«Հայաստան» դաշինքը մինչեւ հուլիսի 2-ը դիմելու է Սահմանադրական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության արդյունքները:
«Հայաստան» դաշինքից հայտնել են, թե դիտարկում են անձնագրերի, զինվորների, շրջիկ մեխանիզմի հնարավորության խնդիրները, եւ առկա է 200 հազարից ավելի քվեի խնդիր. որն ընտրությունների ելքն ամբողջությամբ փոխող թիվ է եւ այս հանգամանքներն ամբողջությամբ ներկայացվելու են ՍԴ:
Ըստ այդմ, Սահմանադրական դատարանը կարող է երեք որոշում կայացնել՝ քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչել, արդյունքներն անվավեր ճանաչել և նշանակել ընտրությունների 2-րդ փուլ, արդյունքներն անվավեր ճանաչել և սահմանել մանդատների բաշխման նոր կարգ:
Միեւյնույն ժամանակ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ ամփոփեց արտահերթ ընտրությունների արդյունքները։ Խորհրդարան անցած ուժերից վարչապետի պաշտոնակատար Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է ընտրողների ձայների 53.91 տոկոսը, երկրորդ նախագահ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը` 21.9 տոկոս, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.22 տոկոս։ «Պատիվ ունեմ»-ը չի հաղթահարել անհրաժեշտ նվազագույն շեմը եւ խորհրդարան է անցել Սահմանադրության պահանջով։
Ընդ որում, «Պատիվ ունեմ», «Հայաստան» դաշինքները և անցողիկ շեմը չհաղթահարած «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցությունը դիմել էին Կենտրոնական ընտրական հանձնաժողով ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով։
Սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժեց ընդդիմադիր ուժերի՝ քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջը։ Եվ դա է պատճառը, որ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքը ընտրության արդյունքները կվիճարկի Սահմանադրական դատարանում։
Հավելենք, որ «Հայաստան» դաշինքը 29 մանդատ է ստացել, «Պատիվ ունեմ»-ը՝ 7, իսկ «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 71։
Մանրամասները՝ տեսանյութում