ՔԱՐՎԱՃԱՌԻ ԱՐԾԻՎԸ. ԼԻՊԱՐԻՏ ԴԱՇՏՈՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախյան երկրորդ պատերազմի հերոս  Լիպարիտ Դաշտոյանն այսօր պետք է զորացրվեր ծառայությունից եւ վերադառնար տուն, սակայն թշնամին եւ պատերազմը այլ պլաններ էին նախատեսել մեր նվիրյալների համար, ինչպես շատերը, այնպես էլ մերօրյա հերոս Լիպարիտ Դաշտոյանը պետք է դառնար հավերժի ճամփորդ եւ բռներ անմահության ուղին:

 

ArmLur.am-ը ներկա է եղել 22-ամյա հերոս Լիպարիտ Դաշտոյանի հիշատակի եւ հուշակոթողի բացման արարողությանը, զրուցել նրա քույրերի, զինակից ընկերների եւ հրամանատարի հետ:

Մերօրյա հերոսը երկու քույրերի ամենակրտսեր եղբայրն էր, բոլորի կողմից շատ սիրված եւ խնամքով հոգ տարված միակ արու զավակն էր: Դեռ մանկուց նա շատ է աչքի ընկել իր աշխուժությամբ, սրամիտ հայացքով եւ խելացիությամբ: Մեծ քույրը՝ Ջուլիան, որը նկարիչ է եւ բավականին մեծ է եղբոր համեմատ, ArmLur.am-ի հետ զրույցում պատում է, որ Լիպոյին մեծացրել է ինչպես իր երեխայի, այլ ոչ թե եղբոր:

«Այնքան լուսավոր էր, այնքան բարի, դրական, իր հետ մարդ չէր կարող ձանձրանալ կամ տխուր լինել: Մանուկ հասակից հաճախել է գրեթե բոլոր սպորտաձեւերին, բայց իրեն գտավ հատկապես ֆուտբոլային ոլորտում, խաղում էր «Ալաշկերտ-2»-ում, իսկ Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտն ավարտելուց հետո մեկնեց ծառայության՝ իր պարտքը կատարելու հայրենիքի նկատմամբ: Ծառայում էր Վարդենիսում, շատ էր սիրում ծառայությունը, շատ ընկերներ ուներ, իրեն լավ էր զգում ծառայության վայրում, բայց… Սեպտեմբերի 27-ին հակառակորդի կողմից սանձազերծված լայնամասշտաբ պատերազմին Լիպոյիս իր ընկերների հետ տանում են Քարվաճառ՝ բարձրացնելով Օմարի բարձրադիր լեռնանցք, որտեղ էլ հոկտեմբերի 2-ին, թշնամու հետ թեժ մարտի բռնվելով, արիաբար զոհվել է: Մեր լույսն այդ օրվանից խավարեց… Եվ հիմա քեֆ ուրախության փոխարեն հիշատակի արարողություն ենք անում, ու չեմ հասկանում՝ ինչի համար: Ես երբեք չեմ կարողանա նրա մասին անցյալով խոսել, նա ապրում է իմ մեջ, մեր բոլորի մեջ: Լիպոս իր տեսակով շատ լուրջ էր, շատ զուսպ, բակում, թե բակից դուրս ուներ մեծ շրջապատ, բոլորը գիտեին իր հասնող տեսակի մասին ցանկացած իրավիճակում»,- արցունքն աչքերին՝ պատմեց ավագ քույրը:

Լիպարիտի մարտական ընկեր Գրիգոր Մելքոնյանը, որը մինչեւ վերջին պահը եղել է նրա կողքին, հիշում է, որ վերջին  անգամ իրար գրկել եւ հրաժեշտ են տվել. «Իրար գրկեցինք, հաջողություն մաղթեցինք: Ես երբեք չեմ մոռանա իր մարդ տեսակը, իր նման ընկերոջ հիմա շատ քիչ կարող ես հանդիպել»:

Իսկ, ահա, հերոսի հրամանատար, գնդապետ Արման Թովմասյանը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ Քարվաճառն անառիկ մնաց Լիպարիտի եւ նրա նման քաջ զինվորների անձնուրաց պայքարի շնորհիվ:

«Նա ինքն ընտրեց բարձրանալ դրիքեր, իր ցանկությամբ մխրճվեց թշնամու արկերի մեջ, այնպիսի անհաղթահարելի վայրերով է իր տանկը վարել, որ անգամ դժվար էր ոտքով քայլելու համար: Նրա կատարածն իսկապես սխրանք է»,-նշեց գնդապետը:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

ՀԱՄԱԼՐՎԵԼ Է ՆՈՐ ԱՈՒԴԻՈԳԻԴՈՎ

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ Վանաձորի կերպարվեստի թանգարանը համալրվել է 20 նոր աուդիոգիդով։ Մինչ այս զբոսաշրջիկների մեծ հոսքի դեպքում անհրաժեշտ էր նախապես հերթագրվել, քանի որ թանգարանն ուներ միայն մեկ օտարալեզու էքսկուրսավար: Այժմ նախապես հերթագրվելու կարիք չկա. թանգարանի ցուցանմուշների վերաբերյալ ամբողջ ինֆորմացիան նախապես մշակվել, թարգմանվել եւ ձայնագրվել է աուդիոգիդերում՝ հայերեն, անգլերեն, ֆրանսերեն եւ ռուսերեն լեզուներով։ «Աուդիոգիդի կիրառությունը թանգարաններում բավականին տարածված է եւ հնարավորություն է տալիս, որպեսզի այցելուներն ինքնուրույն շրջայց կատարեն թանգարանում, ինչը շատ հագեցած եւ գրավիչ է դարձնում շրջայցը։ Թանգարանների այցելուները շատ են, եւ հաճախ գիդերի քանակը չի բավարարում տրամադրել այս կամ այն նկարի ինֆորմացիան: Այս դեպքում օգնության են գալիս աուդիոգիդերը։ Ուրախալի է, որ աուդիոգիդերը մարզերում եւս կիրառելի են դառնում»,- նշում է «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը: «Լավ հնարավորություն է, քանի որ օտարալեզու էքսկուրսիաների համար պետք է նախօրոք հերթագրվեին, պայմանավորվեին, որ կարողանայինք ապահովել: Հիմա այդ խնդիրն այս ծրագրով չենք ունենա նաեւ անհատ զբոսաշրջիկների համար։ Ու ամենակարեւորը՝ մեր այցելուն աուդիոգիդի հետ ինքն է թանգարանում որոշում իր երթուղին, թե որ աշխատանքից ու հեղինակից մեկնարկի»,- նշում է Վանաձորի կերպարվեստի թանգարանի փոխտնօրեն, տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Տաթեւիկ Բաղրամյանը:

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է «Ակբա» բանկի, ֆրանսիական «Կրեդիտ Ագրիկոլ»-ի, «Կրեդիտ Ագրիկոլ» ազգային ֆեդերացիայի եւ Գիշյան ընտանիքի կողմից: Հիմնադրամի ծրագրերն ուղղված են հայ-ֆրանսիական կապերի ամրապնդմանը, Հայաստանի սոցիալ-տնտեսական, գիտակրթական, մշակութային, առողջապահական համակարգերի բարելավմանն ու կատարելագործմանը:

 

 

 




Լրահոս