Երեկ ուշ երեկոյան Չեխիայի հարավարևելյան շրջանը հայտնվել է պտտահողմի թիրախում, զգալի ավերածություններ են առաջացել 7 գյուղում և 1 քաղաքում: Ըստ վերջին տեղեկությունների՝ մահացել է 3 մարդ, մոտ 300-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ: Դեպքի վայրում, չեխերից բացի, աշխատում են Սլովակիայի և Ավստրիայի փրկարարներն ու բժիշկները, տեղեկացնում է РИА Новости-ն:
Չեխիայի աշխատանքի նախարարության ղեկավարը հայտնել է, որ տուժածները կարող են ստանալ նախնական կանխիկ ֆինանսական օգնություն, յուրաքանչյուրը՝ 58 հազար կրոն (մոտ 2,7 հազար դոլար) գումարի չափով: Աղետից տուժած տարածաշրջանին պատրաստվում են ֆինանսապես օգնել նաև երկրի ֆինանսների և տարածաշրջանային նախարարությունները:
Ըստ օդերևութաբանների՝ պտտահողմը 3-4 աստիճանի ուժգնության է եղել (առավելագույն ուժգնությունը 5-ն է), կարկուտի մեծությունը հասել է 10 սմ-ի: Ընդհանուր առմամբ 60000 ընտանիք մնացել է առանց էլեկտրականության: