Հայաստանում դեղամիջոցների ներկրմամբ եւ վաճառքով զբաղվող Ֆեյսբուքյան վեցամսյա «Vitaminner.com» էջով սկսել են զբաղվել Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները:
ՊԵԿ-ի ուշադրությունը գրավել է Հայաստանում չգրանցված ցավազրկողի և կենսական ակտիվ հավելումների մասին հայտարարությունը Facebook.com սոցիալական ցանցի VITAMINNER.COM էջում: Կասկած են հարուցել ապրանքների գները, դրոշմապիտակների և մատակարարման հասցեների բացակայությունը:
ՊԵԿ-ը պնդում է՝ պետությանը վնաս է պատճառվել: ArmLur.am-ը այս թեմայի շուրջ զրուցեց դեղորայք վաճառող քաղաքացու հետ, որը ներկայացավ Ալինա. «Ոչ մի վնաս էլ պետությանը չենք պատճառել: Մենք ոչ թե ապրանքներ ենք բերում վաճառում, այլ՝ հաճախորդը չի կարողանում օգտվել ինտերնետից, մեզ է դիմում, օգնում ենք եւ իրենց ցանկացած վիտամինը բերում ենք՝ օնլայն պատվիրելով: Հիմա մի հաճախորդ պատվիրել էր «Ադվիլ» դեղամիջոցը, եկավ հասավ Հայաստան հետո մենք իմացանք, որ չի կարելի բերել: Բայց մաքսատնով անցել է, ամեն ինչ նորմալ է եղել, տվել ենք հաճախորդին»:
Պարզվում է՝ նախորդ տարվա դեկտեմբեր ամսից մինչեւ հունիս ամիս քաղաքացին իրացրել է 385 հազար դրամի դեղամիջոց: Ինչի իրավունքն ինքը չի ունեցել: Ըստ ՊԵԿ-ի՝ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ դեղամիջոցների առևտուրը ՀՀ-ում ենթակա է լիցենզավորման: Մինչդեռ քաղաքացին, չունենալով պետական գրանցում և հաշվառված չլինելով հարկային մարմնում, իրականացրել է լիցենզավորման ենթակա ձեռնարկատիրական գործունեություն:
«Ֆեյսբուքյան էջի բացման օրից 385 հազար դրամի պատվեր ենք արել: Եթե ես բերեմ, ես իրավունք ունեմ ամսվա մեջ մինչեւ 200 եվրոյի բերեմ, դա ի՞նչ մի անելու բան է, ինչ մի տարածելու բան է: Ասում են, որ պետք է տուգանեն, բայց դեռ չեն որոշել, թե որքան են տուգանելու: Դեռ ընթացքի մեջ է, չգիտեմ՝ որքան պետք է տուգանեն»,-ասաց տիկին Ալինան:
Զրույցի ընթացքում տիկին Ալինան անկեղծացավ՝ նշելով, որ ինքը մինչ այս վաճառել է միայն վիտամիններ, իսկ «Ադվիլ» երբեւէ չի իրացրել:
«Հենց իրենց՝ ՊԵԿ աշխատակիցների համար եմ «Ադվիլ» պատվիրել: Սկզբում չեն ներկայացել որպես աշխատակից: Իրենցից առաջ ես ոչ մեկին «Ադվիլ» չեմ վաճառել: Այդ 12 տուփ «Ադվիլ»-ը իրենք գնել են ու գումարը վճարել են՝ 132 հազար դրամի չափով»,- տեղեկացրեց քաղաքացին:
Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք, թե ինչ է անելու հետո, բողոքարկելու՞ է ՊԵԿ որոշումը, թե՞ ոչ. «Ես էդքան ներվե՞ր ունեմ դրանց հետ, որ իմանամ արդյունքի կհասնեմ, հա, բայց չեմ կարծում: Վաճառելուց հետո եմ պարզել, որ ՊԵԿ աշխատակից են, իրենք գնեցին ու հետո ներկայացան: Եթե չի թույլատրվում թող մաքսատանը հենց բռնագրավեին, չտային ինձ, ասեին, որ օրենք ես խախտում, պարտադիր պետք է հասցնեին այս վիճակին: Թող ասեին՝ ինչու ես բերում սա: Բայց դե իրենք կարեւոր գործերը թողած ընկել են նման դեպքերի հետեւից: Ո՞ւմ եմ վնաս տվել, ի՞նչ վնաս եմ տվել, իրենք են պատվիրել այդ դեղը: Երեւի պետք է ցույց տային, որ գործ են անում»:
Սյունէ Համբարձումյան