Երեկ լրացավ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի կողմից Սահմանադրական դատարան դիմելու ժամկետը: ՍԴ են դիմել չորս քաղաքական ուժ՝ խորհրդարան անցած «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքները, ինչպես նաև անցողիկ շեմը չհաղթահարած «Հայոց Հայրենիք» կուսակցությունն ու «Զարթոնք» դաշինքը: Նրանք, Սահմանադրական դատարան դիմելով, պահանջում են Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչել կամ էլ ընտրությունների երկրորդ փուլ նշանակել:
«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը լրագրողներին հայտնել է, թե Սահմանադրական դատարան դիմումով ներկայացրել են 109 ընտրական տեղամասերի վերաբերյալ արդյունքների վերլուծությունը, որը, ըստ էության, վերաբերում է շուրջ 88 հազար ձայնի: Բացի այդ, «Հայաստան» դաշինքը ընտրության արդյունքները վիճարկող դիմումի հետ մեկտեղ Սահմանադրական դատարան է ներկայացրել գրություն, որպեսզի այս քննությանը ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը չմասնակցի:
Ընտրական վեճերին առնչվող հարցերը Սահմանադրական դատարանը պարտավոր է քննել արագացված ընթացակարգով։ Սահմանադրական դատարանի մասին օրենքն այս դեպքում նախատեսում է քննության 15-օրյա ժամկետ, ընդ որում ոչ թե աշխատանքային, այլ օրացույցային։
Սահմանադրական դատարանում գործընթացը մի քանի զարգացում կարող է ունենալ։ Տարբերակ առաջին՝ Ազգային ժողովի ընտրությունների արդյունքով ընդունված որոշումը թողնել ուժի մեջ, տարբերակ երկրորդ՝ անվավեր ճանաչել Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումը։ Այս դեպքում կարող է սահմանվել մանդատների բաշխման նոր կարգ կամ նշանակվել ընտրությունների երկրորդ փուլ։
Նորընտիր ԱԺ -ն առաջին նիստը կգումարի ՍԴ որոշումից հետո։ Սահմանադրության 90-րդ հոդվածում որպես ժամկետ սահմանվում է նորընտիր Ազգային ժողովի կազմավորումից հետո` երկրորդ երկուշաբթի օրը։ Կազմավորման օրը համարվում է մանդատների բաշխման օրը, որը կնշանակվի Սահմանադրական դատարանի որոշումից հետո:
Ընտրությունների վիճարկման մասին ստացված 4 դիմումները Սահմանադրական դատարանի որոշմամբ կարող են քննվել թե միասին, թե առանձին-առանձին:
Մանրամասները՝ տեսանյութում: