Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո քնից արթնացել է ու պայքարի է դուրս եկել ինքնակամ շինությունների դեմ: ArmLur.am-ը արդեն մի քանի օր է, ինչ քաղաքացիներից դժգոհություններ է ստանում այս խնդրի շուրջ։
Այս անգամ ArmLur.am-ին է զանգահարել Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ Նելսոն Լալայանը, որի պատմելով՝ քաղաքապետարանը փորձում է քանդել իր 20-ամյա կրպակը (Մարգարյան 11 շենքի դիմաց)։
«Ընդամենը կրպակի պատուհանն ու ալիբոնդ ենք փոխել։ Քաղաքապետարանը քանդման որոշում է ուղարկել մեզ, մենք այն վերցրել եւ գնացել ենք դատարան, իսկ դատարանը կասեցրել է քաղաքապետարանի գործողությունը․ դատարանն ասում է՝ մի քանդի, մինչեւ ես դրա օրինականացման հարցը քննարկեմ: Բերել ենք մենք դատարանի որոշումը, կպցրել ենք կրպակի ապակուն, հատուկ անհասկացողների համար մեծ տառերով տպել, կպցրել ենք պատուհանին, որ դատարանի որոշում կա: Բայց էսքանից հետո իրենք՝ ոստիկանության, քաղաքապետարանի, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության աշխատակիցները տրակտորներով եկան ու կանգնեցին, որ քանդեն։ Դատարանը կասեցումն ուղարկել է ԴԱՀԿ-ին, իբր ԴԱՀԿ-ն գա տիրություն անի, որ չքանդեն: Բայց այդքանից հետո եկան քանդելու, մենք զանգահարեցինք ԴԱՀԿ ու խնդրեցինք գալ: ԴԱՀԿ-ի բոլոր աշխատողներն երեկ մեզ մոտ էին, մի խոսքով՝ բանը հասավ վիճաբանության, քաշքշուկ եղավ քաղաքապետարանի, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների եւ ԴԱՀԿ աշխատողների միջեւ»,- ArmLur.am-ին իրավիճակը ներկայացրեց Նելսոն Լալայանը։ Բայց սա դեռ ամենը չէ, քաղաքացին տեղեկացել է, որ քաղաքապետարանից Աջափնյակի թաղապետարանի աշխատակիցներին հրահանգվել է քանդել:
«Մենք լսել ենք, որ դարձյալ գալու են: Բայց ԴԱՀԿ աշխատողները մեզ ասել են, եթե գան նորից կանչեք մեզ: Բայց մենք հո՞ տուն-տունիկ չենք խաղում, հենց տեսնենք գալիս են, զանգենք ԴԱՀԿ: Ամոթ է, չէ՞։ ԴԱՀԿ-ի 20-30 աշխատողը գա ցեպիտ անի կրպակի դիմաց, որ հանկարծ չքանդեն: Մուկն ու կատո՞ւ ենք խաղում, չհասկացա, մնում է իրար ծեծենք խայտառակ լինենք: Դատարանի վճիռը ապակուն կպցրած է, բայց եկել են, որ քանդեն, լկտիության գագաթնակետն է»,- զայրացած նկատեց քաղաքացին:
Զրույցի ընթացքում պարզ դարձավ, որ խանութն այս պահին գրեթե չի աշխատում․ «Տրակտորով գալիս, կանգնում են դիմացը, էլ ո՞վ կմտնի ներս»: Ի դեպ, այս խնդրի շուրջ քաղաքացին բողոք է ներկայացրել ՀՀ քննչական ծառայություն։
Սյունէ Համբարձումյան