Մոսկվայում մահացել է շախմատի Ռուսաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ, միջազգային գրոսմայստեր Յուրի Դոխոյանը, հաղորդում է Ռուսաստանի շախմատային ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ 56–ամյա Դոխոյանի մահվան պատճառը կորոնավիրուսն է։
«Գրոսմայստեր Յուրի Դոխոյանը տաղանդավոր շախմատային տեսաբան էր։ Երկար տարիներ նա աշխարհի 13–րդ չեմպիոն Գարի Կասպարովի մարզիչն ու մարտավկան էր։ Պրոֆեսիոնալ սպորտից Կասպարովի հեռանալուց հետո նա մարզել է առաջատար ռուս շախմատիստուհիներ Տատյանա եւ Նադեժդա Կոսինցեւաներին։
2006–2011–ին Դոխոյանը գլխավորել է կանանց Ռուսաստանի հավաքականը, որը նրա ղեկավարությամբ 2010–ին առաջին անգամ նվաճեց Համաշխարհային օլիմպիադայի չեմպիոնական տիտղոսը։
2011–2015–ին Յուրի Դոխոյանը գլխավորել է տղամարդկանց Ռուսաստանի հավաքականը, որը 2012թ. Համաշխարհային օլիմպիադայում առաջին տեղը կիսեց Հայաստանի հավաքականի հետ, սակայն լրացուցիչ ցուցանիշով մնաց երկրորդ տեղում»,– նշվում է Ռուսաստանի շախմատային ֆեդերացիայի հաղորդագրությունում։
ArmLur.am-ի և «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրակազմը ցավակցում է Յուրի Դոխոյանի հարազատներին, մերձավորներին եւ սաներին։