ԱՆԻՇԽԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններն արդեն անցյալում են, սակայն Հայաստանում անիշխանություն է տիրում, եւ երկիրը, կարծես թե, կառավարվում է իներցիայով: Այս պահին կառավարությունում բոլորը պաշտոնակատարներ են, կան գեչատեսչություններ, որտեղ հրաժարականներ են սկսվել, եւ այս պարագայում դժվար է ասել, որ կառավարությունն աշխատում է այնպես, ինչպես պետք է: Ընդ որում, երկրում այս անիշխանության մթնոլորտը արդեն երկար ժամանակ է: 2020 թվականն առհասարակ բարդ ստացվեց Հայաստանի համար, իսկ սեպտեմբերի 26-ից հետո սկսված պատերազմը երկիրը դրեց իներցիայի մեջ, եւ այն սկսեց պարզապես չկառավարվել այս իշխանությունների կողմից: Այդ ամենին գումարվեցին նաեւ արտահերթ խորհրդարանական ընտրությունները, քարոզարշավը, եւ իշխանություններն առհասարակ մոռացան երկիր կառավարելու մասին՝ զբաղվելով բացառապես քարոզարշավով: Դրա վառ ապացույցն է այն հանգամանքը, որ քարոզարշավի ժամանակ կառավարության անդամների մեծ մասը, նաեւ մարզպետները  գտնվում էին արձակուրդում՝ մոռանալով երկրի խնդիրների մասին: Եվ չնայած այդ ամենն անցյալում է, եւ թվում էր, թե նորընտիրները պետք է լծվեն աշխատանքի, սակայն նույն վիճակն է, ոչինչ չի փոխվել, եւ երկիրը շարունակում է կառավարվել իներցիայով, նախկին ավանդույթներով:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն այլեւս խորհրդարանում չի լինելու: Մեր աղբյուրները փոխանցում են, որ Հայրապետյանն արդեն ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին տեղեկացրել է, որ ինքը պետք է գործադիրում լինի: Մխիթար Հայրապետյանի երազանքը եղել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար պաշտոնը, սակայն, մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի ներկայիս նախարար Վահրամ Դումանյանին նորից այդ պաշտոնում նշանակել, իսկ Հայրապետյանն արդեն հայտնվում է կոտրած տաշտակի առջեւ: Ըստ մեր տեղեկությունների՝ հիմա քննարկվում է Մխիթար Հայրապետյանին նշանակել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղեկալ՝ Սփյուռքի գծով, ու, կարծես թե, դա Հայրապետյանի սրտով է: Որոշումը դեռեւս վերջնական չէ, դեռ այս հարցերը քննարկումների փուլում են, իսկ Հայրապետյանն էլ փնտրտուքների մեջ է: Ի դեպ, նշենք, որ ԱԺ արտահերթ ընտրություններից առաջ Հայրապետյանը Փաշինյանին հորդորել էր իրեն նախընտրական ցուցակում չներառել, քանի որ ոչ մի ցանկություն չունի խորհրդարան վերադառնալու: Հայրապետյանին վերջին րոպեին գրել էին ցուցակի վերջում՝ 157-րդ համարի տակ:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության  պետ Արթուր Մելիքյանն ազատվելու է աշխատանքից: Մեզ առայժմ չհաջողվեց պարզել, թե ինչու են Արթուր Մելիքյանին ազատում աշխատանքից, եւ արդյոք պատճառն ամեն դեպքում նոր աշխատանքն է, թե ոչ: Սակայն մենք տեղեկացանք, որ ուժային կառույցներում եւ հատկապես Քննչական կոմիտեում առաջիկայում աշխատանքից նոր ազատվողներ կլինեն, եւ Մելիքյանը  նրանցից առաջինն է: Այսինքն՝ առաջիկայում ականատես ենք լինելու ուժային համակարգում կարդային ջարդի, եւ մինչեւ այժմ այս կամ այն պատճառով իշխանությունների տեսադաշտում գտնված պաշտոնյաները հերթով ազատվելու են աշխատանքից, եւ նրանց փոխարեն նոր նշանակումներ են սպասվում:

 

 

 

Արդեն մեկ տարի է, ինչ ծաղկաձորյան գերթանկարժեք «Գոլդեն Փելիս» հյուրանոցի վաճառքի հարցը դրված է կառավարության սեղանին, սակայն այդպես էլ այն վաճառել չի ստացվում: Եվ, ամենակարեւորը, Հայաստանի կառավարությունը դեռ որոշում չունի, թե ինչպես է վարվելու հյուրանոցի հետ: «Ժողովուրդ» օրաթերթը այս թեմայի շուրջ զրուցեց Կոտայքի մարզպետ Արտավազդ Սահակյանի հետ եւ տեղեկացավ, որ այս ընթացքում «Գոլդեն Փելես» հյուրանոցում ապրում է Արցախից տեղահանված 30 ընտանիք։ Մարզպետից հետաքրքրվեցինք նաեւ՝ հյուրանոցի պահպանություն իրականացվում է արդյոք, թե ոչ։ Մեր հարցին ի պատասխան՝ մարզպետն ասաց. «Այժմ պահպանություն իրականացվում է, հյուրանոցը նորմալ վիճակում է, ոչ մի խնդիր չկա։ Չի բացառվում, որ այն կրկին հանվի վաճառքի»։ Տեղեկացնենք, որ նախորդ տարվա ընթացքում հյուրանոցը մի քանի անգամ աճուրդի է հանվել, բայց հայտեր չեն ներկայացվել: Գույքի գնահատված արժեքն առաջին աճուրդին կազմել է 7 մլրդ 526 մլն 457 հազար 800 դրամ։ Եվ այսքանից հետո իշխանությունները խոսում են ապօրինի հարստացածների գույքը բռնագանձելու մասին: Եթե բռնագանձվի այդ գույքը, ո՞վ է գնելու, եթե անգամ մի հյուրանոց, մեկ տարի է, ինչ չեն կարողանում վաճառել:

 




Լրահոս