Կամերային թատրոնի դերասանուհի Նոննա Գրիգորյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ խոսել է 34֊ամյակի խնջույքի մանրամասների մասին:
«Ես միշտ ասում եմ, որ նշել եմ իմ հերթական 21-ամյակս, իհարկե, հումորով, քանի որ ես ինձ զգում եմ ինչպես 21 տարեկան: Իսկ իրականում նշեցի 34-ամյակս ընկերներիս, հարազատներիս հետ Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Կարելի է ասել՝ մենք մերոնցով հավաքվեցինք, ուրախացանք, քանի որ շատ վաղուց՝ երեւի արդեն մեկ տարուց ավելի է, ինչ խնջույքներ մեր կյանքում տեղի չեն ունեցել, եւ իմ տարեդարձն հանդիսացավ առիթ լիցքաթափվելու, բավականին լավ ժամանակ անցկացնելու համար: Տարեդարձիս խնջույքը անակնկալ կազմակերպել էր ամուսինս, եւ կարծում եմ՝ շատ ստացված էր, չնայած որ ես մի փոքր տարակուսում էի, քանի որ դեռ բոլորիս մոտ, մեղմ ասած, տրամադրություն չկար, բայց այդ ամեն ինչի հետ մեկտեղ սա լավ առիթ էր մի փոքր թոթափվելու վշտերից:
-Ի՞նչ անակնկալներ, նվերներ էին Ձեզ սպասում:
-Ինձ համար նվերը եւ առհասարակ մեր ընտանիքի համար ամենակարեւոր եւ պարտադիր բանը ծննդյան օրը, որ քո հատուկ օրն է, պետք է շրջապատված լինես քեզ բարին կամեցող, հարազատ մարդկանցով, եւ, հավատացեք, դա ծննդյան օրդ ստացված լինելու ամենակարեւոր գրավականն է: Կարեւոր է, երբ դու քո կյանքում շրջապատված ես բարի մարդկանցով, լավ ընկերներով, որոնք քեզ հետ առողջ հարաբերությունների մեջ են, որն, ըստ իս, ամենակարեւոր նախապայմաններից մեկն է: Ինձ համար նվեր հասկացությունը կրում է զուտ ձեւական բնույթ, չնայած որ այն միշտ հաճելի է, հատկապես երբ այն մատուցվում է անակնկալի տեսքով: Հաճելի է, երբ քեզ համար հատուկ ինչ-որ մեկը նվեր է ընտրում, հասկանում ես, թե ինչպիսին է դիմացինդ, ինչպիսին է քեզ տեսնում, զգում: Ես էլ, իմ ամուսինն էլ ընդհանրապես ընկերների մարդ ենք, եւ, փառք Աստծո, Հայաստանում, թե Հայաստանի սահմաններից դուրս ունենք շատ լավ ու թանկ ընկերներ: Ինձ համար ամենաթանկ նվերների շարքում էր դստերս պատրաստած նվերը: Բացի այն, որ մեր դուստրն ամեն օր է մեզ զարմացնում իր նկարելու կարողությամբ, մենք ամեն օր ականատես ենք լինում դրան, եւ տարեդարձիս օրն էլ բացառություն չէր, քանի որ նա մի այնպիսի գեղեցիկ նկար էր նկարել, որ ես պարզապես կորցրել էի խոսելու ունակությունս: Մենք շատ ենք հպարտանում մեր աղջկանով, եւ, կարծում եմ, հենց դա էլ կլինի նրա ապագա մասնագիտությունը:
-Նոննա՛, իսկ ո՞րն է Ձեր գլխավոր երազանքը:
-Ես իմ երազանքները կապում եմ միայն հայրենիքիս հետ, իմ Երեւանի հետ: Ուզում եմ, որ այլեւս նման արհավիրքներ չլինեն մեր երկրում, մարդիկ այլեւս նման ծանր վիճակում չհայտնվեն, եւ թորշնած դեմքերն այսուհետ փոխարինվեն գեղեցիկ ժպիտներով: Ես իմ կյանքի փորձից կարող եմ ասել, որ երբ երազանքներդ բարձրաձայնում ես, ապա դրանք իրականություն են դառնում. ես մեծ հավատ ունեմ:
