ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ով ինչպես ցանկանում, քշում է, ինչ գին ուզում, սահմանում է. տաքսիների ոլորտը՝ բարձիթողի վիճակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում տաքսիների ոլորտը դեռեւս շարունակում է բարձիթողի վիճակում մնալ: Մեր հանրապետությունում ով ինչպես ցանկանում, քշում է, ում խելքին ինչ գին փչում է, դա էլ սահմանում է: Էլ չենք խոսում տաքսի-մեքենայի տեխնիկական վիճակի մասին:

Օրինակ, տաքսիների վարորդները հիմնականում նախատեսվածից ավելի գումար են պահանջում վճարել ուղեւորից խցանումների ժամերին, անձրեւոտ օրերին: Իսկ ահա երեկոյան ժամերին գները շեշտակի են բարձրանում` առանց նախապես զգուշացնելու ուղեւորին: Բայց արի ու տես, որ նման տաքսիների վարորդները չեն պատժվում ուղեւորին խաբելու համար:

Այս թեմայի շուրւջ ArmLur.am-ը Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հետաքրքրվեց՝ արդյոք վերահսկողություն իրականացվում է, թե ոչ: Մեր հարցին ի պատասխան` ՄՊՀ-ից փոխանցեցին, որ հանձնաժողովը գների վերահսկողություն իրականացնում է միայն այդ դեպքում, երբ ապրանքային շուկայում կա գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտ կամ առկա է հակամրցակցային համաձայնություն: Պարզվում է՝ տաքսի ծառայությունների շուկան մրցակցային է եւ ունի ցածր կենտրոնացվածություն: «Ոլորտում գործունեություն են ծավալում մեծաքանակ տնտեսվարող սուբյեկտներ, որոնք չենք կարող որոշիչ ազդեցություն ունենալ տաքսի ծառայությունների շրջանառության ոլորտի ընդհանուր պայմանների, այդ թվում՝ գների վրա: Ինչ վերաբերում է հակամրցակցային համաձայնություններին, ապա դրանք բնորոշ չեն ցածր կենտրոնացվածություն ունեցող շուկաներին»,- ArmLur.am-ին փոխանցեցին Հանձնաժողովից:

Ապա՝ հավաստիացրեցին, որ ուշադրության կենտրոնում են պահում ոլորտում տեղի ունեցող գործընթացները եւ տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության հնարավոր խախտումների դեպքում օրենքով սահմանված կարգով կիրականացնեն անհրաժեշտ գործողություններ: Իսկ մինչ այդ՝ մենք շատ դեպքերում ստիպված ենք լինում փնթի, «քյարթու», մուննաթով, շատախոս ու դժգոհող վարորդին վստահել մեր կյանքը: Բայց ահա, տաքսիների ոլորտի անմիջական վերահսկողը` Սուրեն Պապիկյանը, անտեսել է այս ոլորտը:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս