Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (այսուհետ՝ ՄԻԵԴ) ՀՀ կառավարության կողմից նախաձեռնված միջպետական իրավական գործընթացների շրջանակում ստացված եւ հանրային բաց աղբյուրներից հավաքագրված տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանի իշխանությունը ներկայումս շինծու քրեական հետապնդումներ է իրականացնում 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի արդյունքում գերեվարված եւ միջազգային մարդասիրական իրավունքի ակնհայտ կոպիտ խախտմամբ մինչ օրս Ադրբեջանում պահվող ՀՀ քաղաքացի հանդիսացող անձանց նկատմամբ։ Այս մասին հայտարարություն է տարածել ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակը:
Հայտարարությունում նաեւ ասվում է. «ՀՀ կառավարությունը բազմիցս պաշտոնապես հայտարարել է եւ այժմ վերահաստատում է իր այն դիրքորոշումը, որ ներկայումս Ադրբեջանում ապօրինաբար պահվող անձինք հանդիսանում են ռազմագերիներ եւ առեւանգված քաղաքացիական անձինք եւ օգտվում են 1949թ. Ժնեւի կոնվենցիաներով տվյալ անձանց համար սահմանված պաշտպանության երաշխիքներից։ Գերեվարված հայ անձանց դեմ հարուցված ցանկացած քրեական գործ զուրկ է որեւէ իրավական հիմքից եւ բացահայտորեն հակասում է միջազգային իրավական նորմերին։
Ավելին, Ադրբեջանի իշխանության կողմից հայ ռազմագերիների եւ պահվող քաղաքացիական անձանց նկատմամբ մտացածին մեղադրանքների հիման վրա իրականացվող քրեական հետապնդման ողջ գործընթացը զուգորդվում է արդար դատաքննության հիմանարար իրավունքի տարրերի երաշխիքների կոպտագույն խախտումներով։ Մասնավորապես՝ թե՛ մարդու իրավունքների միջազգային իրավունքի եւ թե՛ միջազգային մարդասիրական իրավունքի ներքո քրեական հետապնդման ենթարկվող անձինք պետք է օգտվեն արդար դատաքննության նվազագույն այնպիսի երաշխիքներից, ինչպիսիք են անմեղության կանխավարկածը, իրեն հասանելի լեզվով անհապաղ ու հանգամանորեն տեղեկացվելու ներկայացված մեղադրանքի բնույթի եւ հիմքի մասին, բավարար ժամանակ ու հնարավորություններ ունենալ իր պաշտպանությունը նախապատրաստելու համար, պաշտպանել իրեն անձամբ կամ իր ընտրած դատապաշտպանների միջոցով, օգտվելու թարգմանչի անվճար ծառայությունից եւ այլն։ Նշված իրավական պարտադիր երաշխիքները ակնհայտորեն խախտվում են Ադրբեջանի իշխանությունների կողմից, ինչը բազմիցս հավաստվել է մի շարք միջազգային կառույցների, այդ թվում նաեւ՝ ՄԻԵԴ-ի կողմից։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը բազմիցս դիմել է ՄԻԵԴ-ին նշված անձանց նկատմամբ քրեական հետապնդումները դադարեցնելու, վերջիններիս ազատ արձակելու կամ նրանց իրավունքները այլ կերպ երաշխավորելու տարաբնույթ պահանջներով։ Սակայն նկատի ունենալով, որ ՄԻԵԴ իրավական մեխանիզմների շրջանակում միակ հրատապ միջոցը Դատարանի Կանոնների կանոն 39-ի ներքո միջանկյալ միջոց կիրառելու հնարավորությունն է, ինչը, ցավոք, շատ սահմանափակ բնույթ ունի եւ կիրառվում է հիմնականում կյանքի իրավունքի կամ խոշտանգումներից զերծ մնալու իրավունքի խախտման անդառնալի վտանգի դեպքում, ՄԻԵԴ-ը զերծ է մնում տվյալ անձանց նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման հարցերին միջամտելուց։
