Հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ ամենաշատ գումարը ծախսել է իշխող ուժը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 474 մլն 924 հազար ՀՀ դրամ, ապա «Հայաստան» դաշինքը՝ 330 մլն 856 հազար դրամ «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 271 մլն 757 հազար դրամ։
Ամենաքիչ գումարը ծախսել է «Վերելք» կուսակցությունը՝ 91 000 ՀՀ դրամ։
Ընդհանուր առմամբ 26 քաղաքական ուժերը միասին նախընտրական քարոզարշավի ընթացքում ծախսել են 1 մլրդ 505 մլն 402 հազար դրամ։
Նկատենք՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը եկամուտներն ու գույքի հայտարարագիրը ԿԸՀ ներկայացնելիս իր հաշվին ուներ 22 միլիոն դրամ։ Սակայն մայիսի 31-ից մինչև հունիսի 16-ն ընկած ժամանակահատվածում հիմնադրամ մուտք է արվել 453 միլիոն դրամից ավելի գումար, ինչի գերակշիռ մասը՝ 369 միլիոն դրամը ծախսվել է քարոզչանյութերի, հեռուստառադիոեթերների, գովազդի, տպագրական նյութերի վրա։
Ռոբերտ Քոչարյանն ու նրա թիմակիցները նախընտրական շրջանում ծախսել են 244 միլիոն դրամ։ Այս դաշինքը գովազդային ծառայությունների համար ծախսել է 66 միլիոն դրամ։
Անցողիկ շեմը չհաղթահարած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ծախսել է 77 միլիոն դրամից ավելի։ Մոտ 13 միլիոն դրամ Ծառուկյանի ղեկավարած ուժը վճարել է բուկլետների համար։
Մանրամասները՝ տեսանյութում
Ն. Հ.