ԵՐԵԽԱՅԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԻ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Կոտայքի մարզի բնակչուհու կողմից բժշկական կենտրոնի հերթապահ մանկաբույժի կազմակերպմամբ, շահադիտական շարժառիթով ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով իր նորածին երեխայի վաճառքի, խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքի, ինչպես նաեւ քաղաքացիական կացության գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հայտնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հայտնում է ՔԿ-ն: Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել եւ հիմնավորվել է, որ 2017թ. մարտի 25-ին Կոտայքի մարզի բնակչուհին ծննդաբերել է արական սեռի երեխա եւ չունենալով երեխայի կարիքները հոգալու համար բավարար միջոցներ՝ որոշել է կամ փոքրիկին թողնել ծննդատանը կամ հանձնել մանկատուն:

 

Բժշկական կենտրոնի նախկին հերթապահ բժիշկ-մանկաբույժը, այս մասին տեղեկանալով, որոշել է կազմակերպել փոքրիկի խնամքի ստանձնումը իր մորաքրոջ աղջկա կողմից, ինչի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերել ծննդկանի հետ:

Ստանալով ծննդկանի համաձայնությունը՝ որոշակի փոխհատուցում ստանալու պայմանով երեխային ստանձնողի խնամքին հանձնելու շուրջ, հերթապահ բժիշկ-մանկաբույժը կազմակերպել է երեխայի մոր եւ  իր բարեկամուհու ու նրա ամուսնու հանդիպումը բժշկական կենտրոնում, որի ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն ամուսինների կողմից նորածին երեխայի խնամքը ստանձնելու շուրջ, երեխայի մորը որոշակի փոխհատուցում տալու պայմանով ուղղակի դիտավորությամբ երեխայի առք, իսկ մոր կողմից՝ երեխայի վաճառք կատարելու շուրջ, որից հետո Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության Արմավիրի տարածքային ստորաբաժանումից երեխայի ծննդյան վկայականն ստանալուց հետո ամուսինները մանկաբույժի միջոցով ծննդկանին են փոխանցել 20.000 ՀՀ դրամ գումար եւ ավելի քան  20.000 ՀՀ դրամ արժողության քաղցրավենիք:

Այնուհետեւ երեխայի հայրությունը ճանաչելու նպատակով բժշկի բարեկամուհու ամուսինը եւ նորածնի կենսաբանական մայրը միասին գնացել են ՔԿԱԳ Աբովյանի տարածքային ստորաբաժանում, որտեղ նախազգուշացվելով ՔԿԱԳ մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելու համար պատասխանատվության մասին՝ երեխայի կենսաբանական հայրը հանդիսանալու վերաբերյալ ակնհայտ սուտ տեղեկություններ հաղորդելու դիտավորությամբ ներկայացրել են «ծնողների համատեղ, միակողմանի կամ դատարանի վճռի հիման վրա երեխայի հայրության որոշման մասին» դիմում եւ ստացել հայրության որոշման մասին պետական վկայական:

Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ նորածնի մորը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասով եւ 169.1-րդ հոդվածով, երեխայի հայրությունն ստանձնած տղամարդուն՝ 168-րդ հոդվածի 1-ին մասով եւ 169.1-րդ հոդվածով, վերջինիս կնոջը՝ 168-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ մանկաբույժին՝ 38-168-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործով բոլոր մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատախազական հսկողություն եւ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:

 

 

 

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՓՈԽՎԵԼ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը սոցցանցի իր էջում գրում է. «Մեր տարածքային կորուստներն ավելի ծանր են եղել այն ժամանակ, երբ սահմանային վեճերում կառավարությունները գյուղերի բնակիչների իրավունքները հիմքում չեն դրել: Օրինակ՝ 1918-1920թթ. Առաջին հանրապետության կազմում, իսկ հետո էլ՝ մինչեւ 1924թ. Խորհրդային Հայաստանի կազմում է եղել հայկական Բարանա (ներկայում՝ Նոյեմբերյան, Տավուշի մարզ) եւ ադրբեջանական Ղայմախլի (Ղայմախլու) գյուղերի միջեւ գտնվող 1002 դեսյատին տարածքով «Աջի» տեղամասը: Այս վայրի անտառները եղել են զգալի ծառաշատ, իսկ արոտավայրերը` անասնապահության համար չափազանց հարմար, ուստի եւ գյուղացիների համար ունեցել են կեսնական կարեւորություն: Ունեցել են անվտանգության նշանակություն: Ադրբեջանական իշխանություններն այդ ժամանակ մեծ ջանքեր են գործադրել այս տարածքին տիրելու համար՝ գիտակցելով, որ այդ դեպքում հնարավորություն կունենան Հայաստանի հյուսիսարեւելյան տարածքները կտրել իրարից, վերահսկողություն սահմանել ճանապարհների նկատմամբ: ՀԽՍՀ գյուղերի բնակիչների իրավունքների համար այս լուծումը լրջագույն խնդիրներ էր ստեղծելու ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլ նաեւ անվտանգության տեսանկյունից: Այդ ժամանակվա կառավարությունը հարցերը չի դիտարկել մարդկանց իրավունքների տեսանկյունից, կենսական այս հարցերի նկատմամբ ցուցաբերել է անհետեւողականութուն: Արդյունքում Անդրկովկասի կենտրոնական գործադիր կոմիտեի հողային հանձնաժողովի 1924թ. հոկտեմբերի 31-ի որոշմամբ՝ ՀԽՍՀ-ին պատկանող «Աջի» տեղամասի հյուսիսարեւելյան մասը` 612 դեսյատին տարածքով, հանձնվել է Ադրբեջանի ԽՍՀ-ին, իսկ հարավարեւմտյան մասը` 390 դեսյատին տարածքով, ՀԽՍՀ-ին: Այսինքն՝ Հայաստանը զրկվել է այդ տարածքի մեծ մասից: Սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ ադրբեջանական իշխանությունները միշտ են հավակնություններ ունեցել Հայաստանի այն տարածքների նկատմամբ, որոնք կարող էին տալ դրանք իրարից բաժանելու, Հայաստանի տարածքի մեջ սեպի նման խրվելու եւ ճանապարհների ու քաղաքացիական ենթակառուվածքների նկատմամբ վերահսկողություն սահմանելու հնարավորություն: Սա էլ պատահական չի եղել, քանի որ կանգ չեն առել ու նույն քաղաքականությունը շարունակել են արդեն նոր տարածքների նկատմամբ: Հայաստանյան կառավարութուններն էլ ամեն անգամ շարունակել են անուշադրության մատնել գյուղացիների իրավունքների հարցերը, նրանց անվտանգությունը՝ սահմանային հարցերը դիտարկելով տարածքային-քաղաքական ու մեխանիկական մոտեցումներով: Հիմա պետք է դասեր քաղել նախկինից ու սահմանային հարցերի հիմքում դնել մարդու իրավունքները եւ հիշել, որ ադրբեջանական քաղաքականությունը տարիների ընթացքում այդպես էլ չի փոխվել:

Հ.Գ. Դեսյատինը հողային տարածության հին չափման միավոր է` 2400 քառակուսի սաժեն կամ 1.09 հեկտար»:

 

 

ՀԱՅ ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻ ԳՈՐԾԵՐԸ

Բաքվի վերաքննիչ դատարանի վարչական շենքում՝ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի դատավոր Էլդար Իսմայիլովի նախագահությամբ, տեղի է ունենում եւս 13 հայ ռազմագերու գործով դատավարությունը. հայտնում է minval.az-ը` մանրամասնելով, որ  Ադրբեջանը նրանց մեղադրում է «ահաբեկչության եւ դիվերսիայի համար» (չակերտները-խմբ.): Դատարանի առջեւ են կանգնել Հայկազ Կորյունի Հովհաննիսյանը, Վարազդատ Անուշավանի Մանուկյանը, Դավիթ Ստեփանի Ստեփանյանը, Լեւոն Աշոտի Թոսունյանը, Արթուր Էդուարդի Բաղդասարյանը, Սերոբ Սուրենի Ավագյանը, Վարազդատ Սերյոժայի Հարությունյանը, Ժորա Վանոյի Մանուկյանը, Հրայր Հրաչի Հերաբյանը, Նարեկ Աղայի Գասպարյանը, Գրիգոր Գագայի Կուրեղյանը, Աշոտ Արտակի Գեւորգյանը, Մարտին Մուշեղի Հաղրամանյանը: Դատական նիստում դատախազն ընթերցել է մեղադրական ակտը: Աղբյուրը հավելում է, որ բացի այդ, շարունակվում է եւս 14 հայ ռազմագերու գործով դատավարությունը, որոնց Բաքուն նույնպես մեղադրում է «ահաբեկչության եւ դիվերսիայի համար» (չակերտները-խմբ.): Խոսքը Գեղամ Սամվելի Սերոբյանի, Հրաչ Արզումանի Ավագյանի, Արմեն Եղիազարի Բաղասյանի, Գոռ Վահրամի Գասպարյանի, Կամո Կարենի Սեֆիլյանի, Վոլոդյա Վաչագանի Հակոբյանի, Գեւորգ Նորայրի Ասերտյանի, Սիսակ Գրիշայի Ենգոյանի, Ալբերտ Կոմիի Պետրոսյանի, Ռոմիկ Միսակի Սեդրակյանի, Արամ Գառնիկի Մինոսյանի, Մկրտիչ Սիմոնի Մինոսյանի, Էդգար Վաչագանի Մաթեսյանի եւ Յուրի Տիգրանի Կարապետյանի մասին է: Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում դատավոր Աֆղան Հաջիեւի նախագահությամբ անցկացվող դատավարության ժամանակ մեղադրյալները ցուցմունք են տալիս:

 

 

 

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐ

Հատուկ քննչական ծառայությանը նախօրեին ներկայացվել է ԱԺ 7 պատգամավորների եւ բժշկական ոլորտում հանրային մեծ վստահություն վայելող թվով 3 բժիշկների միջնորդությունը: Նշված միջնորդությունը հասցեագրված է եղել վարույթն իրականացնող մարմնին: Այս մասին հայտնել է «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Քրեական դատավարության օրենսգրքի տարրական նորմերի մեկնաբանման, այդ թվում՝ 2020 թվականի փոփոխություններից ուսումնասիրման դեպքում պարզ է դառնում, որ երաշխավորության հարցը գտնվում է հենց իրենց քննության տիրույթում, քանի որ, իբր, վարույթն իրականացնող մարմին են: Միաժամանակ ՀՔԾ-ն տեղեկացված է նաեւ, որ միջնորդություն է ներկայացվել Գլխավոր դատախազին՝ կալանավորման վերացման մասով, հետեւաբար այս հայտարարության իրական նպատակը զուտ հայտարարություն անելն է: Հատուկ քննչական ծառայության մասով «ցանկալի կլիներ», որ դադարեցնեք խայտառակ քաղաքական հետապնդումները, այդ թվում՝ այս գործով ծայրահեղ պրիմիտիվ ու աբուրդի հասնող քրեական դատավարության տարրական նորմերից դուրս հետապնդումը, վերադարձեք իրավական հարթություն, չնայած բոլոր դեպքերում այդպես էլ լինելու է»:




Լրահոս