ԱՐՑԱԽՈՒՄ ԱՆԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՀՐԵԼԸ՝ ԿՈՐԾԱՆԱՐԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների հաջորդ օրը՝ հունիսի 21-ին, Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանրահավաք էր կազմակերպվել նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով։ Ակցիայի մասնակիցներն իրենց պահանջը պայմանավորում էին ոչ միայն արցախյան 44-oրյա պատերազմի ծանր հետեւանքներով, այլեւ ընտրություններին հաջորդող գիշերը Հարությունյանի՝ ՔՊ շտաբ այցով։ Իհարկե, քաղաքացիներն իրենց ձայնն էին բարձրացնում, սակայն նման բողոքի ակցիաներն Արցախում ոչ միայն ներքաղաքական կյանքի վրա կարող են ազդել, այլեւ վտանգներ պարունակեն արտաքին դաշտում: Պատերազմի ավարտից կես տարի անց՝ Արցախի 75 տոկոսի կորստից հետո, Արայիկ Հարությունյանի հրաժարականին նման ձեւով հասնելը կարող է անդառնալի կորուստների հասցնել Արցախին:  Այն կնշանակի նոր ու ավելի բարդ ճգնաժամ, եւ տեսակետ է շրջանառվում, թե հրաժարականից հետո հնարավոր է Արցախում այլեւս նույնիսկ ընտրություններ չանցկացվեն: Ստացվում է՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջն օրակարգ բերելով, նրա նկատմամբ անհանդուրժողականություն դրսեւորելով՝ որոշ ուժեր Արցախում փորձում են ապակայունացնել իրավիճակը: Մինչդեռ  պետք է հասկանալ՝ ինչի  կարող է հանգեցնել ներքաղաքական ամբիցիաների դրսեւորումը, եւ ինչ կլինի, եթե, օրինակ, ընտրություններին ապօրինի կերպով հայտ ներկայացնի որեւէ մեկը ադրբեջանական կողմից: Սադրանք որեւէ դեպքում չպետք է թույլ տալ: Արայիկ Հարությունյանը Արցախի նախագահ է ընտրվել 2020-ի գարնանը։ ԱՀ Սահամադրության համաձայն՝ նա գործադիր իշխանության ղեկավարն է։ Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2024-ին, եւ քննադատելով հանդերձ՝ պետք է նրա լեգիտիմությունն ընդունել:

 

 

 

Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը հուլիսի 2-ին դիմելու է Սահմանադրական դատարան: Հայտնի է, որ ՍԴ-ն ընտրությունների արդյունքներով ընդունված որոշման առնչությամբ վեճերով որոշում է ընդունում դիմումի մուտքագրման օրվանից ոչ ուշ, քան 15 օր հետո. կարող է, իհարկե, նաեւ ավելի վաղ կայացնել որոշումը։ Միայն դրանից հետո կարելի է նշանակել ութերորդ գումարման խորհրդարանի առաջին նստաշրջանի առաջին նիստը։  Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Սահմանադրական դատարանը ամենայն հավանականությամբ օգտագործելու է 15-օրյա ժամկետը, քանի որ ուսումնասիրության համար ահռելի նյութ է առկա, եւ հետեւաբար որոշում կկայացվի հուլիսի 17-ին՝ մինչ 18:00-ն: Եվ եթե Սահմանադրական դատարանը որոշում կայացնի, որ ընտրությունների արդյունքներն օրինական են, ապա կհայտարարվի ութերորդ գումարման խորհրդարանի առաջին նիստի օրը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այստեղ կիրառելի է լինելու Սահմանադրության 90-րդ հոդվածի 5-րդ մասը` արտահերթ ընտրության դեպքում գործող Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն ավարտվում, եւ նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվում է նորընտիր Ազգային ժողովի կազմավորումից հետո` երկրորդ երկուշաբթի օրը հրավիրված Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման պահին, այսինքն` որոշմանը հաջորդող երկրորդ երկուշաբթին: Սա նշանակում է, որ եթե որոշում կայացվի հուլիսի 17-ին, ապա ԱԺ առաջին նիստը գումարվելու է հուլիսի 26-ին:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ օրերս ՀՀ քննչական կոմիտեի հատուկ կարեւորագույն գերծերով քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել Դատական դեպարտամենտի ղեկավար կազմի գործողությունների մասով: Ի դեպ, ուշագրավն այն է, որ քրեական գործով անցնում է Դատական դեպարտամենտի ղեկավար Տիգրան Փոլադյանը: Ինչպես հայտնի է, 10 դատավորի աշխատասենյակներում գաղտնալսող սարքեր էին տեղադրվել, եւ, տեղեկությունների համաձայն, այդ գործընթացից տեղեկացված է եղել անգամ Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը: Այդ դատավորներն էին Ռոբերտ Պապոյանը, Նելլի Բաղդասարյանը, Աննա Դանիբեկյանը, Սերժիկ Ավետիսյանը, Տիգրան Փոլադյանը, Գեւորգ Նարիմանյանը, Վազգեն Ռշտունին, Մխիթար Պապոյանը, Դավիթ Գրիգորյանը եւ Մանուկ Մարգարյանը: Եվ այս դատավորների աշխատասենյակներում գաղտնալսող սարքերի տեղադրումն ամենեւին էլ պատահական չէ, քանի որ նրանցից շատերը եղել են աղմկահարույց գործեր քննողներ: Եվ այս ամենի արդյունքում դատավորների աշխատասենյակներում ներքին դիտումներ են կատարվել, լսվել են նրանց հեռախոսային խոսակցությունները, դիտարկվել է նամակագրությունը, եւ բացահայտումներ են եղել։ Իսկ այժմ էլ քրեական գործ է հարուցվել Դատական դեպարտամենտի ղեկավար կազմի գործողությունների մասով, եւ առջեւում նոր բացահայտումներ կլինեն:

 

 

ՀՀ ԱԺ անկախ պատգամավորներ Թագուհի Թովմասյանը, Աննա Գրիգորյանն ու Սոֆյա Հովսեփյանը նախաձեռնել են ԱԺ հայտարարության նախագիծ՝ «Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ ուժի կիրառման եւ ղարաբաղյան հակամարտության ներկա փուլի մասին»: Անկախ պատգամավորները տեքստում ամրագրում են, որ Արցախի որոշ բնակավայրեր օկուպացված են Ադրբեջանի կողմից, եւ որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը ոչ թե Արցախի հարցի կարգավորման, այլ հրադադարի պարտադրանքով ստորագրված հայտարարություն է: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի մայիսի 27-ի նիստում միաձայն ընդունվել էր հայտարարության նախագիծը, որը պետք է հերթական նիստերի օրերին ներառվեր ԱԺ լիագումար նիստերի օրակարգ, սակայն հունիսի 15-ից մեկնարկած նիստերն այդպես էլ չկայացան. քվորում չկար, ու Արցախի ապագային առնչվող կարեւորագույն փաստաթղթի քննարկումը եւ քվեարկությունը չկայացան: Երեկվանից ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը նախաձեռնել է ԱԺ արտահերթ նստաշրջան, սակայն անկախ պատգամավորների նախաձեռնությունն այդպես էլ չի ներառվել ԱԺ-ի կողմից քննարկվող հարցերի շարքում: Պատգամավորների բոլոր փորձերը՝ այս օրերին կազմակերպելու Արցախի ապագային առնչվող կարեւորագույն փաստաթղթի քննարկումը, ապարդյուն է անցել:  «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ եւ՛ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, եւ՛ «Իմ քայլը» խմբակցությունը չեն ներառել հարցը քննարկվող օրինագծերի շարքում: Հավելենք, որ այսօր արդեն գոյություն չունեցող Արտաքին գործերի նախարարոթյունը եւ կառավարության մյուս ոլորտային գերատեսչությունները դրական գնահատական են տվել անկախ պատգամավորների նախաձեռնությանը: Ու հետաքրքիր է, թե ինչու է ԱԺ-ն վիժեցնում Արցախի ապագայի փաստաթուղթը:




Լրահոս