ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն  կոչ է արել Ադրբեջանին ազատ արձակել հայ ռազմագերիներին, վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո, հասնել քաղաքական լուծման: Լինդեն այս մասին ասել է ասուլիսում՝ անդրադառնալով «Արմենպրես»-ի դիտարկմանը, որ հայ հասարակությունը հիասթափված է Լեռնային Ղարաբաղի պատերազմի ընթացքում ԵԱՀԿ-ի պասիվ դիրքորոշումից, եւ հարցին, թե արդյոք ԵԱՀԿ գործող նախագահը կիսում է Ադրբեջանի նախագահի տեսակետը, թե ԼՂ հակամարտությունը լուծված է:

 

«Համաձայն չեմ, որ ԵԱՀԿ-ն շատ ջանք չի գործադրում կոնֆլիկտի հարցում, այն հարցում, ինչ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում: Ես հատուկ ներկայացուցիչ ունեմ, որը շատ ակտիվ է: Ես անձամբ հանդիպում եմ ունեցել նրա հետ երեկ՝ քննարկելու իրավիճակը: Մենք ունենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահություն, որը համանախագահում են ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ֆրանսիան, որոնք փորձում են անել շատ դրական քայլեր»,-ասել է Լինդեն ու ընդգծել, որ նրանք, սակայն, անցյալ տարի սահմանափակ հասանելիություն են ունեցել տարածաշրջան՝ կորոնավիրուսի, նաեւ այլ պատճառներով:

ԵԱՀԿ գործող նախագահը հիշեցրել է, որ հունիսի կեսին նաեւ համաձայնություն եղավ՝ Հայաստանին վերադարձնելու 15 հայ ռազմագերիների, Հայաստանն էլ Ադրբեջանին տրամադրեց քարտեզներ, որոնք հեշտացնելու են ականազերծման աշխատանքները: Լինդեն դա համարեց վստահության ամրապնդման ողջունելի միջոց:  Նրա կարծիքով՝ դա տեղի է ունեցել Վրաստանի արժեքավոր դերակատարության, ԱՄՆ-ի, նաեւ Եվրոպական խորհրդի, Եվրահանձնաժողովի, ԵԱՀԿ-ում շվեդական համանախագահության գերազանց համագործակցության արդյունքում:

«Ես իմ հայտարարությամբ կոչ եմ արել Հայաստանին, Ադրբեջանին անել դրական քայլ՝ ազատ արձակելով բոլոր մնացած կալանավորվածներին, եւ բանակցությունները վերսկսել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո, նաեւ Անջեյ Կասպրշիկի ներգրավվածությամբ քաղաքական լուծում գտնել, քանի որ դեռ չկա խաղաղության համաձայնագիր»,-ասել է Լինդեն:

Չնայած 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը՝ Ադրբեջանը հրաժարվում է կատարել իր պարտավորությունները՝ ամբողջությամբ չվերադարձնելով հայ ռազմագերիներին:

Նշենք, որ Ադրբեջանում պահվող 15 հայ գերիների ազատ արձակումից ժամեր անց պաշտոնական Վաշինգտոնը, Բյուսելը, Մոսկվան ու Թբիլիսին մանրամասներ էին հաղորդում այս գործընթացի կուլիսային բանակցություններից:

Գերիների վերադարձի մասին առաջինը հայտարարեց Հայաստանի վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի ընթացքում:

Վերջինիս խոսքով՝ հայ գերիները Ադրբեջանի Կարմիր կամրջով տեղափոխվել են Վրաստան, հետո՝ Բագրատաշենով Հայաստան:

Վրաստանի վարչապետի գրասենյակը հաղորդել էր, որ Իրակլի Ղարիբաշվիլին անձամբ է ներգրավված եղել այս գործընթացում, եւ որ նրա ջանքերի շնորհիվ հայկական կողմն էլ իր հերթին կարեւոր տեղեկություններ է փոխանցել Բաքվին ականապատված տարածքների վերաբերյալ:

«Վրաստանի վարչապետն անձամբ է մշտական կապի մեջ եղել Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի հետ, – հայտարարում է Թբիլիսին՝ հավելելով։- Վրաստանի վարչապետը ողջունում է հարեւան պետությունների այս որոշումը, որը պետք է հիմք դառնա տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու եւ երկարաժամկետ կտրվածքով համագործակցության մթնոլորտ ձեւավորելու համար: Վրաստանն ամենասկզբից հենց ակտիվորեն համագործակցել է ամերիկացի դաշնակիցների, ինչպես նաեւ հայ եւ ադրբեջանցի գործընկերների հետ այս հարցի դրական կարգավորման համար: Վրաստանը մեծ նշանակություն է տալիս տարածաշրջանում խաղաղության, կայունության եւ համագործակցության մթնոլորտի ձեւավորմանը եւ բազմիցս է հայտարարել այդ գործում իր ներդրումն ունենալու պատրաստակամության մասին»:

Ն.Հ.

