսանդր Ազարյանը այն դատավորներից մեկն էր, որը, ըստ էության, համարձակվեց դեմ գնալ իշխանություններին: Վերջինիս նկատմամբ իշխանությունները ճնշումներ են սկսել դեռեւս 2018 թվականի օգոստոսից, երբ վերացրել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը։ Իսկ, ահա, օրերս էլ նրա նկատմամբ նոր կարգապահական վարույթ է հարուցվել: Վերջինիս պաշտպան Տիգրան Աթանեսյանը հայտնել էր.
«Այսօր ստացա արդարադատության նախարար Ռ. Բադասյանի որոշումը՝ Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ա. Ազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին: «Որոշման կայացման առիթ է հանդիսացել դատավորի կողմից իր հարցազրույցում ռուս մեծ գրող Մ. Բուլգակովի ստեղծագործություններից մեջբերում անելը՝ «Մեր դժբախտությունը կայանում է նրանում, որ մարդիկ, ովքեր պետք է հաբեր ընդունեն, օրենքներ են ընդունում»: Կարգապահական վարույթի հարուցման պատճառը «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցի գործով դռնփակ դատական նիստում հնչեցված գնահատականն է»:
Արձանագրենք, որ Ալեքսանդր Ազարյանը համարվում է լավագույն դատավորներից մեկը։ Նա երկու տարի շարունակ ճանաչվել է տարվա ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավոր, իսկ 2020թ. ապրիլի 14-ի դրությամբ նա կրկին ունի ամենաբարձր վարկանիշը՝ 53 միավոր:
Եվ, ահա, ճնշումների երկրորդ ալիքը սկսվեց, երբ դատարանը՝ դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, բավարարել է Արմեն Թավադյանի կալանքի ժամկետը երկարացնելու որոշման դեմ պաշտպանների բողոքը՝ նշելով, որ բացակայում է հիմնավոր կասկածը։ Մենք փորձեցինք կապ հաստատել Ալեքսանդր Ազայանի հետ, սակայն վերջինս չպատասխանեց, եւ տեղեկացանք, որ նա երկրում չէ: Դիմել ենք Բարձրագույն դատական խորհուրդ, որտեղից ի պատասխան՝ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը նշեց, որ այս պահին նման դիմում չեն ստացել եւ մեզանից են առաջին անգամ լսում այդ մասին:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