Ֆինանսների նախկին նախարար, Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի եւ նրա եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի գործով դատական նիստը կանգ է առել: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ քրեական գործով նշանակել հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ին:
Պարզաբանման համար փորձագետներին առաջադրել հետևյալ հարցերը.
1. Ներկայումս ինչ հիվանդություններով է տառապում Գագիկ Խաչատրյանը,
2. Փորձաքննության արդյունքում հաստատված ախտորոշման պայմաններում ինչ բժշկական միջոցառումներ են անհրաժեշտ, արդյոք հնարավոր է ՀՀ-ում գործող բժշկական հաստատություններում ապահովել Գ.Խաչատրյանի պատշաճ բժշկական սպասարկումը:
3. Առկա է արդյոք Գ.Խաչատրյանին վիրահատության ենթարկելու անհրաժեշտություն, թե՝ ոչ:
4. Վիրահատությունը ցուցված լինելու պայմաններում արդյոք հնարավոր է կազմակերպել ՀՀ-ում գործող բժշկական հաստատություններում:
5. Ներկա առողջական վիճակով Գ.Խաչատրյանը, հենաշարժողական խնդիրների առկայության պայմաններում կարող է մասնակցել դատական նիստերին և անհրաժեշտ են լրացուցիչ հարմարություններ, թե՝ ոչ, եթե այո՝ ապա ինչպիսի:
6. Գ.Խաչատրյանի առողջական վիճակը 2019 թվականի մարտից մինչ օրս, այդ թվում՝ կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածում, բացասական դինամիկա ունեցել է, թե ոչ, եթե այո, ապա ինչպիսի:
7. Գ.Խաչատրյանի ողնաշարի ստենոզի շտկման նպատակով կրկնակի վիրահատության անրաժեշտության դեպքում որպես առավել անվտանգ միջոց արդյոք այն չպետք է իրականացվի այն բժշկի կողմից, որն իրականացրել է սկզբնական վիրահատությունը և տեղադրել է իմպլանտը:
Եթե փորձաքննության ընթացքում առաջանան այնպիսի հարցեր, որոնք առաջադրված չեն որոշմամբ, խնդրվում է պատասխանել նաև այդ հարցերին:
Փորձագիտական հանձնաժողովում ընդգրկել նաև Երևանի պետական բժշկական համալսարանի նյարդաբանության ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Աստղիկ» բժշկական կենտրոնի նյարդաբանության ծառայության ղեկավար Հովհաննես Մորիսի Մանվելյանին:
Փորձաքննությանը ներկայացնել ամբաստանյալ Գագիկ Խաչատրյանին, ինչպես նաև տրամադրել սույն որոշումը և քրեական գործում առկա բժշկական փաստաթղթերի պատճենները:
Փորձաքննության կատարմանը թույլատրել ներկա գտնվել նաև Գագիկ Խաչատրյանի պաշտպաններին:
Փորձագետներին նախազգուշացնել ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածով սահմանված` եզրակացություն տալուց հրաժարվելու, խուսափելու, ինչպես նաև ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին:
Գագիկ Խաչատրյանը, հիշեցնենք, մեղադրվում է անզգուշությամբ ծանր հետեւանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափի յուրացման, դրա կազմակերպման, դրդման կամ օժանդակության, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքի, փողերի լվացման կազմակերպման, դրդման կամ օժանդակության համար, իսկ Կարեն Խաչատրյանը՝ առանձնապես խոշոր չափերով յուրացման եւ պաշտոնեական կեղծիքի համար:
Հավելենք, որ Գագիկ Խաչատրյանը եւ եղբոր որդին չեն ընդունում առաջադրված մեղադրանքները:
Ք.Մ