ՏՆՕՐԵՆՆ ՈՒ ՆԱԽԱԳԱՀԸ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մանրամասներ՝ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի պետ Արմեն Հարությունյանի քրեական գործից. գործով անցնում են դպրոցի տնօրեն եւ ՀԿ նախագահ: Armlur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել  ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի գրասենյակի պետ Արմեն Հարությունյանին կաշառք տալու դեպքից: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Արմեն Հարությունյանից բացի, մեղադրյալի աթոռին են հայտնվել «Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային միություն» հասարակական կազմակերպության նախագահ Աշոտ Աթոյանը, եւ «Արթիկի թիվ 4 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Նունե Գրիգորյանը:

 

Ինչպես հայտնի է, 2019 թվականին Ազգային անվտանգության ծառայությունը  բացահայտեց դեպք, որ  քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի պաշտոնատար անձին կաշառք  են տվել: Իսկ հիմա կոնկրետ ո՞ւմ եւ ինչի՞ համար են ցանկացել գործարքի գնալ: Մեզ հայտնի դարձավ որ ԱԱԾ-ն Արմեն Հարությունյանին մեղադրանք է առաջադրել այն բանի համար, որ իր ծանոթից՝ «Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային միություն» հասարակական կազմակերպության նախագահ Աշոտ Աթոյանից առաջարկ է ստացել  աջակցել «Արթիկի թիվ 4 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Նունե Գրիգորյանին ՀՀ վճռաբեկ դատարան թիվ ՇԴ3/0461/02/19 քաղաքացիական գործով ներկայացված բողոքի կապակցությամբ:  Արդյունքում  Նունե  Գրիգորյանի օգտին բարենպաստ որոշում կայացնելու համար  հանաձայնության են եկել գումարի շուրջ: Այսպիսով, 2019 թվականի հուլիսի 9-ին՝ Երեւան քաղաքի Լենինգրադյան 38 շենքի դիմաց հանդիպման ժամանակ, Արմեն Հարությունյանը Աշոտ Աթոյանից վերջինիս անձնական օգտագործման ավտոմեքենայում ստացել եւ փորձել է խարդախությամբ հափշտակել զգալի չափերով՝ 238.500 ՀՀ դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար գումարը, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում, քանի որ գումարը վերցնելուց անմիջապես հետո բերման է ենթարկվել ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:

Նունե Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել որ նա, մտերիմ լինելով «Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային միություն» հասարակական կազմակերպության նախագահ Աշոտ Աթոյանի հետ, համաձայնության է եկել վերջինիս հետ՝ նրա անձնական կապերի միջոցով նշված դատարանի քաղաքացիական պալատի իրավասու պաշտոնատար անձանց ՀՀ Վճռաբեկ դատարան թիվ ՇԴ3/0461/02/19 քաղաքացիական գործով ներկայացված բողոքի կապակցությամբ իր օգտին բարենպաստ որոշում կայացնելու համար տալ խոշոր չափերով կաշառք՝ դրա գումարը Աշոտ Աթոյանի կողմից հատկացնելու եւ հետագայում այդ պարտքն իր կողմից մարելու պայմանով: Համաձայնության գալուց հետո ստանձնած պարտավորությունը կատարելու համար Աշոտ Աթոյանը դիմել է ծանոթին՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի գրասենյակի պետ Արմեն Հարությունյանին եւ առաջարկել միջնորդել իրավասու պաշտոնատար անձանց՝ 500 ԱՄՆ դոլարով Նունե Գրիգորյանի օգտին դատական ակտ կայացնելու համար։ Արմեն Հարությունյանն իր հերթին, ի սկզբանե նպատակ ունենալով վստահությունը չարաշահելու եղանակով խարդախությամբ հափշտակել առաջարկված հիշյալ գումարը, 2019 թվականի հուլիսի 8-ին տվել է իր համաձայնությունը, որից հետո՝ 2019 թվականի հուլիսի 9-ին, Աշոտ Աթոյանը Երեւան քաղաքի Լենինգրադյան 38 շենքի դիմաց հանդիպման ժամանակ իր անձնական օգտագործման ավտոմեքենայում Արմեն Հարությունյանին է տվել խոշոր չափերով՝ 238.500 ՀՀ դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար կաշառքի գումարը՝ ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի իրավասու պաշտոնատար անձանց փոխանցելու համար, սակայն երկուսն էլ ծրագրած հանցագործություներն իրենց կամքից անկախ հանգամանքներում ավարտին չեն հասցրել եւ գումարը փոխանցելուց անմիջապես հետո բերման են ենթարկվել ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:

Մեղադրյալի աթոռին է հայտնվել նաեւ «Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային միություն» հասարակական կազմակերպության նախագահ Աշոտ Աթոյանը: Վերոնշյալ անձանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ երկրից չհեռանալու մասին:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ՆԱԽԿԻՆ ՊԵՏԻ ՈՐԴԻՆ

Armlur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել ՀՔԾ նախկին պետ Վահրամ Շահինյանի որդու՝ Երեւան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ Նարեկ Շահինյանի դանակահարության դեպքից:  Մասնավորապես, մեզ հայտնի է, թե ով է եղել պաշտոնյան, որ դանահահարել է ՀՔԾ նախկին պետ Վահրամ Շահինյանի որդի Նարեկ Շահինյանին, եւ ամենակարեւորը՝ որն է եղել պատճառը: Ինչպես նկատում ենք, Երեւանի քաղաքապետարանը արդեն մի քանի օր է, ինչ գործընթաց է սկսել տարբեր վարչական շրջաններում՝ ապամոնտաժելով  ապօրինի  կառուցված շինությունները:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Կենտրոնի թաղապետարանի  առեւտրի բաժնի պետը Կենտրոն վարչական շրջանի Տերյան-Իսահակյան խաչմերուկի հատվածում նախաձեռնել է ապամոնտաժել ծաղկի  վաճառքով զբաղվող կրպակներից մեկը, որը պատկանում է  ՀՔԾ  նախկին պետ Վահրամ Շահինյանի  որդուն՝ Նարեկ Շահինյանին: Նարեկ Շահինյանը, տեսնելով, որ իրեն պատկանող կրպակը ցանկանում են ապամոնտաժել, տհաճ խոսակցություն է ունենում Կենտրոնի թաղապետարանի առեւտրի բաժնի պետի  հետ, ինչի արդյունքում  սկվում է վիճաբանություն, ծեծկռտուք, եւ Նարեկ Շահինյանին դանակահարում են:

Հիշեցնենք, որ հունիսի 30-ին վիճաբանություն, ծեծկռտուք եւ դանակահարություն էր տեղի ունեցել Երեւանում։ Ժամը 01։30-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ գոտկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Հիվանդանոց են մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի, բաժնի պետի տեղակալ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երեւան քաղաքի բնակիչ 31-ամյա Նարեկ Շահինյանն է։ Մինչ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, Կենտրոնի ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ նա հիվանդանոց է տեղափոխվել Տերյան-Իսահակյան փողոցների խաչմերուկից, որտեղ տեղի է ունեցել վիճաբանություն ու ծեծկռտուք, որի ժամանակ էլ Ն. Շահինյանին դանակով հարվածել են։ Ըստ բժշկի հայտնածի՝ Ն. Շահինյանը ի վիճակի չէ կատարածի մասին հաղորդագրություն տալու։ Ն. Շահինյանն աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչությունում՝ որպես պետի տեղակալ։ Նրա հայրը Հայաստանի հատուկ քննչական ծառայության նախկին պետ Վահրամ Շահինյանն է։ Նրան դանակահարելու մեջ որպես կասկածյալ որոնվում է Կենտրոն թաղապետարանի բաժիններից մեկի պետը։ Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

 Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ՀԱՆՑԱՎՈՐ ԲԱՆԴԱ Է ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ

ՀՀ քննչական կոմիտեում ավարտվել է խարդախության դեպքի առթիվ քննվող քրեական գործով հինգ մեղադրյալի մասով նախաքննությունը:

 

Պարզվել եւ հիմնավորվել է, որ 2019թ. օգոստոսից 2020թ. հունիս ամիսների ընթացքում մի խումբ անձինք, միասնական դիտավորությամբ նախնական համաձայնության են եկել խարդախությամբ հափշտակություններ կատարելու շուրջ: Խմբի անդամները իրենց մտադրությունն իրագործելու համար, թաքցնելով դրանց հանցավոր բնույթը եւ իրական նպատակները, դիմել են համակարգչային ծառայություններ մատուցող անձին եւ վերջինիս միջոցով Facebook.com կայքում գրանցված էջերի օգտագործմամբ տարածել շահավետ պայմաններով վարկեր տրամադրելու վերաբերյալ հայտարարություններ, որոնցում իբրեւ վարկային ծառայություններ մատուցող ընկերություններ նշվել են ֆինանսական կամ վարկային կազմակերպություններ չհանդիսացող եւ ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում չգրանցված վարկային ընկերություններ:

Հայտարարությունների հիման վրա իրենց դիմած եւ վարկեր ստանալու ցանկություն հայտնած քաղաքացիներին հրավիրելով Երեւան քաղաքի տարբեր հասցեներում նախապես վարձակալված գրասենյակային տարածքներ՝ ներկայացրել են, թե, իբր, 30-35 տոկոս միջնորդավճարի դիմաց կարող են կազմակերպել տարբեր բանկերից եւ վարկային կազմակերպություններից նրանց անվամբ վարկային գումարների ստացումը կամ անուղղակի, այն է՝ դիմողի անվամբ ապառիկ եղանակով կենցաղային տեխնիկա եւ բջջային հեռախոսներ ձեռք բերելու, դրանք վաճառելու եւ ստացված գումարը տրամադրելու եղանակով ստացումը:

Այնուհետեւ, չարաշահելով իրենց դիմած քաղաքացիների վստահությունը՝ նրանց ուղեկցել են տարբեր բանկեր, վարկային եւ առեւտրային կազմակերպություններ, խաբեությամբ վերցրել նրանց տրամադրված վարկային գումարները, ապրանքները կամ դրանց ստացման կտրոնները՝ ներկայացնելով, թե, իբր, անհրաժեշտ է ստացված գումարները մուտքագրել գրասենյակ, կատարել վերջնահաշվարկներ, իրացնել ձեռք բերված ապրանքները, հաշվարկել միջնորդավճարների չափը, որից հետո ամբողջությամբ կտրամադրեն խոստացված գումարները, սակայն ստացված գույքը եւ գումարները հափշտակել են:

Մեկ այլ դեպքում վարկեր ստացած քաղաքացիներից խաբեությամբ վերցրել են որոշակի գումարներ՝ հայտնելով, թե, իբր, դրանց միջոցով հետագայում պետք է կատարեն տոկոսագումարների մարումներ, սակայն մարումներ չեն կատարել, իսկ վերցրած գումարները հափշտակել են: Իրենց հանցավոր գործունեության արդյունքում հափշտակված գումարները, ապրանքները կամ դրանց ստացման կտրոնները խմբի անդամները հանձնել են խմբի ղեկավարին եւ, որպես աշխատավարձ, ստացել որոշակի գումարներ: Նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ հանցավոր խմբի գործողություններից տուժած 28 անձանցից խարդախությամբ հափշտակվել է 17մլն ՀՀ դրամ գումար:

Խմբի անդամներից երկուսին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, եւս երեքին՝ 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով: Նշված հինգ մեղադրյալի մասով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան, իսկ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը՝ չհեռանալու մասին: Հանցավոր խմբի ղեկավարը ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ներգրավվել է որպես մեղադրյալ, եւ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:




Լրահոս