Հայաստանի ամբողջ տարածքում սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պայմանավորված արաբական անապատներից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ՝ հունիսի 27-28-ը Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն, Արարատյան դաշտում և դրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում ցերեկային ժամերին սպասվում է +38․․․+39 աստիճան։ Հունիսի 27-ի հուլիսի 1-ը նշված գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր։ ՀՀ ԱԻՆ-ը խորհուրդ է տալիս ժամը 11։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։

Ըստ աղբյուրի՝ հանրապետության տարածքում հունիսի 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 28-30-ը, հուլիսի 1-2-ն առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ արագությամբ: Արարատյան դաշտում և դրա նախալեռնային գոտում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ մինչև 15-20 մ/վ արագություն։

Օդի ջերմաստիճանը հունիսի 29-30-ի՝ ցերեկը աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։

ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ Երևան քաղաքում հունիսի 27-ի ցերեկը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 29-30-ը, հուլիսի 1-2-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Երեկոյան ժամերին՝ քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ:




Լրահոս