 

 

Ի՞ՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ

Ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումները բջջային հավելվածով արձանագրելու մեխանիզմը կսկսի գործել 2021 թվականի հուլիսի 1-ից։ Հեռախոսով հնարավոր կլինի արձանագրել առավել հաճախ հանդիպող խախտումներն ու հատուկ հավելվածով դրանք ուղարկել Ճանապարհային ոստիկանության մասնագետներին։ Այս որոշումն ընդունվել էր դեռ 2020 թվականի հունիսի 11-ին կառավարության նիստում: Այսինքն՝ այսուհետ վարորդների խախտումները կարձանագրեն ոչ միայն տեսախցիկները եւ տեսուչները, այլեւ դրանք նկատած քաղաքացիները։ Ներբեռնելով համապատասխան հավելվածը՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի հնարավորություն կստանա սեփական բջջայինով արձանագրել վարորդների իրավախախտումները։ Բջջային հավելվածի միջոցով հնարավոր է արձանագրել առավել հաճախ հանդիպող եւ սովորական քաղաքացու համար տեսանելի 12 իրավախախտում, այդ թվում՝ հանդիպակաց երթեւեկություն դուրս գալը, կանգառի կանոնները խախտելը, լուսացույցի ազդանշանին չենթարկվելը, տրասնպորտային միջոցից աղբ նետելը։ Ճանապարհային ոստիկանությունում վստահ են, որ սա լրացուցիչ զսպաշապիկ կդառնա իրավախախտ վարորդների համար։

 

 

ԼՂՀ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՐՑԸ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղ փախստականների վերադարձի հնարավորությունը: «Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակում փախստականների, ներքին տեղահանված անձանց եւ քաղաքացիություն չունեցող անձանց խնդիրների վերաբերյալ, այդ թվում` COVID-19 համավարակի ենթատեքստում: Քննարկվել են հրադադարի մասին 2020 թվականի նոյեմբերի 9-ի Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարության համաձայն Լեռնային Ղարաբաղ եւ հարակից շրջաններ փախստականների եւ ժամանակավոր տեղահանվածների վերադարձի հարցերը»,- ասվում է Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրությունում: Լավրովը եւ Գրանդին անդրադարձել են նաեւ Սիրիայի փախստականների խնդրին, որի լուծումը կարող է նպաստել այդ երկրի հետպատերազմյան վերականգնմանը: Քննարկվել են նաեւ մի շարք այլ տարածաշրջաններում փախստականների եւ առանց քաղաքացիության անձանց խնդիրները:

 

 

ԿՄԵԿՆԻ ԱՆԹԱԼԻԱ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի հրավերով հունիսի 30-ին կմեկնի Անթալիա։ Այս մասին հաղորդագրություն է հրապարակել Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը: Լավրովն ու Չավուշօղլուն կքննարկեն թուրք-ռուսական հարաբերությունները, ինչպես նաեւ տարածաշրջանային մի շարք հարցեր: Այցի օրակարգի այլ մանրամասներ չեն տեղեկացվում:

 

 

ՎԻՐԱՀԱՏՎԵԼ Է

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն պրոֆեսոր Չարչյանը նախօրեին վիրահատվել է: Վիրահատական միջամտություն է տեղի ունեցել սրտի վիճակի, ստենդերի ուսումնասիրման նպատակով: Վիրահատությունն արվել է անեսթեզիայի միջոցով: Ըստ նրա պաշտպան Արամ Վարդեւանյանի՝ այս ամենը հաջորդել է հունիսի 23-ի կալանավորման որոշմանը։

 

 

ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ

Շիրակի մարզի մի քանի համայնքների` Բենիամինի, Ազատանի, Արեւիկի, Գետքի, Բայանդուրի բնակիչները վաղ առավոտից բողոքի ակցիա էին իրականացնում Երեւան-Գյումրի մայրուղու Ազատան-Բենիամին հատվածում։ Նրանք փակել էին ճանապարհը՝ պահանջելով համայնքներն ապահովել ոռոգման ջրով։ Ըստ ցուցարարների՝ իրենք լուրջ խնդրի առաջ են կանգնած, քանի որ Կառնուտի ջրամբարի ջուրը կարող է չբավականացնել, ու ցանքատարածությունները կմնան անմշակ: Մայրուղու փակված հատվածում լարված իրավիճակ է ստեղծվել, հարյուրավոր մեքենաներ են կուտակվել։ Գյուղացիների հետ հանդիպման են եկել «Շիրակ» ՋՕ պատասխանատուները, վստահեցրել են, որ խնդիրը կկարգավորվի։

 

 

ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՇՈՒԿԱՅՈՒՄ

Եվրոպական միության խորհուրդը հավանություն է տվել ԵՄ հարեւանության երեք երկրների՝ Ուկրաինայի, Հայաստանի եւ Թունիսի հետ ընդհանուր ավիացիոն գորտու ստեղծման շուրջ համաձայնագրեր, ինչպես նաեւ Կատարի հետ օդային տրանսպորտի վերաբերյալ համաձայնագիր ստորագրելու վերաբերյալ որոշումներին։ Հայաստանում ԵՄ պատվիրակությունը տեղեկացնում է, որ այս համաձայնագրերը թույլ կտան բացել ավիատրանսպորտի շուկան՝ նոր հնարավորություններ առաջարկելով սպառողներին եւ ավիաընկերություններին։ «Ավելի արդյունավետ միակցվածության շնորհիվ նոր թափ կհաղորդվի առեւտրի, զբոսաշրջության, ներդրումների խթանմանը, սոցիալ-տնտեսական զարգացմանը»,- նշել է Պորտուգալիայի ենթակառուցվածքների նախարար Նունո Սանթոսը, որն այժմ նախագահում է ԵՄ խորհրդում:

 

 




Լրահոս