Բեզոարյան այծի որսի դեպք է բացահայտվել. ձերբակալվել է «Հայանտառի» մասնաճյուղի տնօրենը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 2-ին ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության և Եղեգնաձորի բաժնի ծառայողները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղերից մեկի տնօրենը Ելփին գյուղի Արդարազ կոչվող տարածքում բեզոարյան այծ է որսացել և «ՈՒԱԶ» ավտոմեքենայով գնում է դեպի Ելփին:

Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության և ՀՀ ԲԸՏՄ Վայոց ձորի մարզի տարածքային բաժնի աշխատակիցների համատեղ ձեռնարկած գործողությունների արդյունքում Ելփին բնակավայրի Զաղա կոչվող տարածքում փորձ է արվել կանգնեցնել է «ՈւԱԶ» ավտոմեքենան: Հետապնդման ժամանակ վարորդը ավտոմեքենան կայանել է Ելփինի Քարի տակ կոչվող վայրում և փորձել դիմել փախուստի:

Նշված վայրում կատարված զննությամբ՝ առվի մեջ հայտնաբերվել է որսը։ Դեպքի վայր ներկայացած «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղի տնօրենը հայտնել է, որ բեզոարյան այծը որսացել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառապահներից մեկը:

Տնօրենը և անտառապահը բերման են ենթարկվել ոստիկանության Եղեգնաձորի բաժին:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 294-րդ հոդվածի (Ապօրինի որսը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով) 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղի տնօրենը ձերբակալվել է:

Կատարվում է նախաքննություն։




Լրահոս