ՀԱՆՑԱՎՈՐ ԽՈՒՄԲ Է ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ստացել է փաստական տվյալներ, որ ՀՀ մի շարք քաղաքացիներ, միավորվելով եւ գալով նախնական համաձայնության, տեղեկացված լինելով, որ ՀՀ կառավարության 09.09.2010թ. թիվ 1251-Ն որոշմամբ զույգ համարանիշերի կորստյան դեպքում սեփականատիրոջը նույն տվյալներով համարանիշեր չեն տրամադրվում, փոխարենը համարանիշերի վերականգման համար սեփականատերերը պարտավոր են կրկին հաշվառման համարանիշի արժեքի չափով վճարում կատարել պատկան մարմիններին, որոշել են օգտվել այդ հանգամանքից եւ մշակել են շորթմամբ ուրիշի գույքի հափշտակության հանցավոր մեխանիզմ եւ դրա հաջող իրագործման համար կատարել դերերի բաշխում:

 

Հանցակցությամբ գործող անձինք որոշել են գիշերային ժամերին գաղտնի տիրանալ Երեւան քաղաքի տարբեր վայրերում կայանված տրանսպորտային միջոցների՝ մեծ պահանջարկ ունեցող, սովորականից թանկ հաշվառման համարանիշերին, ավտոմեքենաների դիմապակիներին թողնել իրենց կողմից օգտագործվող «Տելեգրամ» համացանցային հավելվածում գրանցված օգտանունները, իսկ ապօրինի տիրացած տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերը թաքցնել ավտոմեքենաների կայանման մոտակայքում գտնվող, այլ անձանց համար անտեսանելի թաքստոցներում:

Տրանսպորտային միջոցների սեփականատերերի կողմից իրենց հետ կապ հաստատելու դեպքում թանկարժեք հաշվառման համարանիշերը վերադարձնելու դիմաց հանցավոր խմբի անդամները ներկայացրել են գույքային բնույթի գործողություններ կատարելու պահանջ, այն է՝ գումարներ փոխանցել կանխիկացման հնարավորությամբ օժտված կրիպտոարժութային դրամական միջոցների իրենց հաշվեհամարներին՝ սպառնալով չհամաձայնելու եւ գումար չփոխանցելու դեպքում ոչնչացնել այդ համարանիշերը:

Հանցավոր մեխանիզմի գործադրման արդյունքում հիշյալ անձինք 2021 թվականի ապրիլից մինչեւ հունիսը ընկած ժամանակահատվածում ապօրինի, գաղտնի տիրացել են Երեւան քաղաքում կայանված մի քանի տասնյակի հասնող ավտոմեքենաների սովորականից թանկ՝ 250.000 ՀՀ դրամ եւ ավելի արժողությամբ զույգ համարանիշերին, որից հետո իրենց հետ կապ հաստատած քաղաքացիներին ստիպել են իրենց կողմից նշված կրիպտոարժութային հասցեից գնել կրիպտոարժույթ եւ փոխանցել իրենց թվային արժույթի դրամապանակներին, որպիսի գործողությունները կատարելուց հետո կարճ հաղորդագրություններով սեփականատերերին տեղեկացրել են, թե որտեղ են թաքցրել տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերը:

Հերթական հանցավոր մտադրությունն իրագործելու ընթացքում ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են հանցավոր խմբի անդամների ինքնությունները, եւ նրանք բռնվել ու բերման են ենթարկվել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի նախաքննությամբ հանցանքի կատարման մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել է երկու անձ: Նրանք տվել են խոստովանական ցուցմունքներ: Քրեական գործով կատարված բազմաթիվ քննչական ու դատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերված անհերքելի ապացույցների բավարար համակցությամբ՝ նշված անձինք ներգրավվել են որպես մեղադրյալ, եւ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը քաղաքացիներին հորդորում է նմանօրինակ հանցավոր սխեմայի արդյունքում տուժած լինելու դեպքում նախքան հանցավորների հետ բանակցությունների մեջ մտնելը այդ մասին անհապաղ հայտնել ՀՀ իրավապահ մարմիններին արդյունավետ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու եւ Հայաստանի Հանրապետությունում նույն հանցավոր սխեմայով գործող այլ խմբավորումները բացահայտելու նպատակով:

Միաժամանակ տրանսպորտային միջոցների այն սեփականատերերին, ում հաշվառման համարանիշերը հափշտակելուց հետո ավտոմեքենաների դիմապակիներին թողնվել են «Տելեգրամ» համացանցային հավելվածում գրանցված «@RR407», «LIMONA 001» եւ «DUDI 001», «CRIMINAL NIGHT», «Թութան Համոն» անվամբ էջերի տվյալները, առաջարկվում է այդ մասին հայտնել ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը հանցավոր սխեմայի արդյունքում տուժած քաղաքացիների ամբողջական շրջանակը պարզելու եւ նրանց պատճառված գույքային վնասը վերականգնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու նպատակով:

 

 

 

ԽՆԴԻՐԸ ԼՈՒԾՎԱԾ ՉԷ

Նոյեմբերյանի մի քանի բնակիչներ դժգոհում են, որ իրենք ավանդաբար օգտագործել են Չիբուլլու սարի արոտավայրերը, այնտեղ արածեցրել իրենց անասուններին, սակայն ինչ-որ ֆրանսիացի արգելում է դա անել՝ ասելով, որ ինքը պայմանագիր ունի այդ տարածքները վարձակալությամբ օգտագործելու։ Խնդրի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Նոյեմբերյանի համայնքապետարան։ Համայնքապետարանից հայտնեցին, որ 2010թ. կատարվել է համայնքների վարչական սահմանների ճշգրտում, Նոյեմբերյանի տարածաշրջանի անասնապահությամբ զբաղվողների կողմից ավանդաբար օգտագործվող հողատարածքները, հիմնականում՝ արոտավայրեր, խոտհարքներ, տրվել են  Իջեւանի եւ Դիլիջանի  տարածաշրջանների համայնքներին, մասնավորապես՝ Ներքին Ծաղկավան եւ Հաղարծին համայնքներին։ Այդ համայնքներն էլ պետական սեփականություն հանդիսացող հողերը վարձակալությամբ տվել են Տավուշի մարզում անասնապահությամբ եւ կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամին։ Նոյեմբերյանի տարածաշրջանի համայնքների ղեկավարները նախկինում բարձրացրել էին այդ խնդիրը, Նոյեմբերյանի համայնքապետարանն այդ կապակցությամբ դիմել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին։ Ներկայումս  Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում է գտնվում խնդրի լուծման  առաջակությունների փաթեթը։

 

 

ՎԵՐԱԲՆԱԿՎԵԼ ԵՆ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁՈՒՄ

44-օրյա պատերազմի հետեւանքով Արցախի Քաշաթաղի շրջանի Վուրգավան եւ Սահառ գյուղերից տեղահանված 2 ընտանիք բնակություն է հաստատել սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուրում: Հունիսի 28-ին կայացել է Ավետիսյանների (Վուրգավան) եւ Այվազյանների (Սահառ) ընտանիքների համար «Հայկական վերաբնակեցման միության» ջանքերով ձեռք բերված, վերանորոգված, կահավորված առանձնատների բնակարանամուտի արարողությունը: Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը, բնակարանամուտի կապակցությամբ շնորհավորելով ընտանիքների անդամներին, վստահեցրել է, որ  նրանք Ներքին Կարմիրաղբյուրում շրջապատված կլինեն հարազատ մարդկանցով, ջերմ ու հյուրընկալ վերաբերմունքով, եւ շնորհակալություն է հայտնել բոլոր կազմակերպություններին, որոնք դժվարին ժամանակներում առաջնային են համարել հայրենիք կորցրած մեր հայրենակիցների խնդիրները: «Հայկական վերաբնակեցման միության» կազմում ներգրավված են ամերիկյան «Փարոս» հիմնադրամը, «Focus on Children Now-FCN» բարեգործական կազմակերպությունը, «Սահման» ՀԿ-ն  եւ «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամը: «Հայկական վերաբնակեցման միության» ջանքերով Ներքին Կարմիրաղբյուրում բնակություն է հաստատել  ընդհանուր թվով 5 ընտանիք:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

 

«ՇՎԱՐԵԼ ԵՄ, ՉԳԻՏԵՄ՝ ԻՆՉ ԱՍԵՄ». ԱՐՓԻ

 

Երգչուհի Արփի Շահնուբարյանը նորություն ունի. երգչուհին շուտով կներկայացնի իր սեփական ասեղնագործ պայուսակների բրենդը, որը կոչվում է «Մախմուր»: Նոր զբաղմունքի մասին առաջինն Արփին պատմել է  «Ժողովուրդ» օրաթերթին:

 

«Սա ինձ համար բիզնես չէ, այլ հաճելի զբաղմունք: Անկեղծ ասած, երբ սպասում էի երկրորդ բալիկիս ծնվելուն եւ որոշել էի տանը մնալ եւ երկու-երեք ամիսները վայելել, որպեսզի  պարապ չմնամ, փորձեցի վերհիշել դպրոցական տարիներից աշխատանքի ուսուցման դասերս եւ ինչ-որ մի բան անել: Յութուբում որոշ բաներ նայեցի, հետո հասկացա, որ գնալով ձեռքս է՛լ ավելի է բացվում, ամենակարեւորը՝ սիրուն է ստացվում ինձ մոտ ասեղնագործել տարբեր նախշեր, բայց ժամանակի սղության պատճառով չկարողացա շարունակել, եւ դա մնաց անկատար երազանք եւ նպատակ ինձ համար: Կորոնավիրուսի ի հայտ գալուց հետո, երբ  բոլորս տանը փակված էինք, աշխատանք չկար, զբաղմունք՝ նույնպես, ես կրկին ձեռքս վերցրեցի ասեղնագործության պարագաներս եւ սկսեցի կրկին ասեղնագործել, հմտանալ եւ լսելով կողքից՝ դրական կարծիքները ինձ շատ ոգեւորեցին, հուսադրեցին»,- նշեց երգչուհին:

Արփիի խոսքով՝ համացանցն այսօր թույլ է տալիս ինքնուրույն սովորել, տեսնել, հմտանալ, ընդամենը պետք է ցանկություն եւ մի փոքր էլ ժամանակ: Նրա կարծիքով՝ եթե շնորհք ունես, աշխատասեր ես, ապա անպայման ցանկացած գործում կհաջողես:

«Սա պատերազմի շրջանում իմ միակ գլխացավի, հույզերի դեղն էր, առավոտից երեկո նստած գործում էի, եւ երբ որոշեցի անուն դնել իմ աշխատանքներին, մտքիս միանագամից եկավ «Մախմուր» անունը, որվհետեւ այն միակն է, որը լիարժեք բնութագրում է իմ ստեղծած պայուսակները, եւ երբ առաջին անգամ դրանցից մի քանիսը ցուցադրեցի համացանցում, ապշեցի արձագանքների դրական հոսքից: Բոլորը գին են հարցնում. ես անգամ չգիտեմ, թե դրանք վաճառելու ցանկություն ունեմ, թե չէ, շվարել եմ»,- ընդգծեց նա:

Նշենք, որ ավելի վաղ  Արփին իր ինստագրամյան էջում հետեւորդների հետ կիսվել էր նոր զբաղմունքի եւ ստեղծագործելու այլ աղբյուրներ գտնելու մասին. «Ես սիրում եմ ստեղծել… Սիրում եմ ինձ համար բացահայտել նորը, սիրում եմ անտրտունջ աշխատել ու վայելել շոշափելի արդյունքը։ Գուցե նաեւ իմ ծննդավայրից է (Խնձորեսկ), որ զգում եմ բնությունն իր ամբողջ գեղեցկությամբ ու ուժով, իսկ նրա զորեղ էներգիան ստանալով՝ սկսում եմ նորից բնություն ստեղծել, ասեղնագործել բնություն: Մտահոգ ու լարված օրերի սփոփանքը ինձ համար եղան թելերը, ասեղն ու կտորը, իսկ հիմա արդեն՝ այն պայուսակները, որ կրում են «Մախմուր» անունը…

Սկսում եմ զրոյից, հիմքից՝ փշրված հույսի կտորներն իրար հավաքելով, բայց մի մեծ բուռ էլ լույս դնելով այս գեղեցիկի ճանապարհին: Բոլորս էլ պետք է սկսենք կամ շարունակենք լույսով, հույսով ու մեծ հավատով, որպեսզի ամեն ինչ լավ լինի:

Հ.Գ. Շուտով կգործի առանձին էջ, որտեղ կներկայացվի պայուսակների մեծ տեսականի՝ մեկը մյուսից մախմուր»:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ

«Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 22-րդ փառատոնը հյուրընկալում է Ռավեննայի հեղինակավոր փառատոնի համերգը Երեւանում:

 

«Բարեկամության շառավիղներ» խորագրով համերգը տեղի կունենա հուլիսի 4-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Համերգը կղեկավարի մաեստրո Ռիկարդո Մուտին, որը Երեւան է ժամանելու իր Լուիջի Քերուբինիի երիտասարդական նվագախմբի հետ։

Համերգին մասնակցում են Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան), մենակատարներ սոպրանո Նինա Մինասյանը, տենոր Ջովաննի Սալան, բարիտոն Գուրգեն Բավեյանը եւ երգեհոնահար Դավիդե Կավալին։ Կհնչեն Ֆ. Յ. Հայդնի, Վ. Ա. Մոցարտի, Ֆ. Շուբերտի ստեղծագործությունները, ինչպես նաեւ կկայանա Տ. Մանսուրյանի «Քավարան» ստեղծագործության համաշխարհային պրեմիերան, որը գրվել է Ռավեննայի փառատոնի պատվերով Դանթե Ալիգիերիի 700-ամյակի կապակցությամբ:

Իրադարձությանը աջակցում են Իտալիայի Հանրապետության մշակույթի եւ արտաքին գործերի նախարարությունները, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը, Վենետիկի հայ մշակույթի ուսումնասիրության եւ վավերագրման կենտրոնը: Նման նշանակալից իրադարձությունը լուսաբանելու նպատակով Իտալիայից Հայաստան են ժամանելու մեկ տասնյակից ավելի հայտնի լրագրողներ եւ բարձրաստիճան հյուրեր: Համերգի նախօրեին՝ հուլիսի 3-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ տեղի կունենա համերգ՝ ի նվիրումն եւ ի պատիվ Ռիկարդո Մուտիի եւ Ռավեննա փառատոնի։ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ նվագախումբը կկատարի Բեթհովենի թիվ 3 դաշնամուրի կոնցերտը եւ Բեռլիոզի «Ֆանտաստիկական» սիմֆոնիան: Երեկոյին որպես մենակատար հանդես կգա Իտալիայից Հայաստան ժամանած դաշնակահար Մայա Օհանյանը: «Երեւանյան հեռանկարներ» եւ Ռավեննա փառատոները հանդիսանում են Եվրոպական փառատոնային ասոցիացիայի անդամներ եւ դասվում են Եվրոպայի լավագույն փառատոների շարքին:




Լրահոս