ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՆՑ ՋՐԻ Է ԹՈՂԵԼ ՈՒ ՉԻ ՊԱՏԺՎՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում +40 աստիճան շոգի պայմաններում «Վեոլիա ջուր» ընկերությունը խմելու ջրի ճգնաժամ է ստեղծել բաժանորդների համար: 

 

Տեղեկացնենք, որ ArmLur.am-ը գրել էր, որ հունիսի 22-ին Էջմիածին քաղաքում ջուր չի եղել: Պարզվում է՝ այդ օրը ջրազրկվել է ոչ միայն Էջմիածինը, այլեւ հարակից շատ համայնքներ, նաեւ Երեւանի մի շարք վարչական շրջաններ: Էջմիածնեցիները ջրի խնդրով ահազանգել էին ArmLur.am-ին՝ նշելով, որ մի քանի ժամ ջուր չեն ունեցել, իսկ երբ փորձել են կապ հաստատել ընկերության օպերատորների հետ, որպեսզի տեղեկանան ջուր չունենալու պատճառների մասին, արձագանք չեն ստացել: Մեր այս հրապարակումից հետո «Վեոլիա ջուր» ընկերությունը վերջապես հանդես եկավ պարզաբանմամբ՝ արդարանալով, որ վերջին օրերին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ կողմից մատակարարվող էլեկտրաէներգիայի լարման տատանումների պատճառով ընդհատումներ են առաջացել ջրամատակարարման համակարգի պոմպակայանների աշխատանքում, որով պայմանավորված՝ զգալիորեն նվազել է սպառողներին մատակարարվող ջրաքանակը: Ընկերության այս պարզաբանմանն անմիջապես հաջորդեց ՀԷՑ-ի բացատրությունը, որով ընկերությունը հորդորեց «Վեոլիա ջուր»-ին ճիշտ տեղեկություն տրամադրել բաժանորդներին. «ՀԷՑ-ի մի քանի ենթակայաններում լարման շեղումներ են առաջացել, որոնք, սակայն, ջրամատակարարման համակարգում խախտումներ առաջացնել չէին կարող»։ Մինչ երկու ընկերություն հրապարակավ հակամարտում են՝ իրար մեղադրելով ստեղծված իրավիճակի համար, այս ընթացքում բաժանորդները «Վեոլիա ջուր» ընկերությանը սպառնում են դատի տալ, քանի որ +40-+41 ջերմաստիճանի պայմաններում անհնար է առանց ջրի ժամերով մնալ: Բազմաթիվ քաղաքացիներ հորդորում են «Վեոլիա ջուր» ընկերությանը արագ լուծել այս խնդիրը, հակառակ դեպքում չեն վճարի սպառած ջրի վարձը:

Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով եւ հետաքրքրվեց, թե ինչ է ձեռնարկում այս կառույցը՝ երկու ընկերությունների «փոխհրաձգությունը» մեղմելու եւ առաջացած խնդիրը լուծելու ուղղությամբ:

Հանձնաժողովի խորհրդի անդամ Սերգեյ Աղինյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ իրենք արդեն սկսել են ուսումնասիրել: «Իրենց ասել ենք, իրենք եւս ուսումնասիրեն իրենց խնդիրները: Նախատեսում ենք վաղը առավոտյան (նկատի ունի՝ այսօր-Ս.Հ.) հանդիպել երկու ընկերությունների գլխավոր ինժեներների, տեխնիկական տնօրենների հետ, տեսնենք՝ այդ հարցը ինչպես ենք լուծելու: Իրականում դա կարող է խախտում չլինել «Հայաստան էլեկտրական ցանցեր»-ի կողմից, որովհետեւ վարկյանական տատանումները բնական են համակարգում: Բայց, մյուս կողմից, դա կարող է բերել նաեւ այդ պոմպակայանի աշխատանքի խաթարմանը, այսինքն՝ մեկ տատանման պատճառով կարող է մեկ ժամ չաշխատել այդ պոմպակայանը: Բայց սա զուտ տեսական եմ ասում Ձեզ: Մենք իրենց ժամանակ ենք տվել, որ իրենք բոլոր տեղերից հավաքեն ինֆորմացիան»,-իրավիճակը ներկայացրեց ՀԾԿՀ անդամը:

Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը Հանձնաժողովի խորհրդի անդամին փոխանցեց նաեւ բնակիչ-բաժանորդների դժգոհությունները, այն է՝ բաժանորդները զանգահարում են «Վեոլիա ջուր», կա՛մ անպատասխան են մնում այդ հեռախոսազանգերը, կա՛մ էլ բողոքը գրանցում են, բայց արձագանքում են օրեր անց, երբ այդ հարցն արդեն լուծված է լինում։ Այս մտահոգություններին ի պատասխան՝ Սերգեյ Աղինյանն արձագանքեց՝ նշելով. «Դա էլ կուսումնասիրենք, դա էլ կհասկանանք: «Վեոլիա ջուր» ընկերության պարտականություններն օրենսդրությամբ սահմանված են. եթե այստեղ կա այլ մեղավոր, դա երկրորդ հարցն է: Այսինքն՝ ինքն իր պարտականությունները պետք է կատարի, չկատարելու դեպքում կվճարի տույժեր: Եթե խնդիր կա, ապա «Վեոլիա ջուր» ընկերությունը մեղավորներին կգտնի եւ միգուցե այդ վնասի փոխհատուցումը ներկայացնի մյուս՝ «Հայաստան էլեկտրական ցանցեր» ընկերությանը»:

Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը Սերգեյ Աղինյանից հետաքրքրվեց՝ եթե պարզվի, որ ՀԷՑ-ն իսկապես մեղավոր է, ապա ինչ կսպասվի ընկերությանը: Մեր հարցին ի պատասխան՝ Աղինյանն ասաց. «Եթե ՀԷՑ-ի մեղավորությունը կա, ապա օրենսդրությունն այսպես է տարանջատում. եթե մեծ թվով սպառողներ են տուժել, ապա դա արդեն տուգանք է: Այնուամենայնիվ, ուսումնասիրությունից հետո պարզ կդառնա»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

ՂԵԿԱՎԱՐԸ ՀԵՐՔՈՒՄ Է

Տավուշի մարզի Այրում խոշոր համայնքը միավորում է Այրում քաղաքը եւ 7 գյուղեր՝  Հաղթանակը, Արճիսը, Լճկաձորը, Պտղավանը, Բագրատաշենը, Դեղձավանը եւ Դեբեդավանը։ Ֆեյսբուքի  կեղծ օգտատեր Ռեգինա Պռազյանը, որը  իր ֆեյսբուքյան էջում, որպես գլխավոր  նկար, տեղադրել է ռուսաստանաբնակ վրացուհու լուսանկար, եւ հայտնի է իր սկանդալային  գրառումներով,  ֆեյսբուքի իր էջում գրել է. «Արդեն 4 օր է՝  Տավուշի մարզի Արճիս գյուղում  տարբեր ժամերի  լույսեր են անջատում, որի ընթացքում 100 դոլար կաշառք են բաժանում «Հայաստան» դաշինքի օգտին քվեարկելու համար։ Գյուղացիներից պահանջել են, որ ընտրատեղամասերից դուրս բերեն մնացած քվեաթերթիկները։ Խոսակցություն  կա գյուղում, որ Այրում խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանն է ձայներ կորզում  Քոչարյանի համար»։ Այդ գրառման տակ այլ օգտատերոջ  վիրավորական մեկնաբանություն կա, նաեւ  մեկ այլ օգտատիրոջ  կոչ  ոստիկանությանը՝ ընտրակաշառք բաժանողի դեմ քայլեր ձեռնարկելու։ Զանգահարեցի Այրում խոշոր համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանին։ Նա կտրականապես հերքեց Արճիս գյուղում  ընտրակաշառք բաժանած Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան»  դաշինքի հետ իր առնչությունը։ Նա հայտնեց, որ մի քանի օր առաջ՝ գիշերվա ժամը 1:30-ի սահմաններում, Արճիս գյուղից  իրեն զանգահարել  է անսթափ վիճակում գտնվող մի երիտասարդ եւ հարցրել, թե ինչու Արճիսի գիշերային լուսավորության համակարգն անջատված է։ Ա. Պարանյանի խոսքերով՝ ինքը նախատել է զանգահարողին՝ ասելով,որ գիշերվա կեսին նման հարցով չեն զանգահարում։

Նույն երիտասարդը այնուհետեւ զանգահարել է Արճիս գյուղի վարչական ղեկավար Դավիթ Վերանյանին, որը պարզաբանել է, որ գյուղի գիշերային լուսավորության համակարգում գործում է լույսերն անջատել-միացնելու ինքնաշխատ համակարգ, որտեղ խափանություն կա։ Զանգահարած երիտասարդը հետո ներողություն է խնդրել իր գիշերային անպատեհ զանգի համար։ Ա. Պարանյանը հայտնեց, որ զանգահարելու ժամանակ այդ երիտասարդը եւ իր ընկերները կերուխումի մեջ են եղել։ Այրում խոշոր համայնքի ղեկավարն ասաց, որ Արճիսում կամ Այրում   համայնքի որեւէ բնակավայրում ընտրակաշառք  չի բաժանվել, Արճիս գյուղում Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը   քվեների մեծ առավելություն ունի «Հայաստան» դաշինքի եւ այլ կուսակցությունների հանդեպ: Ա. Պարանյանը հայտնեց, որ իր մասին հերյուրանք են տարածել, ավելի տրամաբանական   կլիներ, սուտն ավելի համոզիչ  կլիներ, եթե  հորինեին, թե  ընտրակաշառք բաժանվել է իր հայրենի Պտղավան գյուղում, ուր Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքի ստացած քվեները, Արճիս գյուղի  համեմատ, ավելի շատ  են։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

ՔՐԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ

Մայիսի 26-ի առավոտյան ոստիկանության Ստեփանավանի բաժին օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ Գյուլագարակ գյուղի մթերային խանութից գողություն են արել։  Դեպքի վայրի զննությամբ պարզվել էր, որ ինքնությունը չպարզված անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ անցք են բացել խանութի թիթեղյա պատի մեջ, մտել ներս եւ հափշտակել տարբեր ապրանքներ։ Փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ։ Ոստիկանները, փոխգործակցելով Ստեփանավանի քննչական բաժնի ծառայողների հետ, դեպքի վայրում ձեռք բերված փաստերի եւ ստացված տեղեկությունների համադրությամբ պարզեցին, որ գողությունը կատարել է Վանաձոր քաղաքի 28-ամյա մի բնակիչ։ Հունիսի 15-ին նա Վանաձորից բերման ենթարկվեց եւ ներկայացվեց Ստեփանավանի քննչական բաժին, որտեղ տվեց խոստովանական ցուցմունք։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

 

 

ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է

Ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել մայիսի 25-ին Երեւանում՝ Շենգավիթ վարչական տարածքում 27-ամյա Հովսեփ Դ-ի վրա կրակոցներ արձակած ենթադրյալ կասկածյալի մասին։ Հունիսի 21-ին կամավոր ոստիկանության Շենգավիթի բաժին է ներկայացել Երեւանի բնակիչ, 40-ամյա Մհեր Ա-ն։ Նա հունիսի 5-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր՝ ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասի եւ 235 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով։ Մհեր Ա.-ն քննիչի որոշմամբ կալանավորվել է, քանի որ մինչ այդ քննչական մարմինը դիմել էր դատարան, եւ նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը։ Հիշեցնենք, որ մայիսի 25-ին կրակոցներ էին հնչել Երեւանում: Ժամը 19:20-ի սահմաններում «Շենգավիթ» բկ-ից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ էր ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել էին, որ վիրավորն  ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու: Շենգավիթի ոստիկանները տաք հետքերով պարզել էին, որ վիրավորը Երեւանի բնակիչ, 27-ամյա Հովսեփ Դ.-ն է: Ոստիկանները պարզել էին նաեւ, որ նա հիվանդանոց էր տեղափոխվել Բագրատունյաց 4-րդ նրբանցքի  21 շենքի բակից: Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի բակում հայտնաբերել էին BMW 320i մակնիշի 13 DD 331 համարանիշի ավտոմեքենա, որի վրա հայտնաբերվել էին կրակոցի, իսկ ավտոմեքենայի սրահում էլ՝ արնանման հետքեր:

 

 

 




Լրահոս