8-րդ գումարման խորհրդարանում, ինչպես ավելի վաղ հայտնել ենք, կլինի 107 պատգամավոր, որից 36-ը՝ ընդդիմադիր: Իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» եւ ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի նորեկներին անդրադառնալու առիթ ունեցել ենք: Այսօր կներկայացնենք «Պատիվ ունեմ» դաշինքից այն 7 պատգամավորներին, որոնք խորհրդարան են անցել եւ կստանան պատգամավորական մանդատ:
Եվ չնայած 7 թեկնածուն էլ հանրությանը հայտնի են, սակայն միայն Թագուհի Թովմասյանն ու Իշխան Զաքարյանն են, որ մինչ այս պատգամավոր են եղել:
Արթուր Վանեցյանը եղել է ԱԱԾ տնօրեն, հանրության լայն շրջանակներին հայտնի դարձավ, 2018 թվականից, երբ ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվեց ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն: Վանեցյանի ունեցվածքի եւ եկամուտի մասին հայտարարագրում շատ տեղեկություններ առկա չեն:
Ցուցակում երկրորդ համարը Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանն է: Որպես անշարժ գույք հայտարարագրել է 1 ամառանոց Ջերմուկում, իսկ որպես շարժական գույք՝ «Mercedes-Benz S 450» մակնիշի ավտոմեքենա: Նա քաղաքապետի պաշտոնը զբաղեցրել է 2011 թվականից մինչև 2018 թվականը, ապա հեղափոխությունից հետո հրաժարական տվեց:
Երրորդ համարը ՀՀԿ երիտմիության անդամ, Քասախի համայնքապետ Արա Մկրտչյանի դուստն է՝ Աննա Մկրտչյանը: Նա ծնվել է 1994 թ. սեպտեմբերի 21-ին Երևանում:
Վերահսկիչ պալատի նախկին նախագահ, Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախկին նախագահ Իշխան Զաքարյանը ցուցակում չորրորդն է եւ նախկինում եւս պատգամավոր է եղել: Նրա պատգամավորական գործունեությունն ավարտվել է 2019-ին, երբ նա հայտարարեց, որ հեռանում է քաղաքականությունից
ՀՀԿ անդամ Հայկ Մամիջանյանը 2016 թ.-ից ՀՀԿ «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի գործադիր ղեկավարն է, «Լույս» հիմնադրամի հետազոտությունների համակարգողն է, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահը։ Դասավանդում է Երեւանի Վ.Բրյուսովի անվ. Պետական Լեզվահասարակագիտական Համալասարանում եւ ՀՀ Պետական Կառավարման Ակադեմիայում։
Վեցերորդ համար Թագուհի Թովմասյանն ԱԺ պատգամավոր է: 7-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» դաշինքի ցուցակով, խմբակցությունից դուրս է եկել պատերազմից հետո: «Ժողովուրդ» օրաթերթի հիմնադիրն է:
Եվ յոթերորդ համար Տիգրան Աբրահամյանը ՀՀԿ-անդամ է: Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին եղել է ՀՀ նախագահի աշխատակազմ, «Հանրային կապերի տեղեկատվության կենտրոնի» փորձագետ, տնօրենի խորհրդական, այնուհետեւ Արցախի նախագահի անվտանգության հարցերով խորհրդական: Պաշտպանության նախարարության կողմից պարգևատրվել է Զինված ուժերի 20-ամյակի հուշամեդալով: