ԱՐԴՅՈՔ ԱՊԱԳԱ ԿԱ՞. ԳՈՒԺ ՄԱՆՈՒԿՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան Գուժ Մանուկյանի հետ զրուցել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների մասին:

 

Գուժ Մանուկյանը մեզ հետ զրույցում նշել է, որ այս խորհրդարանի հետ ապագա չի տեսնում, ամեն բան մշուշոտ է:

«Ես ինքնս կոնկրետ ոչ մեկին էլ չեմ ընտրել եւ սպասելիքներ առհասարակ այսքանից հետո չունեմ: Հիմա մեր երկիրը, մեր ժողովուրդը գտնվում են ալեկոծության մեջ, եւ հիմա կտեսնենք, թե այս ալեկոծությունը մեզ ուր կտանի եւ ինչ ողբեգտության կհանգեցնի. իսկ թե ուր կտանի, դա մեծ հարցական է մեզ համար: Կոնկրետ ես ինքս չեմ կարող ասել, թե ուր կտանի եւ ինչպես կտանի: Կա՛մ դուրս կգանք այս իրավիճակից, կա՛մ վերջնականապես կտապալվենք: Ես չգիտեմ, թե հստակ որ ուժերն են անցնելու խորհրարան, կամ արդյոք կանցնեն, նոր խորհրդարան կձեւավորվի, թե ոչ, կամ գուցե կլինի ընտրությունների երկրորդ  փուլ, չգիտեմ, չեմ կարող ասել, ամեն ինչ մեր երկրում անորոշ է: Ես չգիտեմ էլ, թե այդ երեք ուժերը, որոնք ամենաշատ ձայնն են հավաքել, ընտրություններին խորհրդարանում ինչ են անելու: Իմ կարծիքով՝ այն, ինչ կա այսօր, կմնա նույնը, եւ ոչինչ մեր կյանքում, հասարակ ժողովրդի, քաղաքացու կյանքում չի փոխվի»,-ասել է նա:

Գուժ Մանուկյանի խոսքով՝ հիմա սպասողական, անորոշ եւ միեւնույն ժամանակ բոլորիս մտքերում մշուշոտ պատկերացումներ են ապագայի հետ կապված:

«Հիմա դա լավ է, թե վատ, չեմ կարող ասել. դա ապագան ցույց կտա: Երեք տարի առաջ էլ՝ հեղափոխության ժամանակ, ասում էինք, որ ամեն ինչ լավ է լինելու, գնալու ենք դեպի պայծառ ապագա, բայց տեսանք, թե ինչ եղավ: Հիմա այսքան բանից հետո ես չգիտեմ, թե ապագա կա,  թե չկա: Այդ խոստումները, որ տալիս են, ի վերջո կատարելու են, թե ոչ՝ ելնելով այն ուժերի կազմից, որոնք լինելու են Ազգային ժողովում: Ասում են՝ պատիվ ունեմ, ուզում եմ հասկանալ, թե ինչ պատվի մասին է խոսքը, նրանք ի՞նչ պատիվ պետք է ունենան, կամ կունենան, թե չէ: Այս ժամանակահատվածում մեծ հարցականի տակ է, թե ինչ կլինի մեր ժողովրդի հետ, ինչ է սպասվելու: Սպասե՞նք արդյոք լավ օրվա, գալո՞ւ է այն մի օր Հայաստանի Հանրապետության համար, թե՞ ոչ»,-հավելել է նա:

Հիշեցնենք, որ 2006-2015 թթ. մեր զրուցակիցը եղել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ։

Նրա լավագույն անձնավորումներից են՝ Միտրոֆան (Դենիս Ֆոնվիզինի «Տհասը»), Սարո («Անուշ», ըստ Հովհաննես Թումանյանի), Պյոտր (Մաքսիմ Գորկու «Քաղքենիներ»), Բուկինգհայմ (Ուիլյամ Շեքսպիրի «Ռիչարդ III»), Բլյունչլի (Բեռնարդ Շոուի «Շոկոլադ ուտող զինվորը»), Կարանդիշեւ (Ալեքսանդր Օստրովսկու «Անօժիտը»), Տիգրան Մեծ (Պերճ Զեյթունցյանի «Աստվածների կանչը», ՀՀ պետական մրցանակ՝ 1981), Ալֆրեդ (Բերնարդ Շոուի «Իմ չքնաղ լեդինը»)։

Գուժ Մանուկյանի դերակատարումներին բնորոշ են հոգեբանական խնդիրների պարզ, համոզիչ լուծումները։

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 




Լրահոս