ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններում վախն է հաղթել: Ըստ Աբովյանի՝ ԲՀԿ-ն շարունակելու է իր քաղաքական պայքարը խորհրդարանից դուրս: Իսկ մեր դիտարկմանը, թե ինչու ԲՀԿ-ն պարտվեց ԱԺ արտահերթ ընտրություններում, ԲՀԿ խմբակցության քարտուղարը պատասխանեց. «Մարդիկ հոգնել են այս համատարած քաղաքական ու ոչ քաղաքական ցնցումներից: Այդ հոգնածություններն են բերել նրան, որ շատերը նույնիսկ չգնացին ընտրության: Իսկ մենք մարդկանց չենք բերում ընտրության: Մենք չէինք կարող բերել մարդկանց: Թող ոչ ոք չհամարձակվի ժողովրդին կամ մարդկանց մեղադրել»,-եզրափակեց Աբովյանը:
-Պարո՛ն Ավոբյան, տեւական ժամանակ է՝ քննարկվում է այն հարցը, թե արդյոք ձեզ համար սպասելի էր ընտրությունների այսպիսի ելքը: Դուք սպասո՞ւմ էիք, որ ընտրություններին նման ցուցանիշ կունենայիք:
-Այստեղ սպասումների հարցը չէ: Այստեղ խնդիրը նրանում է, որ, ցավոք, հաղթեց ատելությունն ու վախը: Հիմնական տրենդը դա էր: Մենք միտումնավոր այդ դաշտ չենք մտել եւ չենք էլ մտնի: Եվ հաշվի առնելով այն, որ փաստացի ծրագրային դրույթներ, առողջ խոսք, իրական ելքեր, թե ինչպես պետք է այս ծանրագույն ճգնաշամից դուրս գանք, ցավոք չլսվեց վախի գեներացված ու շինծու վախի, ատելության մթնոլորտի ձեւավորման մեջ: Շատ դժվար է կոնստրուկտիվ միտք արտահայտել այն պարագայում, երբ, օրինակ, գեներացվում են ատելության խոսք, մուրճեր եւ այլ վիրավորանքներ:
-Այսինքն՝ հանրությունը վախեցա՞վ:
-Այս պարագայում խնդիրները, որ ծագել են Հայաստանի Հանրապետության առջեւ, իրենք չէին քննարկում: Մենք էինք բերում այդ խնդիրների լուծման եղանակները, որոնք պետք է լինեին: Հիմա ունենք այն, ինչ ունենք. պայքարը շարունակվում է: Շատ պարզ պատճառով այդ շինծու վախերն ու ատելությունը, որ ձեւավորվեց, հարց չլուծեց: Հայաստանը իրական վտանգի առջեւ է կանգնած: Այդ հարցը չլուծեցին, Հայաստանի անվտանգության հարցը չլուծվեց, Արցախի հարցը նույնպես չլուծվեց: Դե Արցախից ընդհանրապես չէին խոսում: Այսինքն՝ ստացվում է, որ ձեռքերը լվացել, քաշվել են մի կողմ: Տարածաշրջանային վտանգների մասին նույնպես չխոսվեց: Ընդհակառակը, այն քաղաքականությունը, որ մենք այսօր շարունակական տանում ենք, մեր գնահատականները չեն փոխվել:
-Իշխանությունը խելքի գալո՞ւ է՝ ըստ Ձեզ:
-Ո՛չ:
-Այսինքն՝ նույն ձեւով շարունակելո՞ւ է աշխատել:
-Կարծում եմ՝ այո:
-«Բարգավաճ Հայաստան» կուսակցության այն անդամները, որոնք այս տարիների ընթացքում ձայն էին տվել, հավատարիմ են եղել, հիասթափվե՞լ են կուսակցությունից:
-Ո՛չ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից հիասթափության մասին չէ խոսքը: Հիմա բացատրեմ, թե ինչ հիասթափության մասին եմ խոսում: Մարդիկ հոգնել են այս համատարած քաղաքական ու ոչ քաղաքական ցնցումներից: Այդ հոգնածություններն են բերել նրան, որ շատերը նույնիսկ չգնացին ընտրության: Իսկ մենք մարդկանց չենք բերում ընտրության: Մենք չէինք կարող բերել մարդկանց: Թող ոչ ոք չհամարձակվի ժողովրդին կամ մարդկանց մեղադրել: Բնական երեւույթ է: Ես կարծում եմ, որ այդպես էլ պետք է լիներ:
-Դուք ի՞նչ եք անելու:
-Մենք շարունակելու ենք աշխատել: Մեզ համար մանդատը շատ կարեւոր գործիք էր, բայց դա ընդամենը գործիք էր քաղաքական գիծ տանելու առաջ, այլ շարունակելու ենք: Ասեմ ավելին՝ արտախորհրդարանական ֆորմատում անելու ենք մեր մաքսիմալ գործունեությունը: Արձագանքելու ենք բոլոր քաղաքական գործընթացներին: Թող հույսները կտրեն բոլոր այդ մարդիկ, որոնք շինծու բաներ են տարածում: Մենք եղել ենք, կանք եւ կմնանք: Հիմա ավելի ուժեղ ենք:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
ՑՈՒՑԱՆԻՇՆ ԱՎԵԼԱՑԵԼ Է
Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2021-ի հունվար-մայիսին 2020-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 4.3 տոկոսով: Այս մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները: Արդյունաբերական արտադրանքի ծավալը հունվար-մայիսին աճել է 2.3 տոկոսով: Արտաքին առեւտրաշրջանառության ծավալներում այս տարվա 5 ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ, նկատվել է աճ 11.6 տոկոսով: ArmLur.am-ը պաշտոնական աղբյուրից տեղեկացավ, որ Հայաստանի սպառողական շուկայում այս տարվա հինգ ամիսների ընթացքում արձանագրված գնաճը կազմել է 5.5 տոկոս: Մայիսին, ապրիլի նկատմամբ, Հայաստանից արտահանումը աճել է 7.9 տոկոսով, իսկ հունվար-մայիսին, նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ, 20.8 տոկոսով: 2021-ի մայիսին ապրիլի նկատմամբ Հայաստան ներմուծումն աճել է 1.5 տոկոսով, իսկ հունվար-մայիսին, 2020-ի նույն ժամանակի համեմատ, ցուցանիշը ավելացել է 6.7 տոկոսով:
