«Պատիվ ունեմ» դաշինքը պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները։
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ, «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Սոս Հակոբյանը:
«Ընտրությունների ամփոփումից 5 օրվա ընթացքում մասնակցող քաղաքական ուժերը կարող են դիմել ՍԴ՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու հիմքով։ Մենք մինչև վերջնաժամկետն անպայման կդիմենք ՍԴ։ Այս պահին ընթանում է դիմումի կազմման, փաստաթղթավորման գործընթացը»,- նշեց Հակոբյանը։
Հիշեցնենք, որ երեք քաղաքական ուժ՝ «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցությունը, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները ԿԸՀ դիմումներ էին ներկայացրել՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին, որոնք մերժվել էին։