ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է գողության, գողության փորձի դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 41-ամյա տղամարդը ընկերոջ հետ՝ իր կողմից վարձակալած ավտոմեքենայով, 2021թ. փետրվարի 4-ին՝ ժամը 05:30-ի սահմաններում, գնացել են Արմավիրի մազի Մրգաշատ գյուղ և ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, փորձել են պտուտակահանի միջոցով բացել գյուղում գործող խանութներից մեկի դուռը, սակայն լսելով խանութի սեփականատիրոջ ձայնը, դիմել են փախուստի՝ իրենց կամքից անկախ հանգամանքներով չկարողանալով հանցագործությունն ավարտին հասցնել:
Բացի այդ, նույն օրը, պտուտակահանի միջոցով բացելով վերոհիշյալ գյուղում գտնվող գեղեցկության սրահի դուռը, մուտք են գործել ներս և հափշտակել զգալի չափերի՝ տարբեր արժողության էլեկտրական սարքեր և դիմել փախուստի:
Օրեր անց, հիշյալ ավտոմեքենայով գնացել են Մասիս քաղաքի Կայարան թաղամաս և այնտեղ գործող խանութներից մեկի պատուհանը կոտրելու եղանակով, մուտք են գործել ներս և գողացել տարբեր արժողության ապրանքներ՝ պատճառելով խոշոր չափերի՝ ընդհանուր 1.241.900 ՀՀ դրամի գույքային վնաս:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ երկու տղամարդկանց մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3- րդ կետերով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: