ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննված քրեական գործով կատարված
բազմակողմանի, օբեկտիվ և լրիվ քննության պայմաններում հիմնավորվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետը, երկարամյա ծառայության բերումով իրավասություն ունենալով ծանոթանալու պետական գաղտնիք կազմող տեղեկություններին, 2020 թվականի նոյեմբերի 19-ին հրապարակային հարցազրույցներից մեկի ժամանակ հրապարակել է ՀՀ կառավարության 13.03.1998թ. «ՀՀ պետական գաղտնիքի շարքը դասվող տեղեկությունների ցանկը հաստատելու մասին» N173 որոշմամբ նախատեսված պետական գաղտնիք հանդիսացող՝ սպառազինության և ռազմական տեխնիկայի երկարաժամկետ կանխատեսումների ուղղությունները, զարգացման ծրագրերը բացահայտող, ինչպես նաև զինված ուժերի, այլ զորքերի և քաղաքացիական պաշտպանության ուժերի կիրառման ծրագրերը, օպերատիվ ծրագրերը, մարտական կառավարման, տարբեր աստիճանի մարտական պատրաստականության բերելու վերաբերյալ փաստաթղթերը բացահայտող՝ ռազմական բնագավառի հույժ գաղտնի տեղեկություններ:
Գործով ձեռք բերված ապացույցների բավարար համակցության պայմաններում նախկին բարձրաստիճան զինվորականը ՀՀ քրեական օրենսգրքի 306-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ենթադրյալ հանցագործություն
կատարելու համար ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրա նկատմամբ ընտրվել է խափանման միջոց:
2021 թվականի հունիսի 29-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է նախաքննության
օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պետական գաղտնիքի հետ ծանոթանալու իրավունք ունեցող
անձանց հորդորում է խստորեն պահպանել «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի պահանջները,
քանի որ դրանք պաշտպանվում են պետության կողմից, և դրանց տարածումը կարող է ծանր հետևանքներ առաջացնել
Հայաստանի Հանրապետության անվտանգության համար:
Միաժամանակ, տեղեկացվում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 306-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն
է նախատեսում պետական գաղտնիքը դիտավորությամբ կամ անզգուշությամբ հրապարակելու համար, իսկ նույն հոդվածի ծանրացուցիչ մասի համար որպես պատիժ է նախատեսված ազատազրկում՝ երեքից յոթ տարի ժամկետով:
Հավելենք, որ խոսքը ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի մասին է: Ավելի վաղ ArmLur.am-ը գրել է, որ Մովսես Հակոբյանին վերոնշյալ մեղադրանքն առաջադրվել է այն բանից հետո, երբ Մովսես Հակոբյանը պատերազմում հայկական կողմի պարտության պատճառների մասին խոսելիս մի շարք աղմկահարույց հայտարարություններ էր արել, պնդել, որ չի կատարվել պատշաճ զորահավաք, գնվել է սխալ զինտեխնիկա, Զինված ուժերում կրճատվել է մարտավարական, և ավելացել, այսպես ասած, «թուղթ ստորագրող» կամ օպերատիվ օղակը։ Բացի այդ, նրա պնդմամբ, անձամբ վարչապետի հրամանով բանակը համալրելու փոխարեն կամավորներին են ուղարկել առաջնագիծ։