ՄԻՊ-Ի ԴԻՄՈՒՄՈՎ ԿԱՍԵՑՐԵԼ Է ՈՐՈՇՈՒՄԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնում է. «Սահմանադրական դատարանն իմ դիմումով հունիսի 22-ի որոշմամբ կասեցրել է պետական բարձրագույն ուսումնական 3 հաստատությունների հոգաբարձուների խորհուրդների կազմի փոփոխություններին վերաբերող Կառավարության որոշման գործողությունը։

 

Կառավարության վիճարկվող որոշմամբ երեք բուհերի՝ Երեւանի պետական համալսարանի, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի եւ Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհուրդների թվակազմը սահմանվել է օրենքով նախատեսված նվազագույն շեմը՝ 20 անդամ՝ հետեւյալ համամասնությամբ՝ հիմնադրի կողմից 55 տոկոս կամ 11 հոգի, պետական կառավարման լիազոր մարմնի կողմից` 10 տոկոս կամ 2 հոգի, բուհի պրոֆեսորադասախոսական կազմից՝ 10 տոկոս կամ 2 հոգի, ուսանողական համակազմի ներկայացուցիչներից՝ 25 տոկոս կամ 5 հոգի։ Այս կարգավորումներով ստացվում է, որ նշված երեք բուհերում Հայաստանի Հանրապետության վարչապետի եւ լիազոր մարմնի կողմից նշանակված անդամները կազմելու են խորհրդի 65 տոկոսը: Ստացվում է, որ պրոֆեսորադասախոսական կազմից եւ ուսանողների կողմից ընտրված անդամների ձայները որոշումների կայացման գործընթացում որեւէ դերակատարություն չեն ունենալու:

Կարեւոր արձանագրում է, որ կառավարությունը նման փոփոխություններ նախաձեռնել էր այն դեպքում, երբ Ազգային ժողովի կողմից 2021 թվականի մարտի 24-ին ընդունված «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքը Սահմանադրական դատարանում վիճարկման առարկա է, իսկ այդ օրենքի խնդրո առարկա դրույթների սահմանադրականության վիճարկման պայմաններում նույն հարցը թիրախավորող եւ առավել անբարենպաստ լուծումներ պարունակող կարգավորումների ամրագրումը կառավարության որոշմամբ խնդրահարույց է եւ՛ բովանդակային, եւ՛ ընթացակարգային առումներով: Հատուկ արձանագրում եմ, որ դիմումով վիճարկվող դրույթներն ամրագրող նախագծերի հանրային քննարկման գործընթացը լիարժեք չի ապահովվել:

Վիճարկվող կարգավորումներն ընդունվել են դեռեւս հանրային քննարկումների ժամկետը չավարտած՝ շրջանցելով դրանց քննարկման եւ ընդունման ընթացակարգերը: Բացի այդ, թե՛ հանրային քննարկման դրված նախագիծը, թե՛ վիճարկվող կարգավորումները չեն ներկայացվել նաեւ Մարդու իրավունքների պաշտպանին՝ կարծիքի: Կարեւոր եմ համարում Սահմանադրական դատարանի այս որոշումը, որը դեռ վերջնական չէ եւ գործի ելքը չի որոշում, բայց վերաբերում է միայն որոշման գործողության կասեցմանը: Մասնավորապես, Բարձր դատարանը 2021 թվականի հունիսի 22-ի թիվ ՍԴԱՈ-121 որոշմամբ կասեցրել է վիճարկվող դրույթների գործողությունը մինչեւ գործի դատաքննության ավարտը: Դիմումով վիճարկվող դրույթների սահմանադրականությունը դեռ պետք է քննարկվի դատարանի հիմնական նիստում, որը նշանակված է այս տարվա հուլիսի 27-ին»:

 

 

ՈՒՇԱԳՐԱՎ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ

Կապուտան գյուղի դաշտում մարդու գանգի հայտնաբերման գործով իրավապահները ուշագրավ բացահայտումներ են իրականացրել: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ քաղաքացուն սպանել են եւ թաղել: Ավելին՝ իրավապահները հայտնաբերել են սպանություն կատարող անձին:

Սպանված անձը, կնոջ եւ երեխաների հետ բնակվելով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում, զբաղվել է ավտոմեքենաների վաճառքով, այդ թվում՝ ավտոմեքենաները ՀՀ տեղափոխելու եղանակով, իսկ 2020թ. հուլիսին վերադարձել է Հայաստանի Հանրապետություն եւ բնակվել Կոտայքի մարզի Ջրվեժ թաղամասում: Նշված գործընթացի կազմակերպման հարցում նրան աջակցություն է ցուցաբերել իր ծանոթը, որն իր տանը կից ավտոտեխսպասարկման կետում զբաղվել է ավտոմեքենաների վերանորոգմամբ:

