Հայաստանը կորոնավիրուսի 4-րդ ալիքի շեմին է. համենայնդեպս այդպիսի կանխատեսումներ են անում մասնագետները՝ հիմնվելով վերջին օրերի տվյալների վրա: Մասնագետների խոսքով, առաջիկա շաբաթներին քովիդով վարակվածների թիվը կհասնի օրական առնվազն 600-ի:
Իրավիճակը աշխարհում լարվում է` պայմանավորված նաև նոր՝ հնդկական շտամով։ Սակայն մասնագետները չեն բացառում, որ այս տարբերակը Հայաստան ևս կարող է ներթափանցել: Բանն այն է, որ նոր տեսակն արդեն հայտնաբերվել է Ռուսաստանում, իսկ հիմա դեպի Հայաստան ռուսաստանցի տուրիստների մեծ հոսք կա:
Իսկ Ռուսաստանում կորոնավիրուսի համավարակի երրորդ ալիքը կտրուկ տարածվում է, մի շարք մարզեր և մեծ քաղաքներ արդեն հայտարարել են լուրջ սահմանափակումների մասին, մի շարք մարզերում չեն բացառում, որ արդեն առաջիկա օրերին ստիպված կլինեն ամբողջովին լոքդաուն հայտարարել, քանի որ տարածման տեմպերը չեն կարողանում վերահսկել: Ռուսաստանում մինչ օրս պատվաստվել է բնակչության միայն 10-12 տոկոսը` այն դեպքում, երբ իշխանությունները հայտարարել էին, որ ռուսական Sputnik V-ն աշխարհում առաջին պատվաստանյութն է։ Գրեթե փակ է եվրոպական երկրների մեծ մասը ռուսաստանցի զբոսաշրջիկների համար։ Ֆրանսիայի կառավարությունը Ռուսաստանն ավելացրել է կորոնավիրուսի տարածման բարձր ռիսկ ունեցող երկրների ցանկում։
Հայաստանում մինչ այժմ պատվաստվել է բնակչության 2 %-ը, ինչը, ըստ մասնագետի, բավականին վատ ցուցանիշ է, քանի որ վերջինն ենք տարածաշրջանում։ 65 719 հոգի Հայաստանում արդեն պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: Նրանցից մոտ 53 000-ը ստացել են պատվաստանյութի միայն առաջին դեղաչափը, մնացածը՝ նաև երկրորդը։ Նման ցուցանիշի դեպքում կոլեկտիվ իմունիտետի ձևավորման և սահմանափակումներից հրաժարվելու մասին դեռ հնարավոր չէ խոսել։ Այս պահի դրությամբ երկրում օրական մոտ 1500 պատվաստում է իրականացվում:
Նշենք, որ այս տարվա հունվար-ապրիլ մամիսներին մահացության ցուցանիշն ընդհանուր առմամբ աճել է 23,9 %-ով։ Դեպքերի շուրջ 50 %-ում մահը վրա է հասել արյան շրջանառության համակարգի հիվանդություններից, 14,9 %-ը՝ նորագոյացությունների հետևանքով։ Կորոնավիրուսի հետևանքով մահերը 3-րդ տեղում են՝ կազմելով ընդհանուր մահերի 14,7 %-ը։ Այս տարվա առաջին 4 ամիսներին Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով 1722 մարդ է մահացել։
Մանրամասները՝ տեսանյութում
Ն.Հ.