Զրուցեց ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
ՍԻՐՎԱԾ ԵՐԳԻՉՆԵՐԸ՝ ՄԵԿ ԲԵՄՈՒՄ
Հանրաճանաչ օպերային երգչուհի, սոպրանո Լիաննա Հարությունյանը, տենոր Հայկ Վարդանյանը եւ բարիտոն Ակսել Դավեյանը հունիսի 29-ին ելույթ կունենան «Առնո Բաբաջանյան» համերգասրահում։ Կոնցերտմայստերը Կատարինե Հովսեփյանն է։ Համերգին մասնակցում է թավջութակահար Անժելա Սարգսյանը:
Երեկոյին կհնչեն Պյորսելի, Մասկանիի, Վերդիի, Պուչինիի, Տոստիի եւ այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ:
Լիաննա Հարությունյանը համարվում է իր սերնդի լավագույն վերդիական սոպրանոներից մեկն աշխարհում: Սովորել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ տենոր Սերգեյ Դանիելյանի դասարանում, այնուհետեւ Փարիզի «Բաստիլ» օպերայի ակադեմիայում: Լոնդոնի Թագավորական օպերայում համագործակցել է Անտոնիո Պապանոյի եւ Յոնաս Կաուֆմանի, Նյու-Յորքի Մետրոպոլիտեն օպերայում՝ Ջեյմս Լիվայնի, Յանիկ Նեզե-Սեգենի եւ Պլասիդո Դոմինգոյի հետ: Իտալիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի, Ավստրիայի, Շվեյցարիայի, Ռուսաստանի, Ավստրալիայի, Իսպանիայի առաջատար օպերային թատրոններում եւ փառատոններում ներկայացել է «Դոն Կառլոս», «Մադամ Բաթերֆլյայ», «Բոհեմ», «Օթելլո», «Տրավիատա», «Իոլանտա», «Ադրիանա Լեկուվրյոր», «Տրուբադուր», «Սիցիլիական ժամերգություն» եւ տասնյակ այլ օպերաներում գլխավոր դերերգերով:
Ակսել Դավեյանը 2012-2018 թվականներին սովորել է Առնո Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական քոլեջի դասական վոկալի բաժնում՝ Աննա Մուսայելյանի դասարանում։ 2018-ից սովորում է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ակադեմիական երգեցողության բաժնում՝ ԵՊԿ դոցենտ Առնոլդ Քոչարյանի դասարանում։ 2019-ին արժանացել է Գոհար Գասպարյանի անվան մեներգիչների համահայկական մրցույթի 1-ին կարգի մրցանակի։ 2020-ին «Դասական երգեցողություն» անվանակարգում արժանացել է Պողոսյան երիտասարդական մրցանակի: 2021-ին հանդես է եկել Մալատեստայի դերերգով ԵՊԿ օպերային ստուդիայում բեմադրված «Դոն Պասկուալե» օպերայում:
Հայկ Վարդանյանի օպերային կարիերան սկսվել է 2019-ին Միլանում, «Տրավիատա» օպերայում Ալֆրեդո Ժերմոնի դերերգով: 2012-ից սովորում է Գայանե Բադալյանի դասարանում, 2017-ից սկսած՝ զուգահեռ կատարելագործվում է Միլանում՝ Ջանֆրանկա Օստինիի դասարանում: 2018-2019 թվականներին ելույթներ է ունեցել Իտալիայի տարբեր քաղաքներում: 2021 թվականին մենահամերգներով հանդես է եկել «Առնո Բաբաջանյան» համերգասրահում, «Արամ Խաչատրյան» համերգասրահի «Լուիզ Սիմոն-Մանուկյան» սրահում, մասնակցել է դիրիժոր Յուրի Դավթյանի հիշատակին նվիրված համերգին Ազգային ակադեմիական օպերային թատրոնում: 2019-ից ղեկավարում է ԵՊԿ օպերային ստուդիան, 2020-ից՝ Կոնսերվատորիայի բարեկամների հիմնադրամը:
ԱԼԿՈՀՈԼՆ ԱՐԳԵԼՎԱԾ Է
Տոկիոյում Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն հայտարարել Է, որ ալկոհոլային խմիչքների օգտագործումը խաղերի անցկացման վայրերում կարգելվի կորոնավիրուսի տարածումը կանխելու ուղղությամբ միջոցառումների շրջանակներում: «Վարակումների տարածումը թույլ չտալու համար կազմկոմիտեն որոշում Է ընդունել հրաժարվել ալկոհոլի վաճառքից եւ արգելել դրա օգտագործումը մրցումների ժամանակ»,-ճապոնական ԶԼՄ-ները մեջբերում են Օլիմպիական խաղերի եւ Պարալիմպիական խաղերի կազմկոմիտեի ղեկավար Սեյկո Հասիմոտոյի հայտարարությունը: Ճշտվում Է, որ ալկոհոլ չի վաճառվի տեղում: Նաեւ չի թույլատրվելու, որպեսզի հանդիսականներն ալկոհոլ վերցնեն իրենց հետ: Բացի այդ, COVID-19-ի դեմ պայքարի հանձնարարականների համաձայն՝ Օլիմպիական խաղերի տոմս ունեցող այն անձինք, որոնք կունենան 37,5 աստիճան եւ ավելի բարձր ջերմություն, չեն կարողանա մուտք գործել մրցումների անցկացման վայր: Օլիմպիական խաղերի բացման արարողությունը կկայանա հուլիսի 23-ին: Մրցումները կանցկացվեն մինչեւ օգոստոսի 8-ը: Վերջին որոշումների համաձայն՝ Օլիմպիական խաղերին հանդիսատեսների սահմանաքանակը կլինի օբյեկտի տարողության 50 տոկոսի մակարդակով՝ առավելագույնը 10 հազար մարդ»:
ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՊՍԺ
Իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը Մադրիդի «Ռեալից» հեռանալուց առաջ ակումբակիցներին հայտնել է, որ տեղափոխվելու է ֆրանսիական ՊՍԺ: Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ իտալական «Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է իր թիմում տեսնել Ռամոսին: 35-ամյա իսպանացին 2005թ. «Սեւիլիայից» էր տեղափոխվել «Ռեալ», որի կազմում անցկացրել է 671 հանդիպում, խփել 101 գոլ, կատարել 40 գոլային փոխանցում, դարձել Իսպանիայի հնգակի չեմպիոն, կրկնակի գավաթակիր, քառակի սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի քառակի գավաթակիր, Եվրոպայի եռակի սուպերգավաթակիր, աշխարհի քառակի ակումբային չեմպիոն։ Նրա պայմանագրի ժամկետը լրացել է:
ՈՒՂԵԳԻՐ ՆՎԱՃԵՑ
Անգլիայի հավաքականը Եվրո-2020-ի եզրափակիչ մրցաշարի խմբային փուլի վերջին տուրում չեխերի նկատմամբ նվազագույն հաշվով հաղթանակի շնորհիվ D խմբից փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճեց առաջին տեղով: Անգլիայի հավաքականը Եվրոպայի առաջնության պատմության ամենաանարդյունավետ թիմն է, որը խմբային փուլի արգելքը հաղթահարում է առաջին տեղով: Խմբային փուլի 3 տուրերում Գարեթ Սաութգեյթի գլխավորած թիմը խփել է ընդամենը 2 գոլ: Բացի այդ, անգլիացիները Եվրոպայի առաջնությունում երրորդ անգամ հաղթեցին խմբում՝ կրկնելով 1996-ի եւ 2012-ի հաջողությունը: Հիշեցնենք, որ Անգլիան 7 միավորով գրավել էր առաջին տեղը, 4 միավորով 2-3-րդ տեղերը բաժանած խորվաթները եւ չեխերը նույնպես նվաճել են փլեյ-օֆֆի ուղեգիր։