2019-2020թթ. Ջրվեժի բնակիչը բանավոր համաձայնությամբ, գումարը մաս-մաս վճարելու պայմանով ծանոթին է վաճառել իրեն պատկանող «MERCEDES-BENZ» մակնիշի 4 ավտոմեքենա` ընդհանուր 11.000.000 ՀՀ դրամ արժողությամբ, ինչպես նաեւ շինարարական գործիքներ՝ 4.000.000 ՀՀ դրամ արժողությամբ:

Տղամարդը պարտավորվել է մաս-մաս վերադարձնել շուրջ 15.000.000 ՀՀ դրամ գումար, սակայն իր պարտավորությունները կատարել է մասնակի եւ վերադարձրել է միայն 1.500.000 ՀՀ դրամ: Պարտք մնացած առանձնապես խոշոր չափերի գումարը վերադարձնելու պարտականությունից ազատվելու, այդկերպ որոշակի նյութական օգուտ ստանալու նպատակով վերջինս որոշել է ապօրինաբար կյանքից զրկել պարտապանին:

2020թ. հոկտեմբերի 31-ին սպանված քաղաքացին միայնակ այցելել է ծանոթին պատկանող ավտոտեխսպասարկման կետ, որտեղ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ վերջինս հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով Ջրվեժ գյուղի բնակչին դիտավորությամբ զրկել է կյանքից, ապա նրա դին տեղափոխել է Կոտայքի մարզի Կապուտան գյուղի վարչական տարածքում գտնվող դաշտամիջյան հատված ու թաղել հողի ծածկույթի տակ: 2021թ. ապրիլի 28-ին նշված վայրից հայտնաբերվել է վերջինիս դին` գանգի շրջանում վնասվածքներով:

2021թ. հունիսի 9-ին որոշում է կայացվել տուժողի ծանոթին ՀՀ քրեական 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, եւ հայտարարվել էր հետախուզում: Ամիսներ անց նրան հայտնաբերեցին եւ կալանավորեցին:

Ք.Մ.

 

 

ՄԱՆԱԽԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵՑ

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի անհատական էջով ուղիղ հեռարձակմամբ հայհոյանքներ եւ բռնության սպառնալիքներ հնչեցնելու դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում Մանախ մականվամբ հայտնի Արթուր Այվազյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ դատարան ներկայացրած միջնորդությունը բավարարվել է: Հիշեցնենք, որ 2021թ. հունիսի 9-ին՝ ժամը 01:33-ին, Արթուր Այվազյանը համացանցի «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր անվամբ գրանցված անհատական էջի, ինչպես նաեւ «Հայոց ազգային բանակ» խմբի միջոցով նշված ցանցի բոլոր օգտատերերին հասանելի կարգավորմամբ ուղիղ հեռարձակում է կազմակերպել, որի ընթացքում անդրադառնալով ՀՀ-ում տեղի ունեցած մի շարք դեպքերի, մասնավորապես՝ օրեր առաջ ՀՀ եւ ԱՀ պետական սահմանին հայ զինվորին ադրբեջանցիների կողմից ծեծի ենթարկելու դեպքին՝ հայհոյանքներ է հնչեցրել ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության, ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի եւ այն անձանց հասցեներին, որոնք  2021թ. հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում կքվեարկեն ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի ղեկավարած կուսակցության օգտին՝ այսկերպ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով հասարակության անդամների նկատմամբ: Նշված հեռարձակման ընթացքում Արթուր Այվազյանը հնչեցրել է նաեւ նույն անձանց շրջանակի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքներ, որը զուգորդվել է բացառիկ ցինիզմով: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով: Վերջինս կալանավորվել է: Նախաքննությունը շարունակվում է:

 

 

ԱՏՐՃԱՆԱԿԸ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է

Հունիսի 19-ին ոստիկանության Վարդենիսի բաժին եկած տղամարդը հաղորդում էր տվել, որ մոտ կես ժամ առաջ իր տան մոտ կայանված «Մերսեդեսի» դուռը բացել եւ գողացել են իր օրինական գազային ատրճանակն ու փող՝ պատճառելով մոտ 730 հազար դրամի վնաս: Պարզվել է, որ հանցագործությունը կարող է կատարած լինի Վարդենիս քաղաքի 55-ամյա մի բնակիչ։ Նա բերման է ենթարկվել բաժին: Գազային ատրճանակը հայտնաբերվել ու վերցվել է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ պարզելու, թե այդ կարճ ընթացքում 55-ամյա տղամարդը որտեղ է թաքցրել բավական խոշոր գումարը: Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են:

 




Լրահոս