ԹԵԺ ՊԱՅՔԱՐ՝ ՔՊ-ՈՒՄ
ArmLur.am-ի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում թեժ պայքար է սկսվել Ազգային ժողովի նախագահի պաշտոնի համար: Այս պահին մրցակցություն է առկա երեք ՔՊ-ականի միջեւ՝ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի, ԱԺ ներկայիս նախագահ Արարատ Միրզոյանի եւ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի միջեւ: Ամենաակտիվն այս փուլում Արարատ Միրզոյանն է, որն ամեն ինչ անում է իր պաշտոնին վերադառնալու համար, անգամ հանդիպումներ է փնտրում Նիկոլ Փաշինյանի հետ: Մյուս թեկնածու Ալեն Սիմոնյանը դեռ ընտրություններից առաջ էր ասել, որ հաղթանակի պարագայում ինքը պետք է լինի խորհրդարանի խոսնակը, իսկ, ահա, Սուրեն Պապիկյանն էլ հոգնել է գործադիրում աշխատանքից եւ որոշել է ավելի հանգիստ աշխատանք գտնել, իսկ ԱԺ նախագահի պաշտոնն էլ ամենահարմարն է: Սակայն վերջնական որոշումը Նիկոլ Փաշինյանինն է, եւ հիմա բարդ է ասել, թե ում վրա կանգ կառնի նրա ընտրությունը:
ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ
ArmLur.am-ը տեղեկացավ, որ հունիսի 30-ին՝ չորեքշաբթի օրը, Ազգային ժողովի հին կազմով գումարվելու է արտահերթ նիստ: Մենք տեղեկացանք, որ նիստի օրակարգում հիմնականում երկրորդ ընթերցման ենթակա նախագծերն են լինելու: Բանն այն է, որ նախորդ հերթական նստաշրջանը տապալվեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի պատճառով, եւ հիմա որոշել են նախագծերն արտահերթ նիստով անցկացնել: Ընդ որում, քանի որ ընդդիմադիր ուժը դիմելու է Սահմանադրական դատարան, եւ նոր խորհրդարանի առաջին նիստի օրը, ըստ էության, հետաձգվելու է, իշխանությունները որոշել են օգտագործել այս ընթացքը եւ այս կազմով նախագծեր անցկացնել:
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՑՆՈՒՄ Է ԳՈՐԾԻ
«Հայաստան» դաշինքը մինչեւ հուլիսի 2-ը դիմելու է Սահմանադրական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկության արդյունքները:
«Հայաստան» դաշինքից հայտնել են, թե դիտարկում են անձնագրերի, զինվորների, շրջիկ մեխանիզմի հնարավորության խնդիրները, եւ առկա է 200 հազարից ավելի քվեի խնդիր, որն ընտրությունների ելքն ամբողջությամբ փոխող թիվ է, եւ այս հանգամանքներն ամբողջությամբ ներկայացվելու են Սահմանադրական դատարան: Ըստ այդմ, Սահմանադրական դատարանը կարող է երեք որոշում կայացնել՝ քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչել, արդյունքներն անվավեր ճանաչել եւ նշանակել ընտրությունների 2-րդ փուլ, արդյունքներն անվավեր ճանաչել եւ սահմանել մանդատների բաշխման նոր կարգ:
Միեւյնույն ժամանակ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ ամփոփեց արտահերթ ընտրությունների արդյունքները։ Խորհրդարան անցած ուժերից վարչապետի պաշտոնակատար Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է ընտրողների ձայների 53.91 տոկոսը, երկրորդ նախագահ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը` 21.9 տոկոս, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.22 տոկոս։ «Պատիվ ունեմ»-ը չի հաղթահարել անհրաժեշտ նվազագույն շեմը եւ խորհրդարան է անցել Սահմանադրության պահանջով։
Ընդ որում, «Պատիվ ունեմ», «Հայաստան» դաշինքները եւ անցողիկ շեմը չհաղթահարած «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցությունը դիմել էին Կենտրոնական ընտրական հանձնաժողով ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժեց ընդդիմադիր ուժերի՝ քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջը։ Եվ դա է պատճառը, որ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքը ընտրության արդյունքները կվիճարկի Սահմանադրական դատարանում։
Հավելենք, որ «Հայաստան» դաշինքը 29 մանդատ է ստացել, «Պատիվ ունեմ»-ը՝ 7, իսկ «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 71։
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