Հայաստանի հարավում իրավիճակի սրումը` կապված Ադրբեջանի հետ նոր սահմանի հաստատման հետ, «սահմանային միջադեպ» է և չի համապատասխանում հավաքական պաշտպանության մասին ՀԱՊԿ կանոնադրության դրույթներին: Այդ մասին, ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, լրագրողներին ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:
«Պետք է հասկանալ, որ ՀԱՊԿ ներուժն օգտագործվում է միայն [անդամ երկրներից մեկին ուղղված] ագրեսիայի, հարձակման դեպքում: Այստեղ գործ ունենք, ըստ էության, սահմանային միջադեպի հետ: Փա՛ռք Աստծո, զոհեր չկան, կրակոցներ չկան: Սա սահմանային միջադեպ է, այն պետք է լուծվի, և մենք կողմ ենք այն խաղաղ ճանապարհով լուծելուն», – ասել է նա:
Ըստ նրա գնահատականի՝ հակամարտության սրում չկա:
«Ստիպված չենք խոսել այն մասին, որ հիմա իրավիճակն ինչ-որ կերպ սրվում է։ Սա արդեն լավ է, սա արդեն արդյունք է: Առջևում շատ աշխատանք կա սահմանի խնդրի լուծման, այս բոլոր վիճահարույց հարցերի լուծման առումով, բայց դրանք պետք է լուծվեն բանակցությունների սեղանի շուրջ», – նշել է Զասը:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը տեղեկացրել է նաև, որ կազմակերպությունը Հայաստանի՝ մայիսյան դիմումից հետո, խորհրդակցություններ է անցկացրել երկրի սահմանամերձ շրջաններում տիրող իրավիճակի վերաբերյալ: «Նման խորհրդակցություններ անցկացվել են պաշտպանության նախարարների, անվտանգության խորհուրդների քարտուղարների մակարդակով, և ես կապվել եմ ինչպես Հայաստանի արտաքին գործերի նախարարի, այնպես էլ պաշտպանության նախարարի հետ: Մենք քննարկել ենք այս իրավիճակը: Բացի այդ, այս իրավիճակի քննարկում ենք ունեցել ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում, որն անցկացվել է Դուշանբեում», – ասել է նա:
Զասը հավաստիացրել է, որ ՀԱՊԿ-ը մշտապես մշտադիտարկում է իրավիճակը Հայաստանի հարավում: «Դիտորդական խումբ ստեղծելու մասին որոշում չի ընդունվել, չնայած, իհարկե, իրավիճակը վերահսկվում է», – ասել է գլխավոր քարտուղարը:
Կազմակերպությունն անհրաժեշտ տեղեկատվությունը ստանում է բազմաթիվ աղբյուրներից, այդ թվում՝ հայկական կողմից և ռուս խաղաղապահներից, հավելել է նա: