Շիրակի մարզի մի քանի համայնքների` Բենիամինի, Ազատանի, Արևիկի, Գետքի, Բայանդուրի բնակիչները վաղ առավոտից բողոքի ակցիա են իրականացնում Երևան-Գյումրի մայրուղու Ազատան-Բենիամին հատվածում։
Նրանք փակել են ճանապարհը՝ պահանջելով համայնքներն ապահովել ոռոգման ջրով։ Ըստ ցուցարարների, իրենք լուրջ խնդրի առաջ են կանգնած, քանի որ Կառնուտի ջրամբարի ջուրը կարող է չբավականացնել ու ցանքատարածությունները կմնան անմշակ։
Մայրուղու փակված հատվածում լարված իրավիճակ է ստեղծվել, հարյուրավոր մեքենաներ են կուտակվել։ Գյուղացիների հետ հանդիպման են եկել Շիրակ ՋՕ պատասխանատուները, վստահեցնում են՝ այսօր խնդիրը կկարգավորվի։ Մայրուղին դեռ փակ է, հողագործները պահանջում են հարցի վերջնական լուծում։ Ոստիկաններին դեռ չի հաջողվում համոզել բողոքի ակցիայի մասնակիցներին բացել ճանապարհը։