ՁԱԽՈՂՎԱԾ ՎԵԹԻՆԳԸ ԿՐԿԻՆ ԵՆ ՓՈՐՁՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թավշյա հեղափոխությունից հետո դատական համակարգում վեթինգ խոստացած իշխանությունները չնայած տապալել են դատաիրավական բարեփոխումները, սակայն նորից են բարձրաձայնում են, թե մտադիր են վեթինգի գործընթաց սկսել: Երեկ լրագրողների հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը հայտարարել է, թե իշխանությունները պողպատյա մանդատ ստանալուց հետո համակարգային վեթինգ կիրականացնեն: Նկատենք՝ ընտրություններից հետո վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հրավիրած հանրահավաքում ապօրինի գույք ունեցողներին առաջարկեց վերադարձնել թալանածը: «Կոչ եմ անում սկսել բանակցություններ գողացվածը վերադաձնելու վերաբերյալ, որը կծառայի ՀՀ սոցիալ-տնտեսական օրակարգի սպասարկմանը»: Անդրադառնալով Փաշինյանի հայտարարություններին՝ Բադասյանը նշել է. «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքի կիրառման մասին էլ ասաց, որ շուրջ երկու տասնյակ գործեր գտնվում են ամփոփման փուլում, կան որոշ միջանկյալ դատական ակտեր, որոնք վերաբերում են հայցի ապահովմանը»։ Նկատենք՝ վեթինգի մասին իշխանությունները խոսել էին թավշյա հեղափոխությունից անմիջապես հետո, սակայն այն ձախողվեց: Ձախողվեց վեթինգի սպառնալիքը, դատարանները շրջափակելու միջոցով իրենց կամքը դատավորներին պարտադրելու վարչապետական հրամանը, Սահմանադրական դատարանը սեփականացնելու պլանը: Եվ չնայած Բադասյանն ասում է՝ երկու տասնյակ գործեր գտնվում են ամփոփման փուլում, սակայն փաստ է մեկ բան, որ 2020 թվականի սեպտեմբերից մինչեւ այժմ չկա գեթ մեկ պաշտոնյա, որ մեղադրյալի աթոռին է հայտնվել ապօրինի հարստանալու համար, կամ ում գույքը բռնագանձվել է: Եվ այսքանից եւ այսքան ձախողումներից հետո իշխանությունները կրկին խոսում են համակարգային վեթինգ իրականացնելու կամ ապօրինի գույքի բռնագանձման մասին: Տեսնենք՝ այս անգամ որքան ժամանակում կձախողեն պլանները:

 

 

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը, որ միաժամանակ նաեւ ՀՀ փաստացի առողջապահության նախարար է, արդեն նախարարի նոր թեկնածու ունի: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արսեն Թորոսյանը  նոր ծրագիր է կազմել. նա իր ընկերոջ կնոջը՝ նախարարի ներկայիս ժ/պ Անահիտ Ավանեսյանին նպատակ ունի գործուղել խորհրդարան: Ըստ Թորոսյանի ծրագրի՝ Ավանեսյանը խորհրդարանում կզբաղեցնի ԱԺ առողջապահության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնը, եւ այս դեպքում Թորոսյանը մեկ զարկով երկու նապաստակ կխփի. Նարեկ Զեյնալյանին կհեռացնի ճանապարհից եւ իր մարդը կունենա այդ հանձնաժողովում: Իսկ գաղտնիք չէ, որ Թորոսյանն ու Զեյնալյանը խնդիրներ ունեն, եւ դա ոչ մեկ անգամ է արտացոլվել խորհրդարանում: Ինչ վերաբերում է նախարարի պաշտոնին, ապա Թորոսյանն արդեն նախարարի նոր թեկնածու ունի՝ իր տեղակալ Սարգիս Թորոսյանը: Վերջինս 2019թ. ապրիլի 10-ից է զբաղեցնում վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը: Նա մասնագիտությամբ իրավագետ է, սակայն առողջապահության ոլորտում եւս պաշտոններ է զբաղեցրել: Հիշեցնենք՝ Անահիտ Ավանեսյանն էլ առողջապահության ոլորտի մասնագետ չէ, իրավաբան է:

 

 

Դատական համակարգում ուշագրավ գործընթացները շարունակվում են: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադեւոսյանը որոշել է վերահսկողության տակ պահել դատական համակարգի ներկայացուցիչներին: Մասնավորապես, մենք տեղեկացանք, որ Վճռաբեկ դատարանի նախագահն իր մոտ է կանչել դատական համակարգի ներկայացուցիչներին եւ զգուշացրել, որ վերջիններս սոցիալական ցանցերում պետք է ավելի կոռեկտ լինեն, չհավանեն իշխանության դեմ որեւէ գրառում, նման մեկնաբանություն չթողնեն եւ գրառում չկատարեն: Վճռաբեկ դատարանի նախագահը հակառակ դեպքում սպառնացել է, որ պատասխանատվության են ենթարկվելու եւ ընդհուպ հեռացվելու են աշխատանքից: Խոսքը վերաբերում է ոչ միայն դատավորներին, այլ նույնիսկ գորածավարներին, քարտուղարուհիներին, որոնք եւս սոցիալական ցանցերում պետք է ակտիվ չլինեն եւ չդրսեւորեն այնպիսի պահվածք, որը կարող է ընդդեմ իշխանությունների լինել: Այսինքն՝ դատական համակարգում սկսել են վերահսկողություն իրականացնել, որպեսզի միայն իշխանահաճո վերաբերմունք լինի: Հետո էլ խոսում են, թե ապաքաղաքական է դատական համակարգը:

 

 

Հայաստանում ավտոմեքենաների «գոլդ» համարանիշերի դեֆիցիտ է առաջացել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ ոստիկանությունը որոշել է դրանք փոխարինել նորերով: Ըստ ոստիկանության՝ Հայաստանում գնալով նվազում է մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշեր ձեռք բերելու պահանջարկը, իսկ հետաքրքրություն ներկայացնող համարանիշերը գրեթե սպառվել են: Պարզվում է՝ ոստիկանությունն անգամ հաշվարկել է, թե մեծ պահանջարկ ունեցող, այլ կերպ ասած՝ «գոլդ» համարանիշերի վաճառքից որքան եկամուտ կունենա պետական բյուջեն: Ըստ այդ հաշվարկների՝ այն կկազմի ավելի քան 73 մլրդ 702 մլն դրամ, իսկ ծախսը՝ 2 մլրդ 93 մլն դրամ։ «Ժողովուրդ»  օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ ոստիկանությունն առաջարկում է հաշվառման համարանիշների թողարկումը թույլատրել 8 նոր տառերով՝ «B», «E», «H», «I», «J», «K», «W» եւ «Y»: Ի դեպ, ՀՀ ոստիկանության մշակած որոշման այս նախագիծը երեկ կառավարության նիստում ընդունվեց առանց զեկուցման. այն անգամ չքննարկվեց: Մեզ հայտնի դարձավ, որ ոստիկանության առաջարկած այս նոր համարանիշերը վարորդների համար հասանելի կլինեն արդեն հուլիս ամսին։

 




Լրահոս