Վերոնշյալի հաշվառմամբ՝ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը ներկայումս իրավասու պետական մարմինների եւ շահագրգիռ այլ անձանց հետ միասին շարունակում է մասնագիտական քննարկումները այլ միջազգային իրավական մեխանիզմների համատեքստում հնարավոր արդյունավետ գործիքազմներին դիմելու հնարավորության առնչությամբ գերեվարված հայ անձանց նկատմամբ իրականցվող ապօրինի քրեական հետապնդումների մասին տեղեկություն ստանալու, դրանց որեւէ կերպ միջամտելու կամ դրանք կանխելու նպատակով։ Միաժամանակ նկատի ունենալով, որ ընթացող միջազգային իրավական գործընթացները կրում են բարդ եւ բազմաշերտ բնույթ, ինչպես նաեւ այն, որ Ադրբեջանի իշխանությունները ցանկացած պատեհ-անպատեհ առիթ փորձելու են օգտագործել իրենց կողմից նախաձեռնված շինծու քրեական հետապնդումները «օրինակացնելու» նպատակով՝ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը հայտնում է իր պատրաստակամությունը համագործակցելու խնդրով շահագրգռված իրավաբանների, փաստաբանների, փաստաբանական պալատի կամ ցանկացած այլ անձանց եւ/կամ իրավապաշտպան կազմակերպությունների հետ եւ կոչ է անում վերջիններիս նախքան որեւէ քայլ ձեռնարկելը պարտադիր քննարկել եւ դրանք համաձայնեցնել Գրասենյակի հետ։ Միեւնույն ժամանակ հաշվի առնելով խնդրի գերզգայնությունն ու հույժ կարեւորությունը՝ հորդորում ենք հնարվորինս զերծ մնալ թեմայի ավելորդ անգամ շահարկումներից եւ հարցի շուրջ հրապարակային քննարկումներից։
ԿՈՇՏ ՊԱՏԱՍԽԱՆ՝ ՆԱԽԿԻՆ ՄԱՐԶՊԵՏԻՆ
Տավուշի նախկին մարզպետ, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանը գրառում է կատարել, ուր նշել է որպես մարզպետ իր պաշտոնավարման ժամանակ Տավուշում արված եւ այժմ իրականացվող գործերի մասին՝ հավելելով. «Այսօրվա խորհուրդը հետեւյալն է. այս ամենը հնարավոր է եղել իրականացնել, քանի որ մեր մղումը ոչ թե անկուշտ հարստություն դիզելը, երկրի ղեկավարներին կաշառելն է, այլ երկիրը զարգացնելը, ժողովրդի բարեկեցությունն ու արժանապատվությունը բարձրացնելը: Այո՛, uա չէր կարող դուր գալ, եւ հիմա չէին կարող ռեւանշի դուրս չգալ բոլոր նրանք, ովքեր վերջին 3 տարիներին զրկված են բյուջեն եւ բիզնեսները թալանելու տասնամյակներ շարունակված արտոնությունից, սարսափած իրենց թալանածը ժողովրդին վերադարձնելու այս հեռանկարից, ատամները կիճտացնելով՝ սպասում եւ աղոթում էին, որ այս կառավարությունը սխալվի, սայթաքի, որպեսզի վերադարձնեն թալանի եւ ամենաթողության, քծնանքի եւ տգիտության ժամանակները, որտեղ իրենք երջանիկ էին՝ ուրիշների դժբախտության հաշվին: Դա չի լինելու, դուք այլեւս անցյալ եք, իսկ մենք մեր ու մեր երեխաների ապագան ենք ընտրում, եւ ԿԱ՛ ԱՊԱԳԱ…»։ Այդ գրառմանն ի պատասխան՝ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանը գրառում է կատարել սոցցանցում, ուր նշել է, որ իշխանության «մրճահար» թիմը թաղել է մեր հպարտության աղբյուր եւ երազանքների իրականացում Արցախ աշխարհը, հայրենազրկել, պատվազրկել, պատերազմը բացառիկ ապիկարությամբ վարելով՝ հազարավոր զոհված եւ խեղված կյանքերի պատճառ դարձել, հարյուրավոր հերոսների մարմիններ ամիսներ շարունակ նետված են խորդանոցներում՝ պարկերի մեջ զետեղված։ Նա հիշեցրել է, որ Հ. Չոբանյանի նշած «տասնամյակների թալանի» տարիներին Տավուշի մարզպետն է եղել Արմեն Ղուլարյանը, ով այժմ քաղաքաշինության կոմիտեի նախագահն է, եւ Հ. Չոբանյանին խնդրել է, որ վերջինս իր գրառումը ցույց տա Ա. Ղուլարյանին։ Թեմի առաջնորդը հիշեցրել է, որ «քծնանքի եւ տգիտության ժամանակներում» Տավուշի դպրոցներում ներդրվել են «Արմաթ» լաբորատորիաները, նշել ներկա իշխանության սխալները՝ Դավիթ Սարգսյանին Դիլիջանի քաղաքապետի պաշտոնակատար նշանակելը, Աչաջրի ծննդատան փակելը, Իջեւանի արվեստի կենտրոնին առանձին շենք չհատկացնելը, Հայկ Ղալումյանի մարզպետ նշանակվելը՝ «Տավուշի մարզպետությունը եղբայրական ժառանգության վերածելը», Արցախում պատերազմի ժամանակ Իջեւանում ջոկատի կազմավորվելուց հետո անհասկանալի վայրերում կամուֆլյաժով նկարվելը եւ «Զինուժ»-ով ցուցադրելը, Արցախին օգնության մեկնող, բայց Տավուշյան անտառներում ծվարելը, արտերկրից Տավուշ 5000 հայերի ներգաղթ կազմակերպելու Հ. Չոբանյանի անկատար խոստումը եւ այլն։ Բագրատ Սրբազանն իր գրառումն ավարտել է հետեւյալ խոսքերով. «Միեւնույնն է, վաղն ինչ էլ պատահի, հոգեւոր Հայաստանս հաղթելու է ձեր նոր Հայաստանին, տաճարը հաղթելու է փողոցին»։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐՈՒՄ ԱՆՊԱՏՐԱՍՏ ԷԻՆ
Հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները կազմակերպելու համար տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներ, նախագահներ եւ քարտուղարներ առաջադրում էին Ազգային ժողովում ներկայացված կուսակցությունները՝ «Քաղաքացիական պայմանագիրը», «Լուսավոր Հայաստանը» եւ «Բարգավաճ Հայաստանը», այդ առաջադրումներից հետո տեղամասային ընտրական հանձնաժողովներում թափուր տեղերի առկայության դեպքում այդ տեղերը լրացնում էր Տավուշի մարզի տարածքային ընտրական երկու հանձնաժողովները։
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Տավուշի մարզի քաղաքներում կայացել են սեմինարներ, որոնց ընթացքում տեղամասային հանձնաժողովների անդամներին, նախագահներին եւ քարտուղարներին բացատրվել է ընտրությունների անցկացման կարգը։ Սակայն Տավուշի մարզում հունիսի 20-ին կայացած խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ ընտրական շատ տեղամասերի նախագահներ եւ քարտուղարներ չգիտեն իրենց պարտականությունները՝ չնայած այն բանին, որ տեղամասային ընտրական հանձնաժողովներին տրամադրված էին ուղեցույցներ, որոնցում քայլ առ քայլ ներկայացված է ընտրական ողջ գործընթացը: ԱԺ-ում ներկայացված կուսակցությունների տեղական պատասխանատուները տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներ, նախագահներ եւ քարտուղարներ առաջադրել են այն մարդկանց, որոնք ընտրություններում որոշակի թվով քվեներ կապահովեն իրենց կուսակցության համար, կամ առաջադրել են իրենց հարազատներին, ընկերներին, ծանոթներին, քանզի հանձնաժողովի անդամների աշխատանքի համար պետական բյուջեից հանրապետությունում ընդունված նվազագույն աշխատավարձի չափով աշխատավարձ է սահմանված, քարտուղարներին՝ ավելի շատ, իսկ հանձնաժողովների նախագահներին՝ 120 հազար դրամ։ Տավուշի մարզի տեղամասային ընտրական հանձնաժողովների շատ նախագահներ բավականաչափ իրազեկ չէին հանձնաժողովի նախագահի պարտականություններին։ Տեղամասային շատ հանձնաժողովների քարտուղարներ իրենց ցածր կրթական մակարդակի պատճառով դժվարանում էին կազմել արձանագրություններ, մանավանդ՝ քվեաթերթիկները հաշվելուց հետո ամփոփիչ արձանագրություններ գրել։
Տավուշի մարզի ընտրական որոշ տեղամասերում, քվեարկության համեմատաբար շատ մասնակիցներ ունեցող տեղամասերում ընտրությունների արդյունքների ամփոփումը, շնորհիվ իրենց գործին տիրապետող հանձնաժողովի քարտուղարների, ավարտվել էր կեսգիշերից առաջ կամ կեսգիշերին, իսկ համեմատաբար ավելի քիչ թվով քվեարկածներ ունեցած տեղամասերում քարտուղարների վատ աշխատանքի հետեւանքով ընտրությունների արդյունքների արձանագրումը, արձանագրությունների կազմումն ավարտվել է գիշերվա ժամը 3-ն անց։
Ո. ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
54 ՆՈՐ ԴԵՊՔ
Հայաստանում հունիսի 28-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, նոր կորոնավիրուսով վարակվելու 54 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 224851 դեպքի: Այս մասին տեղեկացրել են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1177814, վերջին մեկ օրում` 2962 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 2597 պացիենտ. Մեկ օրում նվազել է 36-ով: Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 216645 անձ, վերջին մեկ օրում՝ 87 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 4510 է: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1099 է: