ArmLur.am-ը շարունակում է իր շարքը, որով ներկայացնում ենք խորհրդարան անցած քաղաքական ուժերի ցուցակում ներառված այն «անծանոթներին», որոնք կարող են վերջնաարդյունքում Ազգային ժողովի պատգամավոր դառնալ: Այս անգամ կանդրադառնանք «Հայաստան» դաշինքին: Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով այս դաշինքը խորհրդարանում կունենա 29 պատգամավոր, որից մեկն՝ ազգային փոքրամասնության ներկայացուցիչ:
Այս անգամ կներկայացնենք, թե ովքեր են դաշինքի առաջին 28 համարներում ընդգրկված թեկնածուներից «անծանոթներ»: Նկատենք, որ այս դաշինքի ցուցակում կան նաեւ քաղաքապետեր, որոնք հնարավոր է հրաժարվեն մանդատից եւ չգան խորհրդարան: Ամեն դեպքում մենք կանդրադառնանք առաջին 28 համարներին:
Ցուցակի տասնյակում բոլորին հայտնի անուններ են. ցուցակի 12-րդ համարը դաշնակցական «ԱՐՄԱԴ ընկերություն» ծրագրերի համակարգող Քրիստինե Վարդանյանն է: Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա շարժական կամ անշարժ գույք չունի, եկամտի չափը կազմել է 816 հազար դրամ, հայտարարագիրը ներկայացնելու ժամանակ նա ունեցել է 2 մլն 377 հազար դրամ եւ 800 դոլար:
«Անրիվա տուր» ՍՊԸ տնօրեն Հռիփսիմե Ստամբուլյանը ցուցակում 18-րդն է: Հռիփսիմե Ստամբուլյանը 2010-2012-ին հիմնել է Anriva trans միջազգային բեռնափոխադրումների եւ Anriva Tour զբոսաշրջային ընկերությունները: Anriva Group-ը նաեւ 2017-ից դարձել է Air Cairo ավիաընկերության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:
23-րդ համարն Ալեքսանդր Խաչատուրյանն է՝ ԹիՔեյ Ընդ Փարթներս ՓԲԸ բաժնետերը: Նա Կարեն Կարապետյանի վարչապետության տարիներին եղել է նրա խորհրդականը: Նա ունի բնակարան Աջափնյակում եւ քոթեջ Դիլիջանում, Hyundai մակնիշի ավտոմեքենա, որպես եկամուտ 19 մլն դրամ ստացել է որպես աշխատավարձ, 19 մլն դրամ որպես շահաբաժին, սակայն այդքանով էլ եկամուտները չեն ավարտվում: Դրամական միջոցները կազմել են 10 մլն դրամ եւ 39 հազար եվրո:
26-րդ համար «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան», Միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի դոցենտ Թադևոս Ավետիսյանն է, իսկ 27-րդ համարն էլ ԵՊՀ դասախոս Մարիաննա Եփրեմյանը: Վերջինս որպես սեփականություն ունի բնակելի տարածքներ, եկամուտը կազմել է մոտ 1.5 մլն դրամ, որպես դրամական միջոց ունեցել է 40 հազար դոլար եւ 3 մլն դրամ:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անծանոթները՝ այստեղ