«Պատիվ ունեմ» դաշինքը նույնպես դիմել է Սահմանադրական դատարան՝ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՍԴ մամուլի խոսնակ Եվա Թովմասյանը:
«Պատիվ ունեմ» դաշինքի մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը ՀԺ-ի հետ զրույցում նշեց, որ ՍԴ դիմելու հիմքերի մասին ավելի մանրամասն կխոսեն դատաքննության փուլի ընթացքում:
«Այլ մանրամասներ ՍԴ-ին ուղղված դիմումի մասին այս պահին չեմ կարող հայտնել»,- ասաց խոսնակը:
Նշենք, որ այսօր ընտրությունները վիճարկելու համար ՍԴ դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետն էր: Հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով ՍԴ-ն այսօր դիմումներ է ստացել չորս քաղաքական ուժերից՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներից, ինչպես նաև «Հայոց հայրենիք» և «Զարթոնք» կուսակցությունների կողմից: