«Հրապարակ» օրաթերթը գրում է.
ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի կտրուկ նվազումը՝ մոտ 25 մանդատով, ոգեւորություն է առաջացրել իշխանական թիմում։ Հիշեցնենք, որ նախկին պառլամենտում 132 պատգամավոր էր, նորում ընդամենը 107-ն է լինելու։ Սա նշանակում է, որ բյուջեից հատկացումներն են նվազելու, նախկին սենյակների մի մասը թափուր է մնալու։
Ըստ այդմ, 7-րդ գումարման ԱԺ «խարոշիները» հավակնում են երկսենյականոց աշխատասենյակներ ունենալ, ինչպես ժամանակին ՀՀԿ-ականներն ունեին։ Դեռեւս վերջնական որոշում չի կայացվել, բայց, ամենայն հավանականությամբ, ԲՀԿ-ի հարկաբաժնում կտեղավորվի խորհրդարանական երկրորդ ուժը՝ «Հայաստան» դաշինքը։
Գագիկ Ծառուկյանի աշխատասենյակն էլ կարող է բաժին հասնել Ռոբերտ Քոչարյանին։ Իսկ Արթուր Վանեցյանի «Պատիվ ունեմ»-ին կիջեցնեն առաջին հարկ, որտեղ մշտապես ամենաանմխիթար աշխատասենյակներն են եղել, եւ տեղավորված է եղել «Լուսավոր Հայաստանը»։ Արթուր Վանեցյանին, ըստ ամենայնի, բաժին կհասնի Էդմոն Մարուքյանի աշխատասենյակը, որը ժամանակին զբաղեցնում էր Նիկոլ Փաշինյանը՝ որպես «Ելք» խմբակցության ղեկավար։
Ի դեպ, ընտրությունների թեժ օրերին ԱԺ-ում կրկին նորոգում էր ընթանում՝ դարձյալ վերակառուցում են ջեռուցման համակարգը, որը նորոգել են երկու տարի առաջ։
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։