ՀՀ Գեղարքունիքի մարզի Վանեւան եւ Տորֆավան գյուղերում սիբիրյան խոց հիվանդությունից 33 կենդանի է անկել, իսկ 3 բնակիչ հոսպիտալացվել է:
ArmLur.am-ը այս թեմայի շուրջ զրուցեց Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանի հետ:
-Պարո՛ն Հովհաննիսյան, Գեղարքունիքի մարզի Վանեւան, Տորֆավան գյուղերում սիբիրյան խոցից կենդանիներ են անկել, մարդիկ հոսպիտալացվել, ինչո՞ւ կարանտին չի հայտարարվում:
-Կարանտինը անկած կենդանիների թվի հետ կապ չունի. կարանտին հայտարարում է տեսչական մարմինը: Բայց կարանտինի ամբողջ միջոցառումները կատարված է մեր ՊՈԱԿ-ի եւ տեսչական մարմնի կողմից:
-Իսկ կենդանիների՝ մեկ գյուղից դեպի մյուս գյուղ տեղաշարժն ո՞ւմ կողմից է վերահսկվում: Արդյոք վերահսկվում է, թե ոչ:
-Այս պահի դրությամբ ասեմ, որ վտանգ արդեն չկա, կայուն վիճակ է այնտեղ, կրկնակի պատվաստում է իրականացվել, կենդանիներ կային բուժման պրոցեսում էին, բայց արդեն դեպի դրական տեղաշարժ ունենք: Այսինքն համաճարակ չէ, այդ հիվանդությունը կարող ենք ասել այլեւս բացառված է, չի փոխանցվի:
-Բացի Տորֆավանից ու Վանեւանից, այլ գյուղերում ստուգումներ իրականացվո՞ւմ են, թե՞ ոչ:
-Անպայման, հարակից գյուղերում ուսումնասիրություններ են անցկացվել: Մենք պատվաստում իրականացրել ենք անգամ ապահով զոննաներում, խնդիր չկա, ուղղակի մենք մեր հանգստության համար կանխարգելիչ միջոցառում ենք իրականացրել: Վերահսկողությունը մի քանի անգամ մեծացել է:
-Պարո՛ն Հովհաննիսյան, երկու գյուղեպետերը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեցին, որ իրենց գյուղերում սիբիրյան խոցի նկատմամբ պատվաստում իրականացվել է դեռեւս ապրիլ ամսին: Կարո՞ղ եք մասնագիտական բացատրություն տալ այն մասին, թե ինչու է ապրիլին պատվաստված անասունն անկել հունիսին:
-Պատվաստման ընթացքում լինում են հյուծված կենդանիներ, որոնք իմունիտետ ձեռք չեն բերում, այդ գլխաքանակը, որն անկել է, եղել են նաեւ չպատվաստված, որոնց անասնատերը չի թույլատրել պատվաստել: Հղիության վերջին ամսում իրենք վախենում էին վիժումներից, դրա համար չթողեցին պատվաստել իրենց անասունին:
-Ձեր կարծիքով, անկած կենդանիները նրանք են, որոնք իմունիտետ ձեռք չե՞ն բերել պատվաստելուց հետո:
-Այո, ու նաեւ հիմնական պատճառը խոտածածկի խնդիրն է, այս տարի բոլորս գիտենք, որ խոտը շատ ցածր է: Այսինքն կենդանին անմիջական շփվում է հողի հետ ու իր վարակվելու հավանականությունը շատ մեծ է:
-Բայց հողից նմուշառում արվել է եւ բացառվել է այդ վարկածը…
-Հողից մի քանի տեղից է արված ու այնպես չէ, որ արոտը կոնկրետ հենց այդտեղից է… եւ չի բացառվում, որ կենդանիները որտեղից, որ սնվել են, այդտեղից սիբիրախտի հարուցիչներ լինեն, դրանք շատ երկար մնում են հողի մեջ:
-Պարո՛ն Հովհաննիսյան, հաշվեքննիչ պալատը Ձեր ղեկավարած ՊՈԱԿ-ում պատվաստանյութերի հետ կապված անհամապատասխանություն էր հայտնաբերել. դրանք պետք է պահվեին համապատասխան ջերմային պայմաններում եւ պահանջվող ժամկետում օգտագործվեին: Բայց այդպես չի եղել: Գուցե՞ Գեղարքունիքի մարզում էլ է այդ իրավիճակն եղել եւ պատվաստանյութերը փչացել են:
-Գեղարքունիքի մարզում բոլորն ապահովված են սառնարաններով: Իսկ հաշվեքննիչ պալատի ուսումնասիրության ընթացքում Կոտայքի մարզում, ճիշտ է, եղել են վայրեր, որտեղ այդ սառնարանն անսարք վիճակում է եղել. վակցինայի ջերմաստիճանը +2-ից +8 աստիճան է, պալատի ուսումնասիրությունից հետո մենք գնացել ենք լրացուցիչ ստուգել ենք, մեզ մոտ կան այդ լուսանկարները, այսինքն երբ իրենք ժամանել են պահման պայմանների խախտում չի եղել, ուղղակի ոչ սառնարային պայմաններում են պահված եղել, բայց ջերմաստիճանը պահպանված Է եղել:
Զրուցեց Սյունէ Համբարձումյանը