Երբ կգումարվի ԱԺ առաջին նիստը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը հուլիսի 2-ին դիմելու է Սահմանադրական դատարան: Հայտնի է, որ ՍԴ-ն ընտրությունների արդյունքներով ընդունված որոշման առնչությամբ վեճերով որոշում է ընդունում դիմումի մուտքագրման օրվանից ոչ ուշ, քան 15 օր հետո. կարող է, իհարկե, նաեւ ավելի վաղ կայացնել որոշումը։

Միայն դրանից հետո կարելի է նշանակել ութերորդ գումարման խորհրդարանի առաջին նստաշրջանի առաջին նիստը։ Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Սահմանադրական դատարանը ամենայն հավանականությամբ օգտագործելու է 15-օրյա ժամկետը, քանի որ ուսումնասիրության համար ահռելի նյութ է առկա, եւ հետեւաբար որոշում կկայացվի հուլիսի 17-ին՝ մինչ 18:00-ն:

Եվ եթե Սահմանադրական դատարանը որոշում կայացնի, որ ընտրությունների արդյունքներն օրինական են, ապա կհայտարարվի ութերորդ գումարման խորհրդարանի առաջին նիստի օրը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այստեղ կիրառելի է լինելու Սահմանադրության 90-րդ հոդվածի 5-րդ մասը` արտահերթ ընտրության դեպքում գործող Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն ավարտվում, եւ նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվում է նորընտիր Ազգային ժողովի կազմավորումից հետո` երկրորդ երկուշաբթի օրը հրավիրված Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման պահին, այսինքն` որոշմանը հաջորդող երկրորդ երկուշաբթին: Սա նշանակում է, որ եթե որոշում կայացվի հուլիսի 17-ին, ապա ԱԺ առաջին նիստը գումարվելու է հուլիսի 26-ին:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս