Թեեւ ՀՀ առողջապահության նախարարությունը փորձում է ամեն ինչ անել կորոնավարակի դեմ պատվաստումների հանդեպ հասարակական հետաքրքրությունը մեծացնելու համար, սակայն Հայաստանում պատվաստումների քանակը, միեւնույնն է, շարունակում է մտահոգիչ ձեւով քիչ լինել: Նշենք, որ մինչեւ այս պահը Հայաստանում 80 հազարից ավելի մարդ է պատվաստվել, այսինքն՝ բնակչության շուրջ 2,9 տոկոսը: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նախօրեին հրավիրած խորհրդակցության ժամանակ մտահոգիչ էր համարել այս թվերը: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այս թվերի եւ հաշվարկի մեջ այլ իրականություն է թաքնված: Բանն այն է, որ իրականում Հայաստանի բնակչության 2.9 տոկոսը չէ, որ պատվաստվել է, ինչպես փորձում են ցույց տալ պատկան մարմինները: Բանն այն է, որ պատվաստվողների մեջ մեծ թիվ են կազմում օտարերկրացիները, որոնք, գտնվելով Հայաստանում, պատվաստվել են, եւ Առողջապահության նախարարությունը այդ թիվն էլ է ներկայացնում 80 հազար պատվաստված մարդկանց մեջ: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանին՝ խնդրելով տրամադրել տվյալներ, թե պատվաստվածների մեջ քանիսն են օտարերկրացիները: Վերջինս վստահեցրեց, թե նման առանձին վիճակագրություն իրենք չունեն: Նկատենք՝ պատվաստումներն արվում են անձնագրային տվյալներով, եւ անհնար է չպարզել՝ պատվաստվողը ինչ ազգություն կամ քաղաքացիություն ունի: Իրականում, այո, պատվաստումներ են արվել մեծ թվով օտարերկրացիների: Ստացվում է, որ օտարերկրացիները ՀՀ պետբյուջեի հաշվին անվճար պատվաստումներ են ստանում ու վերադառնում իրենց երկրներ, իսկ ՀՀ քաղաքացիներն այնքան էլ հակված չեն պատվաստվել: Պատվաստանյութերը թերեւս կարճ ժամկետ ունեն եւ արագ սպառման անհրաժեշտություն:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի մոտ հայրենի իշխանությունները բանագնացներ են ուղարկել ու տեղեկացրել, որ պետք է հրաժարական ներկայացնի ու հեռանա, սակայն Մարությանն ասել է, որ իշխանությանը տեղեկացնեն՝ չի պատրաստվում որեւէ տեղ հեռանալ: Լավատեղյակ աղբյուրներից տեղեկացանք, որ Հայկ Մարությանն այս ընթացքում առավել զգուշավոր է դարձել, նույնիսկ իր պարտականությունները չի կատարում, որեւէ փաստաթուղթ չի ստորագրում, որեւէ իրավական գործընթացի մեջ չի մտնում, որ խոցելի չդառնա: Հնարավոր է՝ որեւէ փաստաթուղթ ստորագրելուց հետո օգտագործվի իր դեմ, ինչի համար էլ Մարությանը մատնվել է անգործության: Բանն այն է, որ Մարությանն իր նեղ թիմում ասել է, որ ամեն գնով ինքնապաշտպանվելու է, մի խումբ իրավաբանների հետ է հանդիպումներ ունենում, փորձում է հասկանալ՝ եթե հրաժարական չներկակացնի, ապա ինչ իրավական հետեւանքների այն կարող է բերել: Այսինքն՝ Մարությանը որոշել է ամեն գնով չզիջել ու թեժ պայքարի է դուրս եկել իշխանությունների դեմ: Մեր տեղեկություններով՝ իշխանություններն էլ իրենց հերթին են որոշել չզիջել ու վստահ են, որ հասնելու են իրենց նպատակին: Իշխանությունն այս պահին որոշել է՝ եթե հասնեն Մարությանի հրաժարականին, ապա իրենք Երեւանի քաղաքապետի նոր ընտրություններ չեն իրականացնի, այլ այժմյան ավագանու անդամներից որեւէ մեկին կընտրեն ու կկարգեն Երեւանի քաղաքապետ: Նշենք, որ իշխանությունը նպատակ ուներ ավագանու անդամ Արմեն Կոտոլյանին կարգել քաղաքապետ, բայց թե դա որքանով իրական կդառնա, առաջիկայում դժվար է ասել:
Ուժային կառույցերում, մի կողմից, մեդալներ ու պարգեւներ են բաժանվում, մյուս կողմից՝ ազատում են մարդկանց: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ քննչական կոմիտեում ազատումները հետաքրքիր նախապատմություն ունեն։ Մասնավորապես՝ քննիչներին ու վարչության պետերին նախապես հրավիրել են վերադասները եւ ասել, որ պետք է պատրաստ լինեն, քանի որ անկանխատեսելի իրադարձություններ եւ պաշտոնից ազատումներ են սպասվում։ Ուշագրավ է, որ երբ «Ժողովուրդ» օրաթերթը նախօրեին հրապարակել էր, որ ազատումներ են լինելու, շատ քննիչներ ու այլ պաշտոնյաներ փորձել են հասկանալ վերադասներից, թե ում է խոսքը վերաբերում: Բանն այն է, որ գործընթացը գաղտնի է եղել, եւ այդ ազատված անձինք հստակ չեն իմացել, որ հենց իրենք են ազատվելու աշխատանքից։ Ավելին, աշխատանքից ազատված պաշտոնյաներն աղմկահարույց գործեր քննած անձինք են, որոնք ծառայություն են մատուցել, մտածել են առաջընթաց կունենան, բայց գործազուրկ են դարձել: Նրանց անունները կհրապարակենք առաջիկայում։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն առաջարկում է անձնական եւ պետական որոշ տվյալների տեղեկությունը e-gov.am կայքում արգելափակել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախարարությունը, համագործակցելով ՀՀ ազգային անվտանգության ծառայության հետ, ուսումնասիրել է e-gov.am եւ govtravel.am կայքում ներկայացված զգայուն եւ ռիսկային տեղեկությունը եւ հաշվի առնելով վերջին պատերազմով պայմանավորված անձնական եւ պետական տվյալների արտահոսքի նոր ռիսկերը՝ արգելափակել է «Էկենգ» ՓԲԸ կողմից ներկայացված իրավական ակտերում անհրաժեշտ փոփոխությունները e-gov.am կայքում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ օբյեկտների հասցեներ, կազմակերպաիրավական ձեւ, համարակալում եւ այլն, առաջարկվում է ամբողջապես հեռացնել e-gov.am կայքից, նաեւ կայքից կհեռացվի օգտակար հանածոների եւ ստորերկրյա հանքային ջրերի արդյունահանման ու երկրաբանական ուսումնասիրության նպատակով ընդերքօգտագործման իրավունք ունեցող ընկերությունների անվանման, գործունեության հասցեների, թույլտվության, պայմանագրի տրման համարները: Պարզվում է, որ այս տեղեկությունը եւս համարվում է ռիսկային եւ զգայուն՝ ի վնաս ՀՀ պետական շահի: Նախարարաությունն առաջարկում է gov.travel.am կայքից հեռացնել ավիափոխադրողների, չվերթների, ամրագրման կոդերի, ուղեւորների քանակի, արժեքի, Ազգային անվտանգության խորհրդի անդամ հանդիսացող անձանց եւ ԱԱԾ կողմից գնված ավիատոմսերի վերաբերյալ տեղեկությունը, մինչդեռ նախկինում նման նախաձեռնությունը այսօրվա բնապահպան պատգամավորների ու նախկին ակտիվիստների կողմից դաժան քննադատության կենթարկվեր: