«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ այս օրերին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում պաշտոնների բաժանման գործընթաց է, սակայն առանց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մասնակցության: Մասնավորապես, մեր տեղեկություններով՝ քննարկումների ժամանակ ՔՊ-ականները ներկայացնում են իրենց հավակնությունները, որը ներկայացվում է խմբակցության ներկայիս ղեկավար Լիլիթ Մակունցին, վերջինս էլ այդ մասին տեղեկացնում է Նիկոլ Փաշինյանին: Եվ այսպես, քանի որ Մակունցը գնալու է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան, խմբակցության ղեկավարի պաշտոնի համար հավակնություններ են հայտնել պատգամավորներ Հայկ Կոնջորյանն ու Արփի Դավոյանը, չնայած վերջինիս թեկնածությանը խմբակցությունում այնքան էլ կողմ չեն: Դավոյանին դիտարկել են անգամ որպես ԱԺ կին փոխնախագահի թեկնածու: Մյուս թեժ պայքարը ԱԺ նախագահի պաշտոնի համար է, հավակնորդներն էլ՝ Արարատ Միրզոյանը, Ալեն Սիմոնյանը եւ Սուրեն Պապիկյանը, ու, կարծես թե, ավելի հակված են այն մտքին, որ կրկին Արարատ Միրզոյանը կլինի խորհրդարանի խոսնակը: ԱԺ փոխնախագահ կարող է դառնալ նաեւ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, ում թեկնածությունը արտաքին գործերի նախարարի կամ փոխնախարարի այնքան էլ չի ընկալվել, եւ որոշում է կայացվել բավարարվել ԱԺ փոխնախագահի աթոռը նրան տալով: Իսկ, ահա, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կարող է ղեկավարել Վլադիմիր Վարդանյանը: Սակայն ինչպես նշեցինք, սրանք ընդամենը քննարկումներ են թիմի ներսում, եւ այն հավակնություններն են, որոնք ունեն ՔՊ-ականները: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դեռ լուռ հետեւում է իրադարձություններին եւ կապ է պահում միայն Լիլիթ Մակունցի հետ:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունների ներսում այս պահին ՀՀ արտաքին գործերի նախարարի թեկնածուի փնտրտուքներ են։ Ինչպես հայտնի է, մայիսի 27-ից ԱԳ նախարարությունը նախարար ու փխնախարարներ չունի: Այս պահին իշխանական փնտրտուքները կանգ են առել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի վրա։ Բանն այն է, որ վերջինս ընդունված է ռուսական շրջանակների կողմից եւ ունի որոշակի փորձ եւ այդ պատճառով էլ ամենահավանական թեկնածուն է համարվում: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց անձամբ Մհեր Գրիգորյանից պարզել, թե արդյոք նման պաշտոնի առաջարկ ստացել է, թե ոչ։ Վերջինս նշեց, թե իրեն նշանակելու մասին որեւէ տեղեկություն չունի։ Հստակեցմանը՝ եթե նման առաջարկ լինի, կընդունի արդյոք, փոխվարչապետը պատասխանեց. «Կառավարության ձեւավորման հետ կապված հարցեր այս պահին չեմ մեկնաբանում»: Ասել է թե՝ ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց մեր տեղեկությունը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից մեկ օր առաջ ուժային կառույցներում ղեկավարի պաշտոններ զբաղեցնող մի շարք անձինք հրաժարականների դիմումներ են գրել՝ կարծելով, թե ընտրությունների արդյունքում ընդդիմությունն է հաղթելու, եւ որոշել են ապահովագրել իրենց: Նրանք որոշել էին, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընտրությունների արդյունքները հայտնելուց հետո միանգամից կստորագրեին աշխատանքից ազատման դիմումները եւ կհեռանան: Սակայն ինչպես հայտնի է, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ամփոփելով ընտրության նախնական արդյունքները, արձանագրեց ներկայիս իշխանությունների հաղթանակը՝ 53.91 տոկոսով: Եվ, ահա, մեր տեղեկություններով՝ այդ մասին տեղեկանալուց հետո հրաժարականի դիմումներ գրած ուժային կառույցներում ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձինք հենց իրենց աշխատասենյակներում պատռել են այդ դիմումները: Այսինքն՝ ընտրությունների ելքը նրանց սրտով է եղել:
Հայաստանում բենզինի գինը չի նվազում. Ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը հայաստանյան բենզալցակայաններում վաճառվում է 480 դրամով, իսկ Պրեմիումը՝ 500 դրամով: Բենզինի ներկրմամբ եւ վաճառքով զբաղվող ընկերություններն արդարանում էին, որ թանկացման պատճառը դոլարի բարձր փոխարժեքն է, որն ազդեցություն է ունեցել ներմուծվող ապրանքների գների վրա: Բայց ինչպես նկատում եք, դոլարի փոխարժեքը նվազում է, բայց բենզինի բարձր արժեքը պահպանվում է: Օրինակ՝ երեկվա դրությամբ ՀՀ առեւտրային բանկերում դոլարի դոլարի առքի առավելագույն գինը 490-492 դրամ է, վաճառքինը՝ 498-500 դրամ: Բացի այս, «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ հայտնված ցանկից տեղեկացանք, որ, հունիսի 21-ի տվյալներով, աշխարհում բենզինի միջին գինը կազմել է 1.17 դոլար: Օրինակ՝ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում, որի անդամ է հանդիսանում նաեւ Հայաստանը, բենզինը վաճառվում է գնային զգալի տարբերությամբ: Նշենք, որ Ղազախստանում բենզինի մեկ լիտրի միջին գինը կազմում է 222 դրամ: Բելառուսում բենզինի մեկ լիտրի միջին գինը կազմել է մոտ 340 դրամ, Ռուսաստանում՝ 337 դրամ: Ղրղզստանում բենզինի միջին գինը կազմել է մոտ 316 դրամ: Նշենք, որ հայկական եւ վրացական շուկաներում բենզինը վաճառվում է հավասար գներով: Հարեւան Իրանի Իսլամական Հանրապետությունում այն վաճառվում է միջինը 32 դրամով, որտեղից, ի դեպ, Հայաստանը սկսել է մեծ քանակությամբ բենզին ներկրել: Բայց ինչպես տեսնում եք, մեզ մոտ իրանական բենզինի գինը գերզանացում է 400 դրամը: