ՄՈՍԿՎԱՅԻ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՄԻՋԵՎ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտոնական Երեւանն ու Մոսկվան արդեն բանակցություններ են սկսել Հայաստանում ռուսական ռազմակայանի ընդլայանման շուրջ: Այդ նպատակով արդեն  Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք է մեկնել ներկայացուցչական պատվիրակություն, որը բաղկացած է Հայաստանի պաշտպանության, արտաքին գործերի, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունների, Զինված ուժերի գլխավոր շտաբի, հայ-ռուսական միացյալ խմբավորման, ինչպես նաեւ Կադաստրի կոմիտեի բարձրաստիճան ներկայացուցիչներից։

 

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հունիսի 23-ի որոշումից տեղեկանում ենք. «Հայաստանի տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղակայման եւ գործառնման նպատակով հողատարածքների եւ անշարժ գույքի փոխանցման հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի 13-րդ նիստին մասնակցելու նպատակով 2021 թվականի հունիսի 26-ից մինչեւ հուլիսի 1-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղել պատվիրակություն»։

14-հոգանոց պատվիրակությունը ղեկավարում է Պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության պետ, միջպետական հանձնաժողովի հայկական մասի նախագահ Արմեն Ավետիսյանը։

Հայաստանյան պատվիրակության կեսից ավելին հենց Պաշտպանության նախարարությունից են: Ռուսաստանյան լրատվամիջոցների հաղորդել են, որ  հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի 13-րդ նիստը Մոսկվայում տեղի է ունեցել երեկ:

Մոտ մեկ ամիս առաջ՝ մայիսի 27-ին, կառավարության նիստում որոշում կայացվեց Սյունիքի մարզում շուրջ 3,5 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասեր անհատույց օգտագործման իրավունքով հատկացնել Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության՝ ???-ի Հայաստանում տեղակայված սահմանապահ վարչությանը: Ռուս սահմանապահների օգտագործմանն են անցնում Կապան համայնքի Շիկահող գյուղից, Մեղրիի Շվինաձոր, Կարճեւան, Նռնաձոր գյուղերից ու Տեղ համայնքից 7 միավոր հողակտոր։

Կառավարության հիմնավորմամբ՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո անհրաժեշտ է ամրացնել Հայաստանի հարավարեւելյան սահմանները, ինչի համար էլ անհրաժեշտ հողամասեր են առանձնացվել։ Ինչպես հայտնի է, 44-օրյա պատերազմից հետո հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում հսկողություն են իրականացնում նաեւ ռուս սահմանապահները։ Հայաստանում ռուսական 102-րդ ռազմակայանի ընդլայնման կամ նոր ռազմակայանի հիմնման մասին տեղեկությունները նոր չեն։ Հայտարարությունների մակարդակով այս ամսին սկսեցին խոսել 44-օրյա պատերազմից գրեթե անմիջապես հետո, որի ընթացքում Մոսկվայի փաստացի անգործության պայմաններում Ադրբեջանն ու Թուրքիան կարողացան հայկական Զինված ուժերին գերազանցող ուժեր կենտրոնացնել եւ հաջողության հասնել Արցախի ուղղությամբ։

Այս մայիսի 3-ին ելույթ ունենալով Ազգային ժողովում՝ կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ե՛ւ պատերազմից առաջ, ե՛ւ հետո Հայաստանի արտաքին անվտանգության համակարգի հիմքում նախեւառաջ ընկած է հայ-ռուսական համատեղ զորախումբը. «Հարց հնչեց Սյունիքի անվտանգության, 102-րդ ռազմաբազայի վերաբերյալ: Կարծում եմ՝ դա գաղտնիք չէ, որ Սյունիքի մարզում ռուսական 102-րդ ռազմական բազայի 2 նոր հենակետ է հիմնադրվել, եւ այդ նոր հենակետերի հիմնադրումը լրացուցիչ երաշխիք է Սյունիքի մարզի եւ ընդհանրապես ՀՀ անվտանգությունն ապահովելու համար»:

Թե ի վերջո ինչ որոշումներ են կայացվել, դեռ երկու կողմերը չեն բացահայտել:

Ն.Հ.

 

 

ՊԱՅԹՅՈՒՆ՝ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ

Նախօրեին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ահազանգ է ստացվել, որ Զվարթնոց թաղամասի Արամ Խաչատրյան փողոցի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել: Ոստիկանները նշված փողոցի 33 տանը՝ հյուրասենյակում՝ հատակի վրա, բերանքսիվայր հայտնաբերել են տղամարդու դի: Պարզվել է, որ նշված տանից 1 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ դեպքի վայր է ժամանել Էջմիածնի դատախազ Կարեն Խաչատրյանը: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի Մայիսյան փողոցի բնակիչ, 48-ամյա Գեւորգ Ասատրյանն էր, իսկ վիրավորը Զվարթնոց թաղամասի Արամ Խաչատրյան 33 տան բնակիչ, 33-ամյա Ռուբեն Պապոյանն է: Փաստի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչության պետ Ս. Տոնոյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, քննչական խմբի ղեկավար է նշանակվել ՀԿԳ ավագ քննիչ Վ. Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ըստ նախնական տեղեկությունների՝ տան հյուրասենյակում նռնակ է պայթեցվել, ինչի հետեւանքով էլ Գ. Ասատրյանը տեղում մահացել է, իսկ Ռ. Պապոյանը տեղափոխվել է հիվանդանոց: Հիվանդանոց տեղափոխված Ռ. Պապոյանը, գիտակցության չգալով, մահացել է:

 

 

ԿԱՍԿԱԾԵԼԻ ԶԱՆԳԵՐ՝ ԱԴՐԲԵՋԱՆԻՑ

Վերջին օրերին՝ Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կոչից հետո, Ազգային անվտանգության ծառայությունում գրանցվել են Ադրբեջանի ու Թուրքիայի Հանրապետությունների քաղաքացիների կողմից Արցախի Հանրապետության քաղաքացիներին ուղղված հեռախոսազանգերի դեպքեր։  «Արցախի ԱԱԾ-ն եւս մեկ անգամ կոչ է անում բացառապես զերծ մնալ նմանատիպ կասկածելի հեռախոսազանգերին պատասխանելուց եւ անմիջապես դիմել ԱՀ ԱԱԾ։ Միաժամանակ հորդորում են զերծ մնալ ապազգային գործելաոճից, չշահարկել ու բաց հարթակներում քննարկման առարկա չդարձնել այդօրինակ լուրերը, որոնց նպատակը Արցախի բնակչության մեջ վախի ու ապագայի հանդեպ անորոշ մթնոլորտի ստեղծումն է»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

 

 

ԾԱՆՐԱԿՇԻՌ ՔՆՆԱՐԿՈՒՄ

«Շնորհակալ ենք փաստաբաններից մեր հարազատներին աջակցելու պատրաստակամության համար, բայց ռազմագերիներին վերաբերող ցանկացած հարց պետք է ծանրակշիռ քննարկել, դիտարկել առաջարկի իրատեսական լինելը»,- ասել է գերեվարված Մելս Ամբարդարյանի եղբայրը՝ Տիգրան Ամբարդարյանը՝ անդրադառնալով մի խումբ փաստաբանների հայտարարությանը, թե պատրաստ են Բաքվի դատարանում պաշտպանել հայ ռազմագերիների շահերը: «Ուզում եմ հիշեցնել, որ մենք թե՛ նստացույցի ժամանակ, թե՛ դրանից առաջ հայտարարում էինք, որ պահանջում ենք՝ Ադրբեջանում մեր տղաների գործերին հետեւեն միջազգային դիտորդները, մեր տղաների հետ աշխատեն նաեւ հոգեբանները: Մինչ մեր նստացույցը որեւէ հայ փաստաբան  առաջարկությունով հանդես չեկավ, հիմա առաջարկներ են հնչեցնում, որոնք պետք է քննարկենք, հասկանանք՝ դրանից կարող ենք տուժել, թե շահել», -մանրամասնել է նա: Վերջինիս խոսքով՝ Ադրբեջանը չի հետեւում Ժնեւյան կոնվենցիային, ուստի միջազգային ճնշումը չպետք է ուշանար:

 

 

 

ԱՎԱԶԱԿԱՅԻՆ ՀԱՐՁԱԿՈՒՄ

Երեւանում երեկ դիմակավորված, զենքի նմանվող առարկայով ավազակային հարձակում է տեղի ունեցել. ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Անդրանիկի 147 հասցեում գործող CRED վարկային կազմակերպությունում զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել։ Ոստիկանները պարզել են, որ մի քաղաքացի, բժշկական դիմակով դեմքը փակած, գլխարկով, զենքի նմանվող առարկայով մտել է նշված կազմակերպություն, զենքը պահել աշխատակցի ուղղությամբ եւ գումար հափշտակել, ապա դիմել փախուստի։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։ Թե ինչքան գումար է հափշտակել հանցագործը, պարզվում է։ Նշված վարկային կազմակերպությունը հսկվում է «Արմոբիլ» ընկերության կողմից, եւ արդյոք այդ պահին նշված ընկերությունից մարդիկ եղել են, թե ոչ, նույնպես պարզվում է։

 

 

ԱՀԱԶԱՆԳ

Սյունիքի մարզի Արավուս գյուղի գյուղապետ Արգամ Հովսեփյանի խոսքով՝ բնակիչներն  ահազանգել են Տեղ գյուղում տիրող իրավիճակի մասին: «Բնակիչների ահազանգից հետո ինձ հետ կապ է հաստատել Տեղի գյուղապետը եւ կամավորական ջոկատի տղաները, համայնքի ղեկավարներով մենք առաջին բանակային կորպուսի հրամանատարի հետ եղել ենք դեպքի վայրում»,- նշել է Հովսեփյանը: Ըստ նրա՝ չնայած բանակցությունների ժամանակ ադրբեջանական կողմը ագրեսիվ է տրամադրված եղել, բայց հաջողվել է խոտը հավաքել: «Վերին աստիճանի ագրեսիվ են տրամադրված եղել ադրբեջանցիները, դրանք մարդկային լեզուն, բանակցությունները չեն հասկանում, հանգիստ խոսել չի լինում դրանց հետ, բայց մեզ հաջողվել է այնպես անել, որ բնակիչները կարողանան խոտը հավաքել, բարձել մեքենան, եւ դրանից հետո արդեն հեռացել ենք դեպքի վայրից»,-ասել է նա: Հիշեցնենք, որ Տեղ գյուղի բնակիչները գնացել են Տեղ-Արավուս-Խնածախ բնակավայրերի հատման կետ՝ հավաքելու հնձած խոտը, սակայն թշնամու զինվորները իջել են դիրքերից եւ արգելել հավաքել խոտը:

 

 




Լրահոս